Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների` Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրության միջոցով խոսել է վերջերս ՀՀ իշխանությունների շրջանառության մեջ դրած, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկ» գաղափարի մասին: Անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի հետ կապված հնարավոր առաջընթացի վերաբերյալ:

«Հարց է առաջանում, թե այս ամենն ինչի հաշվին է լինելու, ու ինչի հաշվին է բացելու հայ-թուրքական սահմանը: Ի հաշիվ նրա, որ մենք սկուտեղի վրա Արցախը դատարկել ու նվիրել ենք Ադրբեջանի՞ն: Գուցե ի հաշիվ նրա, որ գուցե կտանք «միջանցք», կամ կտանք «անկլավնե՞ր», որ կհյուրընկալենք 100.000-ից ավելի ադրբեջանցի՞, կամ, որ Սահմանադրությունից ինչ-որ դրույթներ կփոխե՞նք ու նաև կմոռանանք Ցեղասպանությո՞ւնը: Այս բոլորի հաշվին կլինի «խաղաղությունն» ու սահմանի բացումը»,- ասաց արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները, ունենալով 4 հարևան, առաջարկել են «խաղաղության խաչմերուկ»-ի ծրագիրը, քանի որ մուրում են այդ խաղաղությունը: Այս առումով, նա նկատեց, որ Ադրբեջանն էլ 5 հարևան ունի, ուստի կարող է ինքը ստանձնել այդ «խաչմերուկի» դերն ու այդպիսով ցույց տալ, թե որքանով է այդ երկրի իշխանությունը պաշտպանում խաղաղության գաղափարախոսությունը:

«Խաղաղության ամենամեծ գրավականը կլինի այն, եթե Ադրբեջանը համաձայնի, որ արցախահայությունը վերադառնա իրենց հայրենիքն ու տները՝ «միջազգային» երաշխիքներով, թեկուզ և մի ինչ-որ աստիճանի ինքնավարությամբ, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց անվտանգությունը: Այ դա կլինի ամենամեծ քննությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար»,- ասաց Օսկանյանը:

Կարդացեք նաև

Ըստ ՀՀ նախկին նախարարի, այս համատեքստում, արցախահայության վերադարձը պետք է լինի այսօրվա կարևորագույն օրակարգային հարցը:

«Միջազգային հանրությունն այսօր կողմ է դրան: Ինչպես 44-օրյա պատերազմից հետո ամբողջ աշխարհն ասում էր, որ զենքի ուժով հնարավոր չէ լուծել այս հարցը, և, որ Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում: Առնվազն, գոնե ասում էին, որ այդ հարցը գուցե մնա հաջորդ սերունդներին: Բայց Փաշինյանն ու ներկա իշխանությունն ամեն ինչ արեցին, որ այս հարցը մոռացվի: Եվ այսօր մենք կորցրինք Արցախն ու դատարկեցինք ու նվիրեցինք Ադրբեջանին, քանի որ մենք արհամարհեցինք այդ կոչերը»,- համոզմունք հայտնեց Օսկանյանը՝ հավելելով, որ նույն պատկերն առկա է նաև այսօր:

Նրա խոսքով՝ աշխարհն այսօր էլ պատրաստ է աջակցել, որպեսզի արցախահայությունը վերադառնա Արցախ: Հայաստանի իշխանությունները, սակայն, շարունակում են արհամարհել ու փակել այդ հարցը: Ավելին, Օսկանյանի փոխանցմամբ՝ այսօր շրջանառության մեջ է դրվել մի նոր ալիբի:

«Առ այն, որ եթե մենք հանկարծ արցախահայության՝ իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը կդնի իր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը: Բայց սա, միաժամանակյա անբարոյականության ու դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետն է: Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ քննարկում են ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն ու համաձայնություն են տվել: «Անկլավների վերադարձի» հարցին են համաձայնություն տվել: Իսկ դիվանագիտական անմեղսունակություն է, եթե դու թույլ ես տալիս՝ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա դրվի: Արցախահայության՝ իրենց տները վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամենը 1 ամիս առաջ էթնիկ զտման արդյունքում դարձել են փախստական: Այո՛, Հայաստանում, բայց նրանք փախստական են, որովհետև դուրս են վռնդվել իրենց տներից: Նրանք այսօր իրավունք ունեն գնալու իրենց հայրենիք ու տները, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել են իրենց սերունդները, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում: Իսկ Սովետական շրջանում ունեցել են ինքնավար մարզ: Նախորդ 30 տարում էլ վարել են ինքնավարության պայքար»,- համոզմունք հայտնեց դիվանագետը:

Այս բոլոր հարցերը, ըստ Օսկանյանի, հակառակ Փաշինյանի վարած քաղաքականության, պետք է մշտապես բարձրաձայնվի ու գտնվեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ դրանք միջազգային հարթակներում բարձրացնելու համար:

Նազելի Ստեփանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս