Բաժիններ՝

Բայդենը Կատարի էմիրի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման և ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման հարցը։

Այդ մասին ասված է բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Երկու ղեկավարները քննարկել են խաղաղ բնակչության պաշտպանության և Գազայի հատված խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության անընդհատ հոսքի մեծացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Բայդենը երախտագիտություն է հայտնել Կատարին և անձամբ Շեյխ Թամիմին ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու`ավելի վաղ ձեռնարկած ջանքերի համար:

«Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն», – հավելել են Սպիտակ տանը։

Բայդենը «վերահաստատել է իր տեսլականը պաղեստինյան պետության ապագայի վերաբերյալ»՝ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գոյակցության շրջանակներում։

«Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն արդեն վաղուց խոչընդոտ է այդ նպատակին հասնելու համար: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ ավելի խաղաղ, անվտանգ, բարգավաճ և կայուն մերձավորարևելյան տարածաշրջանի ընդհանուր տեսլականը խթանելու համար», – նշված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս