
Բաքվում ազատությունից ապօրինի զրկված քաղաքացու ընտանիքը Պաշտպանի աջակցությամբ ստացել է սոցիալական աջակցություն

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի դատապարվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում։
Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել են ուսումնասիրություններ։
Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։
Պաշտպանի արագ արձագանքման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։