Դեպի ո՞ւր կթեքվի Սերգեյ Մարաբյանի հեղինակության նժարը ու հանուն ինչի՞, ո՞ւմ անունը կլինի ՔՊ-ի ստացած SMS հաղորդագրության մեջ

2023 թ. նոյեմբերի 8-ին դռնփակ նիստում քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը և Ազգային ժողովին (ԱԺ) առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:

Ցուցակում, բնականաբար, 3 անուն է, 3 ուշագրավ անուն՝ օրեր առաջ ԱԺ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր չընտրված Մանվել Շահվերդյան, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ չընտրված Ռուբիկ Մխիթարյան և Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Սերգեյ Մարաբյան:

Այս եռյակից մեկ դատավոր պետք է դառնա Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր, և դա, իհարկե, Մանվել Շահվերդյանը չէ: Վերջինս սովոր է ԱԺ գնալ որպես ուղեկցող, ելույթ ունենալ, 0 ձայն ստանալ, մուննաթ գալ լրագրողների վրա ու գնալ հերթական դատական ակտը կայացնելու: Թերևս Արտուշ Գաբրիելյանի մոտ երկար տարիներ օգնական աշխատած Մանվել Շահվերդյանը շատ բաներ է յուրացրել իր նախկին աշխատավայրում:

Կարդացեք նաև

Մանվել Շահվերդյանին ԱԺ ձեռնունայն գնալ-գալու ու էլի շատ բաների համար, իհարկե, վարձահատույց կլինեն: 168.am-ի տեղեկություններով՝ նրան կտանեն Վերաքննիչ դատարան:

Վճռաբեկ դատարան չի գնա նաև Սերգեյ Մարաբյանը… Մի պարզ պատճառով… Որովհետև ցուցակում կա Ռուբիկ Մխիթարյան, ում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վաղուց է խոստացել պաշտոնեական առաջխաղացում: Եվ հատկապես ԲԴԽ անդամի ընտրությունների՝ Ռուբիկ Մխիթարյանի համար անփառունակ արդյունքներից հետո հիմա առնվազն կոռեկտ չի լինի ևս մեկ անգամ «գցել» Ռուբիկ Մխիթարյանին: Ի վերջո, բարդ ժամանակներ ենք ապրում, առջևում դեռ շատ անելիք ունեն:

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան… Նոր ժամանակներում՝ Տաթև Վիրաբյան: Այս անձինք ազատազրկվել կամ ազատազրկված են մնացել հենց Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ:

Այնպես որ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրության օրը SMS հաղորդագրությամբ կստանա Ռուբիկ Մխիթարյանի անունը ու միաձայն կքվեարկի հենց նրա օգտին:

Սերգեյ Մարաբյանը ոչ Մանվել Շահվերդյան է, ոչ էլ, առավել ևս՝ Ռուբիկ Մխիթարյան՝ թե իր մասնագիտական որակներով, և թե դատավորի աշխատանքի ու դատավորի անկախության մասին իր պատկերացումներով: Ուրեմն ո՞րն է Սերգեյ Մարաբյանի մոտիվացիան՝ Ռուբիկ Մխիթարյանի համար որպես վարագույր ծառայելու: Դա, նախ, ամոթալի է, ապա՝ հակաբարոյական, ու Սերգեյ Մարաբյանը դա չի կարող չհասկանալ:

Սերգեյ Մարաբյանի վարույթում այսօր էլ կան քաղաքական հնչեղության գործեր, որոնցով վերջինս դեռ վճիռ պետք է կայացնի: Արդյո՞ք նրան ամեն դեպքում խոստացվել է վճռաբեկյան առաջխաղացում, դժվար է ասել, բայց առավել դժվար է դրան հավատալը: Հետևաբար՝ ինչո՞ւ է Սերգեյ Մարաբյանը համաձայնել գնալ ԱԺ, ուղեկցել Ռուբիկ Մխիթարյանին, ելույթ ունենալ ԱԺ-ում, պատասխանել ՔՊ-ական պատգամավորների՝ իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող հարցերին ու հեռանալ՝ «0» ձայն ստացած:

Սրանք հարցեր են, որոնց Սերգեյ Մարաբյանն անխուսափելիորեն ստիպված է լինելու պատասխանել ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի ընտրությունից հետո:

Հասկանալի է՝ նժարին շատ բան է դրված, և դատավորներն այսօր ստիպված են իրենց բուն աշխատանքը կատարելուց զատ, նաև կամային բացառիկ որակներ ցուցաբերել ու դեմ դուրս գալ կացնային համակարգին, սակայն այդ նույն նժարին դրված է նաև տարիներով, կաթիլ-կաթիլ ձեռք բերված հեղինակությունը: Եվ այդ հեղինակությունը ծառայեցնե՞լ Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի անառողջ նպատակներին, թե՞ ոչ, որոշում է բացառապես Սերգեյ Մարաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս