«Ձեր շոուից քանի՞ վայրկյան եք հատկացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի արածին»․ ԱՄՆ նախագահի թեկնածուն CNN-ին մեղադրել է կողմնապահության մեջ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին հարցազրույց է տվել CNN-ի Փիրս Մորգանին, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմանն ու հաղորդման կողմից այդ իրադարձությունները չլուսաբանելուն՝ մեղադրելով կողմնակալ մոտեցման համար․
«Ձեր շոուից քանի՞ րոպե կամ վայրկյան եք հատկացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի արածին։ Պատասխանը, հավանաբար, կլինի՝ զրո։ Ինչու՞ սա խոսակցության մաս չէ: Պարզապես այն պատճառով, որ լրատվամիջոցները որոշել են, որ դա այն չէ, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Քանի որ Ուկրաինային հաջողվել է իր դիրքորոշումը «վաճառել» ԱՄՆ-ին, ինչպես և Ադրբեջանին։
Այն, ինչ արել է Ադրբեջանը այս տարածաշրջանում սեպտեմբերին, արժանացել է լռության։ Ըստ ձեր ստանդարտների՝ դուք պետք է ավելի ծավալուն խոսեք այդ խնդիրների մասին։ Որովհետև եթե դուք Ուկրաինայի դեպքում խոսում եք, պետք է խոսեք նաև մյուս կոնֆլիկտների պարագայում։ Եկեք անկեղծ լինենք», – հայտարարել է Ռամասվամին։