Խաղաղության խաղատուն

Նիկոլ Փաշինյանի հերթական մեգամտասևեռումը «Խաղաղության խաչմերուկն» է, որը նա բոլոր հնարավոր հարթակներից ներկայացնում է առաջին անգամ հեծանիվ տեսած երեխայի ոգևորությամբ։

Այդ՝ որպես նախագիծ ներկայացվող ցանկամտության գովազդին լծվել է ողջ պետական կառավարման համակարգը․ արտգործնախարարն ասում է, թե դա լինելու է ԱԳՆ-ի առաջնահերթությունը, կառավարության անդամները հաշվում են դրանից ստացվելիք օգուտները, ՔՊ-ական կոլեկցիոներներն այն համեմատում են հնաոճ կտավի տակ հայտնաբերված գանձի հետ։

Խնդիրը «Խաղաղության խաչմերուկի» հայտարարվող նպատակները չեն․ թղթի վրա դրանք գեղեցիկ են հնչում, ապահովելու են տարածաշրջանի բոլոր ժողովուրդների երջանիկ ու կուշտ կյանքը։ Խնդիրն այդ ծրագրի իրատեսականությունն է ոչ միայն ու ոչ այնքան՝ տեխնիկական լուծումների, որքան՝ դրանում ենթադրաբար ներգրավվելիք երկրների քաղաքական շահերի իմաստով: Իսկ այդ հարթությունում պատկերն այնքան լուսավոր չէ, որքան «Խաղաղության խաչմերուկի» փաշինյանական շնորհանդեսը։ Տարածաշրջանի երկրներից առնվազն երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ցանկանում են համանման կոմունիկացիոն նախագիծ իրականացնել և արդեն իսկ այդ ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում, այն տարբերությամբ, որ նրանց նախագծում Հայաստանը չկա։

Իրանը, որ ընդհանուր առմամբ կարող է շահագրգիռ լինել այդ նախագծի հայկական տարբերակով, սկզբունքորեն դեմ չէ նաև ադրբեջանաթուրքական մոդելին, ինչը, որոշակի տարբերություններով, կարելի է ասել նաև տարածաշրջանային մյուս խոշոր խաղացողի՝ Ռուսաստանի համար։ Եվ, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանն այս նախագծի իրականացումը պատկերացնում է արևմտյան հովանու ներքո, ինչը կրկնակի խոցելի է դարձնում դրա շահեկանությունը Հայաստանի համար։

Կարդացեք նաև

Մի կողմից՝ արևմտյան գլոբալ քաղաքականությունը խարսխված է ռեգիոնում Թուրքիայի շահերի դոմինանտության վրա, որից ոչ ուղղակիորեն, այդուհանդերձ ածանցվում է նաև Ադրբեջանի շահերի հաշվառումը։ Մյուս կողմից՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Իրանի ու Ռուսաստանի համար չի կարող ընդունելի լինել արևմտյան հովանավորությամբ իրականացվող նման մասշտաբային նախագիծ, որի վերջնանպատակն այդ երկու երկրների դիրքերի թուլացումն է։ Ամեն առիթով «տարածաշրջանայնացման» մասին խոսող Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրականացնել տարածաշրջանային այնպիսի մեգանախագիծ, որը սկզբունքորեն դեմ է ռեգիոնի երկու խոշոր խաղացողների շահերին, և որը, անգամ իրականանալու դեպքում, կարող է կայանալ միայն Հայաստանի փաստացի թշնամիներին բավարարող պայմաններով։

Այս գործոններով պայմանավորված, «Խաղաղության խաչմերուկն» իրականում մեգախաբեություն է, որը նման է վերջացած խաղամոլի կողմից իր վերջին կարողությունը խաղադրույք կատարելու արկածախնդրությանը, որը հիմնված է խաղատան սեփականատերերի մրցակիցներից ակնկալվող ենթադրյալ օգնության հաշվարկի վրա։

Նրա առաջարկած նախագիծն այդ առումով ոչ թե խաղաղության խաչմերուկ է, այլ խաղաղության խաղատուն։ Եվ քանի որ կազինոներում ոչ թե խաղաղություն է իշխում, այլ դաղալությունը, Հայաստանին սրա արդյունքում սպառնում է միջին վիճակագրական վերջացած խաղամոլի ճակատագիրը։ Բայց դա Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հուզում, որովհետև նա խաղասեղանին է դնում ոչ թե սեփական ինչքը, այլ Հայաստանի Հանրապետությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս