ՔՊ-ի վերարտադրման ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ՝ քրեական պատասխանատվություն, անձնագրերով քվեարկության արգելք, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրությունների անժամկետ դադարեցում

Այս տարվա հոկտեմբերի 18-ից իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում հերթական անգամ «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ էր քննարկվում: Քննարկման վերջնաժամկետը նոյեմբերի 2-ն էր:

Ըստ այդմ առաջարկվում էր փոփոխություններ կատարել տարբեր իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում, այդ թվում՝ արտակարգ և ռազմական դրության դեպքում ընտրությունների նշանակման և անցկացման, ընտրողի անձը հաստատող փաստաթղթի, վերահաշվարկի, դիտորդության, ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ առնչվող: Իրականում առաջարկվող փոփոխությունների ցանկը բավականին ընդարձակ է:

Բայց սա դեռ ամենը չէ: Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ տարբեր օրենասգրքերում:

Եվ թեպետ նախագծի հեղինակները պնդում են, որ «Նախագծերի սույն փաթեթի ընդունումը կնպաստի ընտրությունների պատշաճ կազմակերպման  հնարավորությունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը և դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ընտրական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության մատչելիությանը», սակայն իրականում այն մեկ նպատակ ունի՝ ՔՊ-ի վերարտադրություն:

Կարդացեք նաև

Հատկանշական է, որ Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները՝ Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի (IFES Armenia) տեխնիկական աջակցությամբ: Նախագծերի փաթեթը մշակելիս, ըստ հիմնավորման, հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքները և դիտարկումները։

Ըստ այդմ՝ նախընտրական քարոզչության համար ծախսվող առավելագույն գումարի չափը հանրաքվեի շրջանակերում առաջարկվում է սահմանել նույն սահմանաչափի շրջանակներում, որը կիրառվում է Ազգայի ժողովի ըտրությունների ժամանակ՝ նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը՝ գործող 100 000-ապատիկի փոխարեն։ Հիմնավորումն այն է, որ հանրաքվեն նույնպես համապետական քվեարկություն է, և նման պայմաններում հասկանալի չէ նախընտրական քարոզչությանը հատկացվող գումարի տարբեր սահմանաչափեր նախատեսելը։

Նախագծերի փաթեթի մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել նաև ՀՀ Քրեական օրենսգրքում, ըստ որի՝ առաջարկվում է ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելու համար սահմանել քրեական պատասխանատվություն։

Նախագծով նախատեսվում է նաև միասնականացնել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները։

«Անակնկալ» կա նաև կուսակցությունների համար: Նախագծով սահմանվում է, որ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունները ներկայացնում են տեղեկանք՝ կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին։ Նախատեսվում է, որ տեղեկանքը տրամադրելու է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։ Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ենթակա կլինի մերժման համապատասխան տեղեկանքի բացակայության դեպքում։

ՀՀ քաղաքացիները պետք է իմանան նաև, որ առաջարկվող նախագծի ընդունվելու դեպքում 2025թ. հունվարի 1-ից այլևս չեն կարող անձնագրով գնալ քվեարկելու: Առաջարկվում է անցում կատարել ընտրողի անձը հաստատող միասնական փաստաթղթի, որը նույնականացման քարտն է։

Նախագծով կարգավորվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների անցկացման հետ կապված հարաբերությունները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական կամ արտակարգ դրությունը էականորեն կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական իրավիճակը, ուստի առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ընտրական գործընթացը դադարեցնել (և ոչ թե կասեցնել), իսկ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրական գործընթացը սկսել կրկին՝ հնարավորություն տալով հաշվի նստել նոր իրողությունների հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Մինչդեռ հիշենք, որ Վենետիկի հանձնաժողովն այստեղ խնդիր էր տեսել. 168.amմանրամասնորեն անդրադարձել էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը «Ըտրական օրենսգրքի» հերթական փոփոխությունների վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովը պնդում է, որ որպեսզի այդ իրավասությունը չչարաշահվի, պետք է շատ հստակ լինի ժամանակավորապես հետաձգման հարցը, ոչ թե ընդհանրապես դադարեցման: Եվ եթե ընտրական գործընթացն ընթանում է, ու կա քվեարկություն, այն պետք է ավարտին հասցնել:

Այսինքն՝ Հանձնաժողովը վտանգ է տեսնում, որ քաղաքական իշխանությունը քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն ու ընտրական գործընթացն անժամկետ հետաձգել:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրահարույց էր համարել նաև դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն Հիմնադրամներին տալը, վերահաշվարկի ժամկետները, Ընտրական օրենսգրքի հաճախակի փոփոխությունը:

Տեսանյութեր

Լրահոս