«Այդ ո՞ր տեսակի ՀՀ քաղաքացիությամբ պետք է փոխվի անձնագիրը, ՀՀ-ում քանի՞ տեսակի քաղաքացիություն կա». Մետաքսե Հակոբյան
Արցախում տեղի ունեցած ադրբեջանական ցեղասպանական գործողություններից ու իրենց պատմական հայրենիքից արցախցիների բռնի տեղահանությունից հետո Հայաստանում համակարգված որևէ աշխատանք չի իրականացվում արցախահայության ու նրանց գույքի գրանցման ուղղությամբ:
Կենսական կարևորություն ունեցող այս խնդրի լուծման աշխատանքը հերթական անգամ մնում է անհատների ու հասարակական կազմակերպությունների ուսերին:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից Մետաքսե Հակոբյանը 168.am-ին հայտնեց, որ այդ աշխատանքն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ իրենք այժմ ինտենսիվ քննարկում են տարբեր սցենարներ: Դիտարկվում է նաև հատուկ արցախցիների խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություն հիմնելու գաղափարը:
«Մենք այստեղ, ցավոք, դիտարկվում ենք՝ որպես այլ երկրի քաղաքացիներ, և քաղաքական գործունեությունը գրանցելու հնարավորություն չունենք: Նաև դրանով պայմանավորված՝ մեզ գործիքակազմ է պետք, որպեսզի մենք չփոշիացնենք ու չկորցնենք կապիտալը, կոլորիտն ու մշակույթը, որ թողնվել է Արցախում: Արցախի հետ կապված ամեն բան պետք է պահել ու պահպանել, իսկ դա անընդհատ հետաձգելով՝ հետո կարող է շատ ուշ լինել: Մեզ հիմա էլ հազարավոր մարդիկ դիմում են գույքագրման ու հաշվառման խնդիրներով: Թվում է, թե, այսպես ասած, հարաբերական լռություն է, իրականում, սակայն, դա այնքան էլ այդպես չէ: Պարզապես մարդիկ չգիտեն՝ ում դիմել, չգիտեն, թե դա ինչպես ու ով պետք է համակարգի»,- ասաց Հակոբյանը:
Ի հակադրություն Արցախի հարցն ակտուալ պահելու և այնտեղ թողնված ունեցվածքի գույքագրման աշխատանքների իրականացման կարևորության մասին արցախցի պատգամավորի համոզմունքին՝ ՀՀ իշխանությունն Արցախի ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցների խնդիրները դիտարկում է միայն սոցիալական դաշտում, ու դրանք լուծված են համարվում միայն 100.000-ական դրամներ տրամադրելով:
Ամենակարևոր հարցը, սակայն, այն է, որ արցախցիների ինքնորոշման, իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի ու մյուս կարևորագույն հարցերը չեն էլ քննարկվում:
Ավելին, ՀՀ նույն իշխանություններն այս ամբողջ ընթացքում այդպես էլ ժամանակ չգտան հանդիպելու Արցախի նախագահի ու մյուս ներկայացուցիչների հետ՝ փորձելով խլեցնել Արցախի պետական կենսունակության վերականգնման վերաբերյալ ցանկացած քննարկում ու մոտեցում:
Առկա իրավիճակը Հակոբյանը «նորմալ» համարեց՝ հաշվի առնելով, որ Արցախի նախագահին չեն ցանկանում ընդունել նրանք, ովքեր իրենց ձեռքով են հանձնել հայկական Արցախը թշնամուն:
«Գուցե ծեծված միտք կասեմ, բայց դա է իրականությունը. ինչպե՞ս կարող էին Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնման գործընթացն առնվազն 5 տարի ծավալողները կարևորեին կամ նշանակություն տային Արցախի իշխանություններին: Եթե նշանակություն տային՝ տրամաբանական չէր լինի իրենց քայլերի այս հաջորդականությունը: Այնպես որ, այլ վերաբերմունք ակնկալելը պարզապես միամտություն կլիներ»,- ասաց արցախցի պատգամավորը՝ կոչ անելով այս պարագայում ավելի շատ կենտրոնանալ ո՛չ թե ներկա իշխանությունների, այլ Արցախի ու արցախցու խնդիրների վրա:
Ըստ Հակոբյանի՝ նույն խնդրի մասին բարձրաձայնելուց բացի, պետք է անցնել դրանց լուծման օրակարգն առաջ տանելու գործին:
Ինչ վերաբերում է նաև այդ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանքով ՀՀ տարածքը լքած ավելի քան 4000 արցախցիների խնդրին ու հնարավոր նոր արտագաղթին, Մետաքսե Հակոբյանն ասաց.
«Կան բավականին շատ երիտասարդ ընտանիքներ, որոնք Արցախից բռնի տեղափոխվելուց ու ՀՀ-ում հաստատվելուց հետո բացարձակ նպատակ չունեին հեռանալու: Բայց Արցախում ինչ-որ բիզնես կամ այլ գործունեություն ծավալելուց հետո, շատերը հայտնվելով անելանելի վիճակում, Հայաստանում հանդիպեցին արհեստական խոչընդոտների, ու այդ երիտասարդ, կարող ուժերին բացարձակ որևէ աջակցություն չեղավ: Հենց նաև այդ պատճառով շատ ընտանիքներ լքեցին կամ ստիպված են լինում հեռանալ Հայաստանից»։
Հիշեցնենք նաև, որ Արցախում ավելի քան 10 ամիս սովահարության մատնված ու ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախցիներին ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ անցած տասնամյակների ընթացքում տրամադրված անձնագիրն ընդամենը ճամփորդական փաստաթուղթ է եղել:
Իսկ հոկտեմբերի 26-ի կառավարության հերթական նիստին որոշում ընդունվեց, որով արցախցիներին օրենքի ուժով ճանաչում են փախստական։
Այսպիսով՝ Արցախի մեր հայրենակիցների առջև ընտրություն է դրված՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ընդունել ՀՀ քաղաքացիություն:
Ավելի վաղ, սակայն, սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը լրագրողներին հայտնել էր, որ ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարությունները, թե ՀՀ քաղաքացու անձնագիրն արցախցի մեր հայրենակիցներին տրվել է՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, իրականության հետ որևէ աղերս չունեն:
«Մենք ունենք օրենք՝ ՀՀ քաղաքացիության մասին: Երբ ստանում են ՀՀ քաղաքացու անձնագիր, օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից ու կրում են պարտականությունները: Սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր առնվազն 6 ամիս գրանցված են ՀՀ տարածքում, իրավունք են ստանում մասնակցելու համապետական ընտրություններին»,- ասել էր Այվազյանը՝ շեշտելով, որ դա չի արվում, քանի որ ներկա իշխանությունները լավ են հասկանում, թե այդ ընտրություններում արցախցիներն ինչ վերաբերմունք կցուցաբերեն իշխող քաղաքական ուժին:
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ փախստականի կարգավիճակի տրամադրման հարցում առկա է ևս մեկ անելանելի վիճակ.
«Օրինակ՝ պայմաններ են առաջ քաշվում կենսաթոշակառուների առջև, որ թոշակ ստանալու համար քաղաքացին պետք է վերցնի փախստականի վկայական: Ու քանի որ կառավարության կողմից նաև չկա հստակ պարզաբանում, թե դա հետագայում ինչ է իրենից ներկայացնելու՝ շատերը խուսափում են դրանից»,- ասաց նա:
Նկատառմանը, որ կառավարությունը որևէ տարբերակով չի դիտարկում նաև արցախցիների հարցը հետագայում բարձրացնելու ու նրանց իրենց բնակավայրեր վերադարձնելու կարևորագույն հարցերը՝ Հակոբյանը համաձայնեց՝ հավելելով, որ միջազգային ատյաններում հարց բարձրացնելու ծրագրեր ունենալու դեպքում այդ մարդիկ կտեղեկացվեին այդ մասին, ինչը, ըստ նրա, չի արվել:
«Դրա փոխարեն՝ հստակ շեշտվում է, որ այդ փաստաթուղթը տրվում է սոցիալական աջակցության համար, որովհետև դիտարկում են՝ որպես այլ երկրի քաղաքացի: Պատճառը զուտ դա է: Սա, բնականաբար, շատ-շատերը ցածր են համարում իրենց արժանապատվությունից: Ես, կոնկրետ, ճանաչում եմ մարդկանց, ովքեր չեն պատրաստվում ընդունել փախստականի կարգավիճակը կամ պարտադրանքը, որ պետք է փոխեն անձնագրերը:
Մարդկանց մոտ հարցեր են առաջանում. բա 30 տարի շարունակ Արցախը չճանաչված պետություն է եղել, ՀՀ քաղաքացիությունն ու անձնագրերը տրվել էին հենց նրանց պաշտպանությա՛ն համար: Ի՞նչ է փոխվել հիմա, որ այլևս այդ անձնագրերը չեն կարող պաշտպանել: Կամ՝ այդ ո՞ր տեսակի ՀՀ քաղաքացիությամբ պետք է փոխվի այդ անձնագիրը: ՀՀ-ում քանի՞ տեսակի քաղաքացիություն կա»,- հարցադրում հնչեցրեց Հակոբյանը՝ հաստատելով դիտարկումը, որ այդպիսով ևս շարունակվում է ՀՀ ներկա իշխանությունների կողմից հայ ազգին բաժանելու ու տարանջատելու քաղաքականությունը:
Հակոբյանը վստահեցնում է՝ Արցախի հարցը փակված չէ, ու պետք է գործուն քայլեր կատարել առկա կապիտալն ու ժառանգությունը պահպանելու ուղղությամբ՝ հետագայում մեր իրավունքներին լիարժեք տեր կանգնելու համար:
«Մեր հայրենիքը՝ Արցախը, գերեվարված է: Մնացել է ժողովուրդը: Նրանց նույնպես պետք է գրանցել ու ներկայացնել՝ որպես ցեղասպանության հետևանքով բռնի տեղահանվածներ: Իսկ գույքագրում այս պահին չի արվում: Չէ՞ ոնց հենց այդ փաստերն են հետագայում միջազգային ատյաններ դիմելու դեպքում ապացույց դառնալու տեղի ունեցած իրադարձությունների մասով»,- հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից Մետաքսե Հակոբյանը:
Նազելի Ստեփանյան