«Դ-20» դիվիզիոնի կորուստները բացառապես դիվիզիոնի հրամանատարության թերացման արդյունք են. Ջալալ Հարությունյանը դրա հետ որևէ կապ չունի. Արսեն Սարդարյան
«Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական փորձաքննության արդյունքներն արդեն ստացել ենք: 15-30 տարի փորձառություն ունեցող սպաներ են եղել փորձագիտական խմբում: Նրանք միանշանակ եզրակացություն են տվել, որ Ջալալ Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքները բացարձակապես հիմնազուրկ են: Խոսքը գնում է հակահարվածի մասին, որով Ջալալ Հարությունյանին մեղադրում են, որ ուժերի հարաբերակցությունն անհամաչափ է եղել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:
Վերջինս նշեց՝ այդ մեղադրանքով վարույթը կարճվել է, ու քրեական հետապնդումը՝ դադարեցվել, սակայն նոր քրեական վարույթ է հարուցվել, որն ըստ էության նախկինի շարունակությունն է:
«Դ-20 դիվիզիոնի կորուստները բացառապես դիվիզիոնի հրամանատարության թերացման արդյունք են: Ջալալ Հարությունյանը դրա հետ որևէ կապ չունի: Քրեաիրավական առումով այստեղ որևէ խնդիր՝ Ջալալ Հարությունյանի հետ կապված, չկա: Եվ այս մասին նաև ստացել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի գրավոր կարծիքը, ով նույնպես նշել է՝ Ջալալ Հարությունյանը որևէ հանցանք չի կատարել»,- ասաց Արսեն Սարդարյանը:
Պաշտպանը նկատեց՝ նոր մեղադրանքում փորձագիտական եզրակացությունից որևէ տվյալ չկա, և դա՝ այն պատճառով, որ եթե դրա արդյունքները լինեին, մեղադրանքը պիտի կարճվեր:
«Ջալալ Հարությունյանը չի ասել՝ մերոնք են, ասել է՝ պետք է որ մերոնք լինեն»,- Ջալալ Հարությունյանին մեղսագրվող դրվագներից մեկի վերաբերյալ ասաց Արսեն Սարդարյանը: Խոսքն այն մասին է, որ մոտեցող ադրբեջանցիները ներկայացվել են՝ որպես հայ զինծառայողներ:
Պաշտպանը, ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասաց, որ հակահարձակման Ջալալ Հարությունյանի ծրագրին բանավոր համաձայնություն է տվել նաև Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ իշխանությունների կողմից «ճամփորդական անձնագիր» համարված Արցախի Հանրապետության անձնագիր ունեցող Ջալալ Հարությունյանը ՀՀ-ում այդ անձնագրով բարձր պաշտոնի նշանակվել, Արսեն Սարդարյանն ասաց՝ դա այս ասուլիսի թեմայից դուրս հարց է, սակայն, իր կարծիքով՝ դավաճանություն կլինի Արցախի անձնագրով մարդուն ասել՝ դու ՀՀ-ում չես կարող պաշտոն զբաղեցնել:
«Արցախի մեր հայրենակիցներին պետք է բարձր պաշտոններ տրամադրվեն: Իրավունքների առումով որևէ սահմանափակում չպետք է տեսնեն: Սրա մասին որևէ խոսք լինել չի կարող, ու հակառակի մասին մտածելն արդեն իսկ վտանգավոր է»,- ասաց Արսեն Սարդարյանը:
Պաշտպանն ասաց՝ դատական նիստերը դռնփակ անցկացնելու համար ինքը՝ որպես պաշտպան, չի միջնորդելու, հույս ունի՝ Ջալալ Հարությունյանը կկիսի իր մոտեցումը:
«Բայց ես դեռ հույս ունեմ՝ այս գործը դատարան չի մտնի: Եթե գնաց դատարան, ես պնդելու եմ, որ նիստերը լինեն հրապարակային»,- ասաց Արսեն Սարդարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: