«Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից դուրս է գալու պարզ երեսով, մնացածն են խնդիր ունենալու նրա աչքերին նայելու…». Վահե Դոլմազյանն Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգեց 3 ամսով

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում են Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված շինծու քրեական վարույթով նախնական դատալսումները:

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախորդ դատական նիստի սկզբին դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ Արմեն Աշոտյանի պաշտպաններից Հաբեթ Մարտիրոսյանի հոր հետ միասին աշխատել են գլխավոր դատախազությունում, և թեպետ վերադաս-ստորադաս հայտարարություններ չեն եղել, ինքը, այնուամենայնիվ, տեղեկացնում է այդ մասին, որ եթե կողմերը բացարկի միջնորդություն ունեն, ներկայացնեն այն: Բացարկի միջնորդություն չներկայացվեց, քանի որ, ինչպես Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ իրենց համար ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հետևաբար՝ կարևոր չէ, թե ով կլինի այս գործով դատավորը:

Փոխարենը պաշտպանական կողմը բացարկ ուներ դատախազներին, սակայն նշեցին, որ դա ոչ թե անձանց դեմ է, այլ այն բանի, որ մեղադրանքը կապ չունի պետական իշխանության դեմ հանցագործության հետ, հետևաբար՝ այդ վարչության դատախազների ներկայությունը նիստին պատճառաբանված չէ:

Նախորդ նիստին, ի թիվս այլ միջնորդությունների, միջնորդություն ներկայացրեց նաև պրոֆեսոր Նարիմանյանի պաշտպանը. միջնորդությունը վերաբերում էր 308-րդ հոդվածի սուբյեկտներին, այն է՝ պաշտոնատար անձանց: Վերջինս պնդեց՝ իր պաշտպանյալը հատուկ պետական սուբյեկտի՝ պաշտոնատար անձի կարգավիճակ չի ունեցել, մինչդեռ հոդվածը դրա մասին է: Ըստ նրա՝ ողջ նախաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ Միքայել Նարիմանյանը պետական սուբյեկտ է, հետևաբար՝ ինքը միջնորդում է իր պաշտպանյալի վերաբերյալ վարույթը կարճել:

Կարդացեք նաև

Այս միջնորդությունը նույնպես, ինչպես մեղադրյալների պաշտպանների մյուս միջնորդությունները, մերժվեց:

Բացի դրանից, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Տիգրան Աթանեսյանը՝ վկայակոչելով ՀՀ ողջ տարածքում գործող դատական ակտի մասին:

«Խոսքը գնում է սեպտեմբերի 28-ին իմ պաշտպանյալի վերաբերյալ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման մասին, որով թեպետ Արմեն Աշոտյանը թողնվել է կալանքի տակ, բայց դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել փողերի լվացման մասով հիմնավոր կասկածի բացակայության մասին»,- ասաց նա:

Այսօր՝ դատական նիստից առաջ, սակայն, Աթանեսյանը տեղեկացրեց՝ որոշումը դեռ չունեն:

Այսօրվա դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Ռուբեն Մելիքյան, Հաբեթ Մարտիրոսյան, Տիգրան Աթանեսյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ: Ներկա էր նաև տուժողի՝ ԵրՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը: Վերջինս, հիշեցնենք, 2018թ.-ի իշխանափոխությունից հետո այս իշխանությունների կողմից հանրահռչակված կադրային բանկով նշանակվել ու կարճ ժամանակ պաշտոնավարել էր՝ որպես արդարադատության փոխնախարար:

Դատական նիստի սկզբում դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ քանի որ ամենախիստ խափանման միջոցը նշանակված է Արմեն Աշոտյանի նկատմամբ, ուստի առաջին հերթին կքննարկեն նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:

Ներկայացնելուվ միջնորդությունը՝ պաշտպան Տիգրան Աթանեսյանն անդրադարձավ այս գործով իրավական անոմալիաների առկայությանը, ապա խնդրեց վերացնել խափանման միջոց կալանքը, բավարարվել բացակայելու մասին արգելքով կամ առհասարակ խափանման միջոց չսահմանել:

Պաշտպանական թիմի մյուս անդամը՝ Մարգար Սողոմոնյանը, հանգամանորեն անդրադարձավ նախաքննության մարմնի կողմից կալանքի միջնորդության հիմքում դրված քննությանը խոչընդոտելու հարցին, կրկին միջնորդեց վերացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանավորումը:

Հաբեթ Մարտիրոսյանն էլ նկատեց՝ Արմեն Աշոտյանի տեսակցություններն արդեն իսկ բաց են նրա ընտանիքի անդամների համար, և եթե վերջինս քննությանը խոչընդոտելու ցանկություն ունենար, դա կարող էր անել նրանց միջոցով: Բայց նա, իհարկե, չի ունեցել ու չունի նման մտադրություն:

Ռուբեն Մելիքյանն էլ կարևորեց, որ դատարանն արձանագրել է՝ փախուստի ռիսկը և նոր հանցանքի կատարումը բացառում է: Ապա ներկայացրեց երաշխավորության միջնորդությունների դիմումներն ու տնային կալանք խափանման միջոցին բավարարելու ապացույցները:

Հաջորդիվ պետք է ելույթ ունենար Արմեն Աշոտյանը, սակայն մինչ նա կներկայացներ իր խոսքը, դատավորը նախապես նրան զգուշացրեց քաղաքական հայտարարություններ չանել: Պաշտպաններն ու անձամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առարկեցին: Դատավորը դեռ չգիտի՝ ինչ է ինքը խոսելու, բայց արդեն սահմանափակումներ է մտցնում:

Իր խոսքի սկզբում Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքն իրեն վատ է զգում շատ բաների համար «Վատ եմ զգում, որ ես նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցներ՝ Բաքվում, որ ինձ զրկել են իմ օջախից, բայց իմ հարյուր-հազարավոր հայրենակիցներ ընդհանրապես արդեն օջախ չունեն, որ հիմա կողքի դահլիճում դատում են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որ ազատազրկված են Գրիգորի Խաչատուրովը, Գարիկ Գալեյանը, Ալբերտ Բազեյանը, Լևոն Քոչարյանը»:

Հաջորդիվ դատավոր Դոլմազյանը հարցեր ուղղեց պաշտպանության կողմին: Արձագանքի իր հնարավորությունից օգտվեց նաև Արմեն Աշոտյանը:

Ընթացակարգային հաջորդ փուլում դատավորն անդրադարձավ երաշխավորների իրավունքների և պարտավորությունների բացատրությանը՝ հարցեր ուղղելով երաշխավորություն ներկայացրած անձանց:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է 20 տարուց ավելի, պնդում է իր երաշխավորությունը, որովհետև վերջինս պատվախնդիր քաղաքական գործիչ է:

Մյուս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները ևս դիրքորոշում հայտնեցին Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Մասնավորապես, մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանը նկատեց՝ ո՞վ չգիտի, որ Մարթա Սիմոնյանին 4 ամիս կալանքի տակ էին պահում, որ Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տա:

Մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես միացան Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությանը:

Դատախազները, բնականաբար, առարկեցին՝ պնդելով՝ առկա է ռիսկը, որ Արմեն Աշոտյանը կազդի քննության մասնակիցների վրա: Դատախազ Նշանյանը նշեց, որ կան վկաներ, որոնց ցուցմունքները կարևոր են այս գործով Արմեն Աշոտյանի մեղսակցությունը հաստատելու կամ հերքելու համար:

Արձագանքելով՝ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց՝ դատախազները խոսում են իր պաշտպանյալի բարեխղճության մասին, իսկ ինչո՞ւ չեն նշում վարույթն իրականացնող մարմնի անբարեխղճությունը, երբ կալանքի նիստի ժամանակ հայտարարում են, որ Աշոտյանը պետք է կալանքի տակ գտնվի, որովհետև դեռ բազմաթիվ քննչական գործողություններ կան անելու, սակայն 5 օր հետո նախաքննությունն ավարտում են ու գործն ուղարկում դատարան:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից դուրս է գալու պարզ երեսով, մնացածն են խնդիր ունենալու նրա դեմքին նայելու:

Արմեն Աշոտյանը նույնպես արձագանքեց դատախազ Նշանյանի խոսքին՝ մասնավորապես անդրադառնալով գաղտնալսումների բովանդակությանը ու դրա ընտրովի մեկնաբանությանը:

«Ամբողջ գաղտնալսման մեջ Քյարամյանի կնոջ եղբոր անունն է. իրեն չեն հարցաքննում, ինձ կալանավորում են… 19 ժամ գաղտնալսումներից ընդամենը երկու էջ են սղագրել: Ո՞վ է պարապ՝ նստի այդքանը լսի: Պարզ չէ՞, որ սղագրությունն են կարդալու»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգել 3 ամսով, ինչից հետո Ռուբեն Մելիքյանը հայտարարեց՝ ունեն ինքնաբացարկի միջնորդություն. Այն ներկայացնելու համար իրենց անհրաժեշտ է երկու օր:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս