«Ցավալի է, որ առանց հաշվի առնելու նախկինում արված մի շարք կարևորագույն ռեկոմենդացիաներ, ՀՀ իշխանությունը կրկին մտել է փոփոխությունների փուլ». Վենետիկի հանձնաժողովը վտանգ է տեսնում

Արդարադատության նախարարությունը, ի դեմս նախարար Գրիգոր Մինասյանի, սիրում է երևակայական, չեղած բաների մասին խոսել:

Օրինակ, Արդարադատության նախարարությունը հայտարարում էր, որ 2023թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է ընդունված լինի։ Սակայն ավելի քան ակնհայտ է, որ այս միջոցառումը նախանշված ժամկետում չի կատարվելու, քանի որ դրա մասը կազմող նախորդող ենթամիջոցառումները, ինչպիսիք են՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակումը և ընդունումը, Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրային 10-ից ավելի քննարկումները և այլն, ևս կատարված չեն։

Նախարարությունը հայտարարել, ապա հետևողականորեն տապալել է նաև մյուս միջոցառումները, ինչպիսիք են pro-bono (անվճար) իրավաբանական ծառայությունների ներդրումը և գործարկումը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի ընդունումը և այլն։

Օրեր առաջ էլ աչքալույս տվեցին, թե Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային պարտավորություններից բխող նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Պաշտոնական հաղորդագրության մեջ էլի ձևակերպումներ կան, որոնք որևէ աղերս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ: Ակտիվ հղումը տրված է, ցանկացողները կարող են ծանոթանալ դրան:

Կարդացեք նաև

Ի՞նչ են իրականում ասում Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից Ընտրական օրենսգրքում ու հարակից օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հայցված համատեղ կարծիքի մեջ:

Նախ Հանձնաժողովը նշում է, որ առհասարակ, բոլոր ժամանակներում ընտրական օրենսդրության փոփոխությունը երեք բաղկացուցիչով է գնահատվում՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հստակ օրենսդրություն, քաղաքական լայն կոնսենսուս, բարի կամքով և պատշաճ երաշխիքներով այդ փոփոխություններն իրականացնելու քաղաքական հանձնառություն:

«Այս տեսանկյունից մենք ողջունում ենք, որ փոփոխությունները կատարվել են քաղաքական կոնսենսուսով»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մեջ:

Այստեղ առաջ է գալիս բնական մի հարց՝ իսկ ո՞ւմ հետ է քաղաքական կոնսենսուս ունեցել իշխանությունը, և «ընդդիմություն» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի Հանձնաժողովը, որովհետև համենայն դեպս խորհրդարանական ընդդիմությունը կողմ չի արտահայտվել Ընտրական օրենսդրության փոփոխություններին:

Հաջորդիվ նշվում է նաև, որ մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ ողջունել են այս փոփոխությունները: Շատ հետաքրքիր է՝ ՔՊ-ական իշխանությունը, որպես ընդդիմադիր կուսակցություններ՝ ո՞ւմ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին:

Արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադառնում միջազգային օրենսդրությանը համապատասխանությանն ու քաղաքական հանձնառությանը, որոնք գնահատվում են ընտրական պրոցեսի արդյունքով:

Վենետիկի հանձնաժողովը գրել է նաև, որ առհասարակ Ընտրական օրենսգիրքը չի կարելի հաճախակի փոխել: Գլխավոր դիտարկումն այն է, որ հաճախակի փոփոխությունն ընտրական ադմինիստրացիայի համար պրոբլեմներ է ստեղծում դրա պատշաճ կիրառության, և որպես արդյունք՝ կարող է անվստահություն ծնել ընտրական գործընթացի հանդեպ, այսինքն՝ շփոթեցնել ընտրողներին, կուսակցություններին և թեկնածուներին,  դժվարացնել օրենքի կիրառումն իրավասու մարմինների կողմից, դա էլ իր հերթին՝ կարող է հանգեցնել սխալների:

 «Ցավալի է, որ առանց հաշվի առնելու նախկինում արված մի շարք կարևորագույն ռեկոմենդացիաներ, ՀՀ իշխանությունը կրկին մտել է փոփոխությունների փուլ»,- ասված է Հանձնաժողովի կարծիքում:

Անդրադառնալով այս փոփոխություններին, արձանագրելով,  որ բարեփոխումների փաթեթով փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում և 17 այլ իրավական ակտերում, Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում են,  որ առաջարկվող փոփոխությունները փոխկապակցված են, շատ երկար ու դժվար իրագործելի, ինչը հանգեցնելու է կրկնությունների, տարընթերցումների, տարակարծությունների և բացթողումների։

Համատեղ կարծիքում միջազգային կառույցները նշում են, որ  վերջին տարիներին Հայաստանն աչքի է ընկնում ընտրական օրենսդրության փոփոխությունների հաճախակիությամբ:

Խոսելով բուն փոփոխությունների մասին՝ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում անդրադարձել է Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ընտրական գործընթացի կասեցմանն ու ընդհատմանը: Վենետիկի հանձնաժողովը պնդում է, որ որպեսզի այդ իրավասությունը չչարաշահվի, պետք է շատ հստակ լինի ժամանակավորապես հետաձգման հարցը, ոչ թե ընդհանրապես դադարեցման: Եվ եթե ընտրական գործընթացն ընթանում է, ու կա քվեարկություն, այն պետք է ավարտին հասցնել:

Այսինքն՝ Հանձնաժողովը վտանգ է տեսնում, որ քաղաքական իշխանությունը քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն ու ընտրական գործընթացն անժամկետ հետաձգել:

Կրկին հիշեցնելով իրենց նախկին ռեկոմենդացիաները՝ Հանձնաժողովը նշում է՝ շատ բարձր են սահմանված ընտրական անցողիկ շեմերը, հատկապես դաշինքների համար:

Հաջորդ դիտարկումը վերահաշվարկի ժամկետի երկարաձգմանն է վերաբերում:

Այստեղ էլ Վենետիկի հանձնաժողովը նկատում է, որ իրենց նախկին դիտարկումն այս թեմայով անտեսվել է, և նոր փոփոխությունների մեջ այդ մասով ոչինչ արված չէ: Բացի դրանից, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով՝ բացի հասարակական կազմակերպություններից, ընտրական մոնիտորինգի, քաղաքացիական դիտորդության հնարավորություն տրված է նաև հիմնադրամներին: Վենետիկի հանձնաժողովը նշել է՝ չի հասկանում՝ ի՞նչ հիմնադրամներ են դրանք, ոչ թե դեմ է, այլ օրենքում հստակ չէ՝ ինչի մասին է խոսքը:

Նոր փոփոխություններով՝ հեղինակները քարոզարշավի ժամանակ մասնակիցների լուսաբանման, նրանց հավասար ժամանակի տրամադրման պարտավորություն տվել  են նաև օնլայն մեդիային: Վենետիկի հանձնաժողովը այստեղ էլ է անորոշություն տեսել՝ որոնք են դիտարկում որպես օնլայն մեդիա, և ինչպե՞ս են ապահովելու իրենց ներդրած մեխանիզմը, քանի որ չկա անկախ մարմին, ով դա կարող է վերահսկել:

Ամփոփելով՝ նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ հարատև բարդ, անհասկանալի ու անորոշ փոփոխությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, թե՛ ընտրողին, թե՛ ընտրական հանձնաժողովին անդադար սովորելու հրամայականի առաջ են կանգնեցնում, ինչը տվյալ դեպքում արդարացված չէ արդյունքի տեսանկյունից:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում ընդհանուր առմամբ «բայց»-երն ավելի շատ են, քան օրենքի որոշ փոքր դետալների վերաբերյալ դրական կարծիքը:

Տեսանյութեր

Լրահոս