ՔԿ-ն չի ստացել Ջալալ Հարությունյանի գործով՝ հայտնի հակահարվածի դրվագով ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը
Հոկտեմբերի 9-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.
1. 2023 թվականի ապրիլի 27-ին մեր գրավոր հարցման միջոցով ՀՀ քննչական կոմիտեից փորձել էինք պարզել՝ ի վերջո, ի՞նչ բացահայտվեց, ԳՇ-ում փաստաթղթեր կեղծվե՞լ էին, Սամվել Բաբայանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ էր իրականությանը, նա իր այս հայտարարության հետ կապված հարցաքննվե՞լ է: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ նշել էին Կոմիտեից հետևյալը.
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում հրամաններ կեղծելու վերաբերյալ Սամվել Բաբայանի կողմից ներկայացված դիմումը քննության առարկա է դարձվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՊԲ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելու, ինչպես նաև իշխանության անգործության դրսևորելու ենթադրյալ հանցանքներ կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում: Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմամբ նշված առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի նախաքննության ներկա փուլում այն չի կարող տրամադրվել»:
Այսինքն, եղել է ներկայացված դիմում, նախաքննություն է սկսվել, ի՞նչ փուլում է այն, ի՞նչ է պարզվել, կա՞ն կասկածյալներ կամ մեղադրվողներ ՀՀ ԶՈՒ ԳՇ և Արցախի ՊԲ պաշտոնյաների շրջանում:
2. Ավարտվե՞լ է արդյոք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական փորձաքննությունը հայտնի հակահարվածի օպերացիայի դրվագով, ի՞նչ է պարզվել: Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցվա՞ծ է մնալու, թե՞ այն վերացվելու է և շարունակվելու է գործի քննությունը:
Հոկտեմբերի 20-ին մեր հարցմանն ի պատասխան ուղարկված գրության մեջ Քննչական կոմիտեն Սամվել Բաբայանի դիմումին առնչվող առաջին հարցի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել՝ նշելով. «Հարցման առաջին հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ նշված վարույթով նախաքննությունը շարունակվում է: Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումը՝ նշված վարույթի վերաբերյալ տվյալ փուլում տեղեկատվություն չի տրամադրվում»:
Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական փորձաքննությանը, ՔԿ-ից հայտնել են.
«Հարցման երկրորդ հարցի առնչությամբ հայտնում ենք, որ նշված վարույթով նշանակված ռազմագիտական հանձնաժողովային եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է»:
Ի դեպ, ավելի վաղ մեր մեկ այլ հարցմանը, թե ովքեր են մասնակցելու հայտնի հակահարվածի դրվագով ռազմագիտական փորձաքննությանը, ՔԿ-ից պատասխանել էին, որ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթով՝ հակահարվածի դրվագով նշանակված ռազմագիտական փորձաքննությունը կատարվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ջալալ Հարությունյանի կողմից առաջարկված երկու սպաների կողմից»: Կոնկրետ անուններ չէին տրվել: