
Սուրեն Պապիկյանի ենթագիտակցությունը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցությա՞ն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ 2022 թ. դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել է, որ 2022 թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139 քառ. կմ տարածք:
Բայց Պաշտպանության նախարարության կամ նախարար Սուրեն Պապիկյանի` ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ արձանագրեց՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:
Պաշտոնական գրության մեջ նման ձևակերպում չի օգտագործվել:
Ի դեպ, ՊՆ այս գրությունն ուղարկվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, հնարավոր է՝ դրա ազդեցությունն է եղել, որի ժամանակ 2 օրում ավելի քան 200 զոհ է տվել հայկական կողմը: Հավելենք, որ 2021 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում հավաքվածներին փորձել էր համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել:
«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել է նա:
Եվ հիմա հետաքրքիր է՝ պատմաբան և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ենթագիտակցության մեջ այս պահին Ադրբեջանը շարունակո՞ւմ է մնալ՝ որպես թշնամի…