Արցախի ԱԺ խմբակցություններն առաջիկայում կարող են հանդիպում անցկացնել. Մետաքսե Հակոբյան

Արցախի հայաթափումից հետո ՀՀ իշխանությունները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, թե Արցախի որևէ պետական ինստիտուտի գործունեությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Այդպիսի հայտարարություն օրերս արել էր նաև երբեմնի ընդդիմադիր, այժմ՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ ՀՀ ներկա իշխանությունները դեռևս չեն իրականացրել Արցախի հարցի վերջնական փակման իրենց առաքելությունը: Ըստ նրա՝ նրանք դրան այժմ փորձում են հասնել ահաբեկումների ու շանտաժի միջոցով: Պատգամավորը վստահեցնում է՝ չի հաջողվելու:

«Դա իրականացնելու համար իրենց դեռ խանգարում են Հայաստանում գտնվող արցախահայերը, Արցախի Ազգային ժողովը: Նրանց հաջորդ քայլը պետք է լինի արցախահայերի ձուլումը կամ սփռումն աշխարհով մեկ, ինչպես նաև պետական այն ինստիտուտների վերացումը, որոնք հնարավորություն ունեն գործելու ու պահանջատեր լինելու: Այդ ամենը նրանք անում են՝ հասարակության մեջ սերմանելով վախի մթնոլորտ: Իսկ այն թեզը, թե Արցախը կամ Արցախի շուրջ գոյություն ունեցող որևէ գործընթաց կարող են վտանգ լինել ՀՀ-ի համար՝ բացառված է: Արցախն իր գոյությամբ իսկ անվտանգության գլխավոր երաշխավորն է միշտ եղել՝ Հայաստանի Հանրապետության համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Մ. Հակոբյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն միջազգային հարթակներում ներկայանալի է եղել առավելապես հենց նաև՛ Արցախյան հիմնախնդրի համատեքստում:

Մեր զրուցակիցը հերթական անգամ ցավով արձանագրեց, որ ՀՀ ներկա իշխանությունները հայկական օրակարգից հանում են Արցախի հարցը՝ չգիտակցելով, որ առանց Արցախի՝ Հայաստանը պարզապես չի կարող գոյություն ունենալ: Ինչ վերաբերում է Արցախի լուծարման վերաբերյալ փաստաթուղթն անվավեր ճանաչելու գործընթացին՝ Հակոբյանն ասաց, որ այս ուղղությամբ պետք է պայքարել միասնական ճակատով:

Կարդացեք նաև

«Արցախի հարցը ներկայիս ո՛չ ԱԺ-ն, ո՛չ էլ իշխանություններն են բացել: Նրանց մեծամասնությունն անգամ որևէ մասնակցություն չի ունեցել Արցախի ազատագրմանն ու պայքարին: Հետևաբար՝ այսօր որևէ մեկն իրավունք չունի որոշելու Արցախը լուծարելու կամ այդ հարցը փակելու հարցը: Պետք չէ ո՛չ շանտաժից ընկրկել, ո՛չ վախի մթնոլորտում հայտնվել: Պետք է գործել, որպեսզի թույլ չտանք փակել Արցախի հիմնահարցը: Որովհետև Հայաստանը վտանգվելու է հենց ա՛յդ պարագայում: Չպետք է նաև մոռանալ, որ մենք խորհրդանիշներ ու այլ հայրենակիցներ ունենք Բաքվի բանտերում, ու ցանկացած քայլ պետք է բխի նաև նրանց չվնասելու սկզբունքից»,- վստահեցրեց արցախցի պատգամավորը:

Հարցին, թե ինչ անելիքներ ունի այդ առումով Արցախի ԱԺ-ն, ու ինչո՞ւ մինչև հիմա նիստ չի հաջողվում հրավիրել՝ Հակոբյանն ասաց, որ այդ ուղղությամբ այժմ քննարկումներ են ընթանում:

«Խնդիրն այն էր, որ մենք միմյանց հանդիպելու խնդիր ունենք՝ պայմանավորված տեղակայման վայրերի հեռավորությամբ: Բացի այդ, կան նաև մարդիկ, որոնք արդեն Հայաստանում չեն: Բայցչեմ կարծում, որ դա կարող է խոչընդոտ լինել առաջիկայում հանդիպում անցկացնելու հարցում: 33 պատգամավորներից 22-ը հավաքվել են, ու գործընթացների մեկնարկը կարելի է տալ: Իմ տեղեկություններով՝ իշխանական ամենամեծ խմբակցությունն է փորձում համակարգել առաջիկա նիստի կազմակերպման աշխատանքները, որպեսզի կարողանանք հանդիպել ու որոշումներ կայացնել առկա իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ, չունենալով ՀՀ գրանցում՝ իրենք հնարավորություն չունեն քաղաքական գրանցմամբ գործունեություն ծավալելու:

Այդուհանդերձ, նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում այդ խնդիրների լուծմամբ նույնպես կզբաղվեն: Միևնույն ժամանակ Հակոբյանը հայտնեց, որ այս ընթացքում իրենց սոցիալական հարթակների միջոցով ահաբեկում են՝ փորձելով խոչընդոտել հետագա գործունեությունը:

Ինչ վերաբերում է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ադրբեջանական զինվորական շքերթին, Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այդ պատկերները պետք է ցասում առաջացնեն հայ ազգի մոտ, որպեսզի չդադարեն գործուն քայլերը՝Արցախը հետ բերելու ուղղությամբ:

«Հիմա պետք է ունենալ ոչ թե ուժեղ ընդդիմություն, այլ իրապես հզոր ու ազգային իշխանություն, որը կունենա Արցախը հետ բերելու գործուն ու ազգանվեր ծրագիրը»,- վստահություն հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս