Պալիատիվ խնամքի բժիշկը պատմել է, թե ինչ է մարդը զգում կյանքի վերջին րոպեներին
Պալիատիվ խնամքի բժիշկ Քեթրին Մաննիքսը, ով 30 տարի աշխատել է հոսպիսային խնամքի ոլորտում, նկարագրել է, թե ինչ է ապրում մարդը կյանքի վերջին րոպեներին: Մասնագետի հետ հարցազրույցը, ըստ shantnews-ի՝ հեռարձակվել է BBC RADIO 4-ի եթերում:
Ըստ Մաննիքսի՝ մահացող մարդը շատ է քնում, և սա առաջին բանն է, որ տալիս է հուշում կյանքի ավարտի մասին։
«Այն, ինչ կատարվում է, կարելի է համեմատել հին բջջային հեռախոսի աշխատանքի հետ, որի մարտկոցը նույնիսկ լիցքավորիչին միանալուց հետո չի լիցքավորվում»,- ասում է բժիշկը։
Նա բացատրել է, որ քունը, ջուրն ու սնունդն այլևս չեն կարողանում փոխհատուցել ուժի պակասը, մարդն ամեն օր ավելի շատ է քնում և աստիճանաբար նրա քունը վերածվում է ուշագնացության։
Մաննիքսը նշել է, որ, ի տարբերություն ֆիլմերի, իրականում կյանքի վերջում անգիտակից վիճակները զուրկ են դրամայից։ Մարդիկ վախ կամ ափսոսանք չեն զգում։
«Նրանք պարզապես չեն գիտակցում տարբերությունը: Դա ոչ թե սարսափելի հոգեվիճակ է, այլ ոչինչ չիմանալու զգացում»,- ասում է Մաննիքսը:
Բժիշկը հավելել է, որ պալիատիվ հիվանդների հարազատներին հաճախ վախեցնում է նրանց ընդհատվող, երբեմն խռպոտ շնչառությունը։ Նրանց թվում է, թե մարդը ցավ է զգում, տհաճություն է զգում կամ շնչահեղձ է լինում։ Իրականում, ասում է Մաննիքսը, շնչառությունը կապված է ուղեղի հետ, ուստի այն կարող է դառնալ խորը և դանդաղ, կամ մակերեսային և արագ:
«Հենց վերջում սովորաբար լինում է դանդաղ շնչառության փուլ: Ինչ-որ պահի մարդը կշնչի և նորից չի շնչի։ Դա կլինի վերջ, բայց ոչ բոլորովին այն վերջը, որը ցույց է տալիս Հոլիվուդը»,- եզրափակել է Մաննիքսը։
Նա հավելել է, որ կյանքի վերջին րոպեների մասին փաստերի իմացությունը տխուր է, բայց գուցե դա կօգնի ազատվել վախերից։