Նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը Հարավային Կովկասում լուրջ խնդիրների բախվեց․ վերլուծաբան

Այսօր լրանում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցման՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին։

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ստորագրած փաստաթղթով 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը կանգնեցրին զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Չնայած Արցախի տոտալ հայաթափմանը և խաղաղապահների կողմից իրենց տեխնիկան վերանորոգման նպատակով ՌԴ ուղարկելու փաստին, այս երեք տարիների ընթացքում այս հայտարարությունը շարունակում է մնալ ամենաառանցքային փաստաթուղթը, որով հայկական կողմն իր ստանձնած բոլոր պարտավորությունները և զիջումները կատարել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պատերազմից երեք տարի անց կողմերը և աշխարհը լիովին այլ հանգրվանի վրա են։ Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Երևանում շատ քննադատված է, բայց փրկել է կողմերին հետագա զոհերից և դրել կարգավորման որոշակի ճանապարհային քարտեզ՝ հաշվի առնելով պատերազմական այն իրավիճակը, որում կողմերն էին։ «Բնականաբար, հայկական կողմը, որը ծանր կորուստներ կրեց, պետք է դժգոհ լիներ այդ փաստաթղթից, քանի որ պարտված կողմի համար երբեք հնարավոր չի լինում լավ փաստաթուղթ պատրաստել։ Մյուս կողմից՝ երեք տարի ԼՂ հայ բնակչությունը կարողացել է լուրջ կորուստներից խուսափել, քանի որ խաղաղապահներ են տեղակայվել, չնայած նրանց գործունեությունից ևս շատերը դժգոհ մնացին։ Սակայն Ռուսաստանն արեց այն, ինչ կարողացավ։

Կարդացեք նաև

Ցանկանում եմ խոսել նաև այն բարդությունների մասին, որոնց բախվեց ռուսական կողմն այս պատերազմից ու համաձայնագրից հետո՝ քննադատություններ, ցնցումներ հայ-ռուսական հարաբերություններում, խաղաղապահների մանդատի բացակայություն և բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, որում ՌԴ խնդիրն էր թույլ չտալ իր համար նոր լարվածության օջախի բացում, ինչից Ուկրաինայում բաց խոսում էին։ Ռուսաստանն իր ուժերի և հնարավորությունների ներածին չափով փորձել է դիմադրել վտանգներին, պահպանել իր ներկայությունը ԼՂ-ում, ստանալ հավելյալ լծակներ, որին զուգահեռ՝ ՀՀ-ն Արևմուտքում այլ պայմանավորվածություններ էր ձեռք բերում։ Եվ սրանով արդեն բարդացավ խաղաղապահների ամրապնդման գործընթացը, և հետագայում արդեն փորձությունների մեջ հայտնվեց բնակչությունը»,- ասաց Եվսեևը։

Նա նշեց, որ ըստ էության իրականացված չէ նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետը, որով նախատեսվում է ռեգիոնալ կապուղիների բացում։

«ՌԴ-ն, ինչպես նախկինում, ներկայումս էլ պատրաստ է աշխատել կողմերի հետ, սակայն այս տարիների ընթացքում դա կայուն ու մշտական աշխատանք չի եղել, այլ եղել են Բրյուսել-Մոսկվա թռիչքներ, բովանդակային տարբեր խոսակցություններ, իսկապես բարդ իրավիճակ, այս ամենի հետ՝ Ուկրաինայում տիրող ծանր իրավիճակը, որը Ռուսաստանի համար թիվ մեկ խնդիր է, որից կախված է ՌԴ ապագան և ՌԴ ապագա քաղաքական ուրվագծերը։

Աշխարհաքաղաքական նման իրավիճակում ցանկացած փաստաթուղթ դատապարտված է անհաջողության, քանի որ չկան միջազգային վերահսկողական կայուն մեխանիզմներ, ինչպես նաև կայուն աշխարհաքաղաքական միջավայր։ Այնուամենայնիվ, պատերազմից երեք տարի անց սա միակ համակարգային փաստաթուղթն է, նույնիսկ ավելի հիմնավոր, քան դրանից հետո բանակցված մյուս երկու փաստաթղթերը, որոնց մասին որևէ մեկը չի հիշում»,- ասաց նա։

Եվսեևի խոսքով, քաղաքական կամքի և Ռուսաստանի հետ հիմնավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, խնդիրների կարգավորման դեպքում կարելի է հասնել դրական պայմանավորվածությունների։

«Նման հնարավորություններ կան, սակայն հարց է, թե ինչ են ցանկանում կողմերը, Ռուսաստանը միայնակ ոչինչ չի կարող անել և պարտադրել կողմերին»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս