Տնտեսությունն անկում է, իշխանությունների ամբարտավանությունը՝ աճում
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անցած տարվա իրենց գործունեության ոլորտներն ամփոփեցին ասուլիսներով։ Նպատակն էր՝ քողարկել ձախողումներն ու կեղծիքներով քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծել, թե իշխանություններին հաջողվել է հերթական աննախադեպ ձեռքբերումներն ու հաջողություններն արձանագրել։ Ինչ-որ չափով դա գուցե հաջողվեց, բայց դրանից քաղաքացիների հոգսերն ու խնդիրները չպակասեցին։ Փաստն այն է, որ բոլոր տեղերում համատարած մտահոգիչ իրավիճակ է՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսական իրավիճակով։
Այդքան զիջումներից հետո անգամ, Հայաստանի գլխին կախված անվտանգային խնդիրները ոչնչով չեն պակասել։ Տնտեսությունն ու հատկապես տնտեսության իրական հատվածն է ծանր վիճակում։ Առաջին հայացքից արդյունաբերության մեջ աճ կա, բայց զարգացում չկա։ Աճն էլ գերազանցապես մեկ ճյուղի հաշվին է՝ հիմնային մետաղների։ Հիմնային մետաղներն աճել են բացառապես ոսկու վերաարտահանումների հայտնի սխեմաների կիրառման արդյունքում։ Երբ այս գործոնը հանում ենք, արդյունաբերության մեջ աճը զրոյանում է։
Բազմաթիվ ճյուղերում անկումային վիճակ է։ Անկումային է հանքարդյունաբերությունը, խմիչքների արտադրությունը, հագուստի արտադրությունը, կաշվի արտադրությունը, քիմիական նյութերի արտադրությունը, մեքենաների ու սարքավորումների այլ խմբերում չներառված արտադրությունը, ոսկեգործական արտադրատեսակների արտադրությունը, ավտոմեքենաների արտադրությունը։ Ավտոմեքենաների արտադրություն ասելը, իհարկե, մեծ ճոխություն է այս պարագայում։ Դրա մեջ իրականում ավտոմեքենաների թողարկումը զրո է։ Եթե 2023թ. դեռ մի քանի «Սեպուհներ» հավաքվեցին, 2024թ. դա էլ չի եղել։
Հայաստանում անցած տարի ընդհանրապես ոչ մի ավտոմեքենա չի արտադրվել։ Այսպիսին է մեր արդյունաբերության վիճակը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ տնտեսության մեջ ներդրումներ չեն կատարվում։ Օտարերկրյա ներդրումները հետ են քաշվում մեր տնտեսությունից, ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը կոկորդ պատռելով՝ ներկայացնի Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչությունն ու ներդրումային հաջողությունները։ Փաստն այն է, որ իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները կրճատվում են։ Ներդրումների արտահոսք է տեղի ունենում։
Անցած տարվա առաջին երեք եռամսյակներին, պաշտոնական տվյալներով, օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը շուրջ 120 մլն դոլարով պակասել են։ Ներդրումների բացարձակ փոփոխությունը, նախորդ տարվա համեմատ, հասնում է -470 մլն դոլարի։ Ուղղակի ներդրումներինը՝ -390 միլիոնի։ Բազմաթիվ երկրներից Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումները կրճատվել են։
Ամենամեծ անկումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում։ Բացարձակ փոփոխությունն այդ երկրից կազմել է 280 մլն դոլար։ Այդքանով ներդրումները կրճատվել են։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում հպարտանում էին, թե ԱՄԷ-ն դարձել է Հայաստանի՝ ինչպես առաջին արտահանման, այնպես էլ՝ ներդրումային գործընկերը։ Մեծ ծավալի ներդրումներ են գալիս Հայաստան։
Չնայած այն ժամանակ էլ հայտնի էր, որ խոսքը գերազանցապես մեկ ֆինանսական գործարքի մասին էր։ Ինչպես վերաարտահանումների արդյունքում ԱՄԷ ակտիվ արտահանումն է «վկայում»՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի, այնպես էլ ներդրումները՝ կտրուկ շրջադարձերի մասին։ Հատուկենտ երկրների պարագայում է, որ արձանագրվել է ներդրումների զուտ հոսքերի ավելացում։
Այդ երկրներից է, մասնավորապես, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան և իհարկե՝ օֆշորային Ջերսի կղզին, որտեղից անցած տարի ավելի քան 40 մլն դոլարի ներդրումներ են իրականացվել հանքարդյունաբերության մեջ։ Չնայած քաղաքական լարվածությանը՝ Հայաստանի առաջնային ներդրումային գործընկերը եղել ու շարունակում է մնալ Ռուսաստանը։ Որքան էլ վերջին տարիներին այդ երկրից ներդրումները, հայտնի պատճառներով, բավականաչափ կրճատվել են, դրանք շարունակում են գերակշռող մնալ։
Ներդրումները փախչում են Հայաստանից, իսկ առանց ներդրումների դժվար է պատկերացնել տնտեսության կայուն զարգացումը։ Պատահական չէ, որ իրական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում։ Այն մանր-մունր ներդրումները, որոնք դեռ պահպանվում են, չեն կարող երկարաժամկետ ու կայուն աճի հիմքեր ստեղծել։
նտեսության արտահանելի հատվածում՝ խնդիրները շարունակում են խորանալ ոչ միայն օտարերկրյա ներդրումների կրճատման, այլև ներքին ներդրումների չավելացման հետևանքով։
Նույնիսկ բանկային կապիտալը հետաքրքրված չէ իրական տնտեսությամբ։ Վերջին 6-7 տարիներին, արդյունաբերության մեջ բանկային կապիտալի հոսքերը գրեթե չեն ավելացել։ Այն պարագայում, որ վարկային շուկան այդ ընթացքում չափազանց ակտիվ է եղել, միլիարդավոր դոլարների վարկեր են տրամադրվել։ Բայց այդ գումարներից տնտեսության իրական հատվածքը գրեթե անմասն է մնացել։ Այս ամենի հետևանք է, որ տնտեսության առանցքային հատվածը հայտնվել է անմխիթար վիճակում։ Անտեսվել են այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել վերջին տարիներին՝ կապված արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման դժվարությունների ու տնտեսավարողների կրած վնասների հետ։
Կառավարությունն անտարբերությամբ է հետևել այդ ամենին ու միջոցներ չի ձեռնարկել՝ տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Գումարած՝ տարբեր միջոցներով ճնշել է՝ բյուջեն լցնելու համար։
Չնայած դա էլ փրկություն չի եղել։ Անցած տարվա բյուջետային իրավիճակը դրա վառ ապացույցն է։ Այդքանից հետո, հարկերի մի քանի հարյուր միլիարդի դրամի թերակատարում արձանագրվեց։ Ու ինչքան էլ ՊԵԿ նախագահը փորձի շրջանցելով այս խնդիրը՝ տպավորություն ստեղծել, թե բյուջեի հարկային եկամուտներն անցած տարի ավելացել են, գործ ունենք աննախադեպ ձախողման հետ, ինչի հետևանքով էլ սրվել են ֆինանսական խնդիրները։
Մի կողմից՝ տնտեսության իրական հատվածն է հայտնվել անմխիթար վիճակում, մյուս կողմից՝ ֆինանսական հատվածն է սկսել ճեղքեր տալ։
Տնտեսությունը մնացել է՝ առևտրի ու ծառայությունների, մի քիչ էլ՝ շինարարության հույսին։ Բայց դրանք հիմք չեն մակրոտնտեսական կայունության համար։ Ֆինանսական կայունությունն է սկսել երերալ, բյուջեի խնդիրներն են գլուխ բարձրացնում, հասարակության սոցիալական վիճակն է սրվում, դժգոհություններն են ավելանում։ Եվ այս համատարած ձախողումների մեջ, փոխարենը հետևություններ անեն ու քայլեր ձեռնարկեն, իշխանությունները գնալով ավելի ինքնագոհ ու ամբարտավան են դառնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ