Բասկերի երկրի խորհրդարանում լսումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
Բասկերի երկրի խորհրդարանի եվրոպական հարցերի և արտաքին գործերի հանձնաժողովը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ, իսպանահայ իրավաբան Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի խնդրանքով տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։
Գրիգորյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պատասխանատվություն է, որը գերազանցում է քաղաքական, մշակութային և էթնիկ տարբերությունները:
«Անկախ մեր ծագումից՝ կարևոր է, որ մենք միավորվենք այս ընդհանուր գործում: Էթնիկ զտումներն ուղղակի ոտնձգություն են մարդկային արժանապատվության և ամենահիմնական իրավունքի` կյանքի իրավունքի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները միջազգայնորեն պաշտպանության կարիք ունեն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմով»,- ասել է իրավաբանը։
Գրիգորյանը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների անկախ հետաքննության օգտին՝ պնդելով, որ այս իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումը վճռորոշ է Հայոց նոր ցեղասպանության հնարավորությունը կանխելու համար։