Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:Մասնավորապես գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն», գրում է interfax.az-ը։

«Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել։ Երբ սկսվեց ղարաբաղյան ճգնաժամը, և ղարաբաղցիները եկան Հայաստան, մի խումբ փախստականներ գտնվում էին Կապանում, ես գնացի և հարցրեցի նրանց, թե ինչու են լքել այդ տարածքը, և նրանք ասացին, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ Երկիրը, որը մյուսներին իր քաղաքացին է անվանում, պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ մարդիկ իրենց ապահով զգան և չլքեն այդ տարածքը, այդ հողը։ Մենք Ղարաբաղի ժողովրդի օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն ենք»,- ասել էր նա։

Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։

«Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանութունը և դեմ ենք այն ամենին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապված է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում հատուկ իրավաբանական նշանակություն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են հատուկ իմաստով և գաղտնի մտքեր են թաքցնում իրենց հայտարարությունների հետևում»,- ասել էր դեսպանը։

Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

«Մենք դեմ ենք այն հաղորդակցություններին ու ուղիներին, որոնք դուրս են գալիս Հայաստանի ինքնիշխանության շրջանակներից և կասկածի տակ են դնում Հայաստանի անկախությունը։ Մեր տեսանկյունից՝ անընդունելի է այն ճանապարհը, որը չի գտնվում Հայաստանի վերահսկողության և ինքնիշխանության ներքո»,- ասել էր Մեհդի Սոբհանին։

Տեսանյութեր

Լրահոս