
ԲՏԱ նախարարն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օրերս այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։
Նախարարն ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, այդ թվում նաև այցելել է Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Creedrooms-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, բիզնես գործունեությանը, քննարկել նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը և դրանց ՏՏ անվտանգությանը վերաբերող հարցեր։
Շրջայցից հետո շնորհանդեսի ձևաչափով նախարարին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ընդհանուր հայեցակարգը, նշվել է, որ ընկերության 50-ից ավելի պրոդուկտները մշտապես զարգանում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով:
Ընկերության տեխնիկական գծով ղեկավար Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ՏՏ անվտանգության զարգացման միտումները, կիբեռանվտանգության ոլորտում ընկերությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են կիբեռգրոհների հիմնական թիրախները և դրանց դեմ պայքարի տեղական լուծումները, որոնց հիմքում հսկայական տվյալների վերլուծությունն օպտիմալացնող մեքենայական ուսուցման ալգորիթմերն են։ Անդրադարձ է եղել նաև վստահելի ու անվտանգ թվային էկոհամակարգի ստեղծման գործում կառավարության դերին, որը կենսական նշանակություն ունի ՏՏ անվտանգության համար։
Նորարար լուծումներ մշակելու և գաղափարներն իրական բիզնես պատմությունների վերածելու շնորհիվ «Սոֆթ Կոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն այժմ առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են՝ շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներով, ավելի քան 10 ապրանքանիշով և 16 ներկայացուցչական գրասենյակներով՝ 5 մայրցամաքներում։
Ընկերությունները գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության և այլ ոլորտներում