Սա լինելու է հերթական ավանտյուրան Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ
Երբ վերջերս ՔՊ-ական պատգամավորներից մեկը, հաթաթա տալով ռուսներին, հայտարարեց՝ «եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն», թվաց, թե գործ ունենք բացառապես այս մարդու ինքնագործունեության հետ։ Բայց պարզվում է, չմտածված ու անհեթեթ թվացող այդ հայտարարության տակ թաքնված էին իշխանությունների բուն նպատակները։ Մասնավորապես այն, որ իրենց կարճ խելքով, գտել են ռուսական գազի այլընտրանքը՝ պատրաստվում են այն գնել Ադրբեջանից։
Քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո, Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։ Օրերս Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ով նախարարությունում համակարգում է էներգետիկայի բլոկը։
Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանի իշխանությունները հակված են հրաժարվել ռուսական գազից ու գնել ադրբեջանականը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի հայտարարությունից առնվազն այդպես է ստացվում։ Այլապես հենց այնպես չէ, որ պատրաստ են վերականգնել գազատարները։ Պատրաստ են վերականգնել, որպեսզի գազ բերեն։
«Մենք Ադրբեջանից գազ էինք ստանում, այնտեղից եկող 3 հսկայական գազատար ունեինք, հիմա կարող ենք վերականգնել դրանք, եթե մեր երկրների միջև քաղաքական չլուծված հարցեր չմնան»,- ասում է ՏԿԵ փոխնախարարը։
Ադրբեջանից եկող գազատարները վերականգնելու ու ադրբեջանական գազը գնելու պատրաստակամության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների այս հայտարարությունը, իհարկե, դժվար է անսպասելի համարել։ Վերջին շրջանում նրանց կողմից իրականացվող քաղաքականությունը նման ենթադրությունների հիմքեր տալիս էր։ Հազիվ թե կարելի է կարծել, որ իշխանությունները չեն մտածել, թե այդ քաղաքականությունն ինչի կարող է հանգեցնել էներգետիկ համակարգում, որը գրեթե ամբողջությամբ նստած է ռուսական էներգակիրների վրա։ Առաջնային է, իհարկե, գազը, բայց խնդիրը միայն գազը չէ։
Հայաստանի գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովում է Ռուսաստանը։ Որոշ քանակությամբ գազ մնում է Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա փոխանակումներից, բայց դրա ծավալները չնչին են, աննշան՝ Հայաստանի պահանջարկի համեմատ։
Տարիներ շարունակ ռուսական գազը Հայաստանը ստացել է արտոնյալ գներով։ Հիմնականում դրա շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը դեռ ինչ-որ կերպ կարողանում է մնալ ջրի երեսին։ Այն, ինչ անում են իշխանությունները՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման առումով, մի օր կարող է մեզ կանգնեցնել ռուսական գազը ստանալու փաստի առաջ։ Եվ ո՞րն է լինելու այդ պարագայում այլընտրանքը։
Պարզվում է, գտել են նաև «այլընտրանքը»՝ դա ադրբեջանական գազն է։ Պատրաստ են քաղաքական հարաբերությունները կարգավորելուց և տարաձայնությունները հարթելուց հետո վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները, գնել ադրբեջանական գազը, ինչպես խորհրդային տարիներին։
Դեռ մի կողմ թողնենք դրա հնարավորությունը. Առնվազն անմեղսունակ պետք է լինել անգամ մտածելու՝ երկրի էներգետիկ համակարգի այս կարևոր հատվածն ադրբեջանական գազից կախվածության մեջ դնելու մասին։ Դա անդառնալիորեն հարվածելու է մեր էներգետիկ անվտանգությանը։
Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ասել է՝ էներգետիկ անվտանգություն։
Ադրբեջանական գազի գնի մասին էլ չենք ասում, որն անհամեմատ ավելի բարձր է, քան այն գինը, որը հիմա վճարում ենք ռուսական գազի դիմաց։
Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը շահագրգռված լինի Հայաստանին էժան գազ վաճառել։
Եթե ադրբեջանական գազն այդքան էժան է, ինչո՞ւ է Վրաստանը՝ քաղաքական խնդիրներ չունենալով և միանգամայն եղբայրական հարաբերությունների մեջ լինելով Ադրբեջանի հետ, գազ գնում Ռուսաստանից։ Ավելի բարձր գնով, քան Հայաստանին մատակարարվող ռուսական գազն է։
Գազը և ընդհանրապես էներգակիրները քաղաքական ապրանքներ են, որոնք միշտ էլ կիրառվում են սեփական քաղաքականությունը դիմացինին թելադրելու համար։
Պատկերացնո՞ւմ եք գոնե, թե գազի միջոցով ինչպիսի քաղաքականություն է Ադրբեջանը պարտադրելու Հայաստանին, անգամ իշխանությունների ասած՝ քաղաքական հարցերը լուծելուց հետո։ Ցանկացած պարագայում ադրբեջանական գազը սպառնալիք է լինելու Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։
Ի՞նչ հույսով են Հայաստանի իշխանությունները պատրաստվում գնել ադրբեջանական գազը, թեկուզ քաղաքական հարցերը պարզելուց հետո։
Այս ամենի համատեքստում զարմանալի չպետք է թվա Նիկոլ Փաշինյանի օրերս արած այն հայտարարությունը, թե հանկարծ կարող է պարզվել, որ Հայաստանն էներգետիկ առումով շատ ինքնաբավ պետություն է։ Իհարկե, հեղուկ ու գազային վառելիքի պաշարներ ընդհանրապես չունեցող երկրի պարագայում անհեթեթ է ինքնաբավության մասին խոսելը, բայց եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, ապա դա առնվազն մոտակա տասնամյակներին չի վերաբերում։ Հատկապես, երբ հույսն արևային էներգիայի հետ է կապված։
«Արևային էներգիայի պոտենցիալը մեր երկրում շատ է, մնում է այն հավաքել ու կուտակել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էլ արևային էներգիայի արտադրությունը Հայաստանում արագորեն սկսել էր ընդլայնվել։ Բայց դա չի նշանակում, թե այն կարող է փոխարինել ջերմային կամ ատոմային էներգիային։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մեջ, իհարկե, մեկ այլ թաքնված նպատակ կարող է լինել. չի բացառվում, որ սրանով նա պատրաստվում է ճանապարհ հարթել նաև ատոմակայանը փակելու համար։
Հայտնի է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Ադրբեջանը, դեմ են ատոմակայանի շահագործմանը։ Ու որպեսզի բավարարի նրանց ցանկությունները՝ վաղն էլ Նիկոլ Փաշինյանը կասի՝ մեզ ատոմակայան պետք չէ, արևայինը լիովին բավական է։
Այդպիսով ոչ միայն կբավարարի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները, այլև կձերբազատվի ատոմակայանի համար ռուսական միջուկային վառելիքի ձեռքբերման գլխացավանքից։
Սա լինելու է հերթական ավանտյուրան Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ