Վահան Քերոբյանի հայտարարությունից հետո ավտոմեքենաների արտադրությունը դադարել է
Մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շտապեց տեղեկացնել, որ Հայաստանը սկսել է ավտոմեքենաներ արտադրել։
«Հայաստանում արտադրվող Սեպուհ 1 ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում»,- այս մասին հուլիսի սկզբին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Վահան Քերոբյանը:
Խոսքը, իհարկե, ոչ թե ավտոմեքենաների արտադրության, այլ հավաքման մասին էր։ Բայց էկոնոմիկայի նախարարի հայտարարությունից հետո դա էլ է դադարել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հուլիս-օգոստոսին Հայաստանում ոչ մի ավտոմեքենա չի արտադրվել կամ հավաքվել։ Արտադրություն-հավաքումն ամբողջությամբ կանգ է առել։
Տարվա առաջին վեց ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում արտադրվել էր 114,8 մլն դրամի ավտոմեքենա։
Նույն պաշտոնական վիճակագրությամբ՝ ութ ամսում արտադրվել է 114,9 մլն դրամի ավտոմեքենա։
Եթե ավելի պարզ, ապա հունիսից հետո ավտոմեքենաների արտադրություն-հավաքումը դադարել է։ Ու դա տեղի է ունեցել Վահան Քերոբյանի աչքալուսանք-հայտարարությունից հետո։ Ոչինչ, որ 114,9 միլիոնը չնչին ծավալ է ավտոմեքենաների արտադրության մասին խոսելու համար, բայց դատելով պաշտոնական տվյալներից, դա էլ է կանգ առել։
Թե ո՞րն է եղել պատճառը, հայտնի չէ։ Դա ժամանակավո՞ր, թե՞ երկարատև կանգառ է, կերևա հետագայում։ Բայց առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններից հետո արտադրությունները կանգնում են կամ փակվում։
Հիշենք թեկուզ հեռուստացույցերի, լվացքի մեքենաների, ավտոբուսների, պարսկական ավտոմեքենաների արտադրությունների վերաբերյալ արված հայտարարությունները։ Դրանցից կարճ ժամանակ անց եղածն էլ անհետացավ։
Վերջերս էլ Վահան Քերոբյանը շտապեց հայտնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցման մեկնարկի մասին։ Թե ի՞նչ եղավ հետո, էլի հայտնի է. Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները բերեցին նրան, որ գործարանի կառուցումը դադարեցված է։ Հիմա էլ մտածում են այն այլ վայր տեղափոխելու մասին, երբ արդեն միլիոնավոր դոլարների ծախսեր են արվել։
Կտեղափոխե՞ն, թե՞ կհրաժարվեն ծրագրի իրականացումից, դա էլ դեռ հարց է։
Փաստ է, որ ծրագրի ապագան հարցականի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարարը շտապեց ժամանակից շուտ աչքալուսանք տալ, ինչպես միշտ, իշխանության հերթական ձեռքբերումների ու արձանագրած աննախադեպ հաջողությունների պատրանք ստեղծելու համար։
Տնտեսության իրական հատվածում առկա խնդիրների մասին մտածելու, լուծումներ գտնելու փոխարեն, իշխանություններն աչքակապությամբ են զբաղված, մարդկանց դատարկ բաներով են կերակրում, մի գլուխ խաբում են ու կեղծում իրականությունը։ Զարմանալի չէ, որ արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։ Եթե տարեսկզբին, բազային էֆեկտի հաշվին արդյունաբերության ոլորտում դեռ մի փոքր աճ կար, վերջին շրջանում դա էլ է դադարել։
Ութ ամսում տնտեսության ամենաառանցքային հատվածում ունենք անկում։
Անկումային է ինչպես հանքարդյունաբերությունը, որն այդ վիճակում է դեռևս անցած տարվա վերջից, այլև մշակող արդյունաբերությունը։
Վերջին ամիսներին մշակող արդյունաբերության մեջ միայն անկում է գրանցվում։
Հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, անկումը կազմեց գրեթե 6 տոկոս, հուլիսին՝ ավելի քան 4 տոկոս։ Օգոստոսին անկման տեմպը շատ ավելի մեծ էր. արտադրության ծավալները կրճատվեցին գրեթե 10 տոկոսով։
Երեք ամսվա անընդմեջ անկումից հետո, մշակող արդյունաբերության ճյուղում գրեթե դադարել է տարեկան աճը։ Այն կազմել է ընդամենը 0,8 տոկոս։
Այնինչ՝ առաջին եռամսյակում աճը 8,1 տոկոս էր, հինգ ամսում կազմել էր 7,2 տոկոս, կիսամյակում՝ դարձավ 4,3 տոկոս, իսկ յոթ ամսում՝ 2,8 տոկոս։
Մշակող արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում իրավիճակն անմխիթար է։ Այդ մասին էկոնոմիկայի նախարարը գերադասում է չխոսել, բայց չի խրատվում գովերգել չեղած կամ դեռևս սաղմնային փուլում գտնվող ծրագրերը, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, սովորաբար կարճ կյանք են ունենում։ Ուղենիշ են դարձրել իրենց համար՝ մի տեղ մի բան գտնեն գովազդելու համար։ Ոչինչ, թե հետո ինչ կլինի։
Իսկ հետոն ահա այսպիսին է։
Նվազել է տեղական սննդամթերքի արտադրությունը։ Այն պարագայում, որ ներքին շուկայում, մի շարք գործոններով պայմանավորված, զգալիորեն ավելացել է սպառողական պահանջարկը։ Խոսքը Հայաստան տեղափոխված տասնյակ-հազարավոր ռելոկանտների ու զբոսաշրջիկների կողմից ձևավորած լրացուցիչ պահանջարկի մասին է։
Տրամաբանորեն դա պիտի հանգեցներ տեղական սննդամթերքի սպառման, ինչպես նաև արտադրության ծավալների ավելացմանը։ Այնինչ՝ հակառակ պատկերն է, տեղական սննդամթերքի արտադրությունը մի բան էլ նվազել է։ Նշանակում է, սպառման լրացուցիչ պահանջարկը բավարարվել է ոչ թե տեղական, այլ ներմուծման հաշվին։
Մինչդեռ՝ սա լավ հնարավորություն էր տեղական արտադրության ծավալները ընդլայնելու ու ավելացնելու համար։ Բայց ոչ մի արդյունք չկա։ Եվ ոչ միայն սննդամթերքի արտադրության ոլորտում։ Վերջին ամիսներին խմիչքների արտադրության ծավալներն են ոչ պակաս բարձր տեմպերով կրճատվում։ Հունիսին անկումը կազմեց 7,7 տոկոս, հուլիսին՝ ավելի քան 10 տոկոս։ Օգոստոսին հասավ 15,6 տոկոսի։ Արդյունքում՝ խմիչքների արտադրության տարեկան աճը ևս գրեթե զրոյացել է։
Ութ ամսում այն կազմել է հազիվ 0,3 տոկոս։
Կտրուկ նվազել է հատկապես կոնյակի արտադրությունը, որը միշտ էլ մեր արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության առանցքային ճյուղերից է եղել։ Նախորդ տարվա համեմատ անկումն անցնում է 22 տոկոսից։
Նվազել է հագուստի, դեղագործական արտադրանքի, էլեկտրական սարքավորումների, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրությունը։ Մշակող արդյունաբերության շատ առանցքային ճյուղեր փակուղում են հայտնվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ