ԱԺԲ ակտիվիստնե՞րն են փորձել զավթել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ. ինչ մեսիջ է պարունակում ԱԱԾ հաղորդագրությունը
Այսօր ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն է տարածել, որ ահաբեկչության նախապատրաստության դեպք են բացահայտել:
Նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և ակտիվիստներին:
Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր խմբի անդամները 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:
Հաղորդագրությանը կից ԱԱԾ տարածած տեսանյութ-ձայնագրության մեջ խմբի անդամներից մեկն ասում է, որ հովանավորներ ունեն ԱՄՆ-ից և ՌԴ-ից, նրա զրուցակիցը Արցախի բարբառով է խոսում և ասում՝ «թող մին գրուպա հավաքինք…»:
Ազգային անվտանգության հաղորդագրության համաձայն՝ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն։
Ի դեպ, ներկայացված փաստաթղթերում կարելի էր տեսնել՝ «ԱԺԲ ակտիվիստներ…» գրառումներ:
ԱԱԾ-ի հաղորդմամբ, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ են նախապատրաստել ահաբեկչական կամ իշխանության տապալման գործողությունը:
Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:
ԱԺԲ-ն՝ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը, հոդվածը գրելու պահին դեռ ոչ մի հայտարարություն չէր արել, թե այս ամենի հետ ԱԺԲ-ն ինչ կապ ունի, այս ամենը միայն ինչ-որ գաղափարակիցների մտադրությո՞ւն է եղել, թե՞ իրենք այս մասին իմացել են, կամ կասկածներ ունեցել, ի՞նչ արտաքին ուժեր են խառնված այստեղ, ի վերջո, ԱԺԲ-ն հակառուսական ուժ է: Կամ՝ գուցե ԱԺԲ-ն այստեղ որևէ կապ չունի, իսկ տեսանյութում «ԱԺԲ ակտիվիստներ…» գրառումը տեսանելի հեռավորությունից ցույց տալը քաղաքական տարբեր նպատակներ էր հետապնդում, ինչո՞ւ չէ՝ ի շահ ԱԺԲ-ի, բայց կարող էր նաև ինչ-ինչ ներքին և արտաքին լսարաններին ուղղված մեսիջներ պարունակել, այդ թվում՝ արցախցիների հետ կապված:
Ինչ վերաբերում է ԱԺԲ-ին, ապա սեպտեմբերի 11-ին Ազգային-Ժողովրդավարական ԲԵՎԵՌ-ի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը որպես վկա հարցաքննության էր ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Հարցաքննության առիթը եղել է Ժ. Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր՝ Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին։
Նշենք, որ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, թե ստույգ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ «վագներականներ» են ժամանել Հայաստան ու Ադրբեջան:
«Նույնիսկ գիտենք՝ որտեղ են տեղակայվել, գիտենք՝ 3 օր առաջ դրանց ղեկավարը ո՞ր հայտնի դեմքերի հետ է հանդիպել և այլն»,- նշել էր Սէֆիլյանը՝ չնշելով անուններ:
Սպասենք դեպքերի զարգացմանը՝ հասկանալու համար, թե ո՞ւմ դեմ էր այս ահաբեկչական գործողությունը և ինչ նպատակներ էր այն հետապնդում, այդ թվում՝ ԱԱԾ կողմից դրա հանրայնացումը, երբ Ադրբեջանի թիրախում ենք:
Վերադառնանք ԱԱԾ հաղորդագրությանը: Վերջին պարբերությունում նման տեսակետ կա.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ…»:
Ի՞նչ ասել է սահմանադրական կարգի հիմունքների դեմ հանցագործություններ:
Օրինակ, Սահմանադրության 14-րդ հոդվածը մտնում է սահմանադրական կարգի հիմունքների մեջ, որը սահմանում է, որ՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Այս սահմանադրական հիմունք-հոդվածի դեմ քայլերն ԱԱԾ-ն չի՞ ցանկանում կանխել: Կամ՝ հոդված 8-ը սահմանում է, որ՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»:
Այսօր ուժային կառույցներում շատ լավ հասկանում են, որ ՀՀ-ում կան քաղաքական բանտարկյալներ, կամ նրանց նկատմամբ «ժամկետանց» հոդվածներ են կարվել գաղափարական հողի վրա՝ ի դեմս Արմեն Աշոտյանի և գեներալ Գրիգորի Խաչատուրովի: