Աննա Վարդապետյանը չի ցանկանում հետ մնալ Արգիշտի Քյարամյանից

Հոկտեմբերի 12-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ հարցադրումներով.

1. 2020 թվականի 44-օրյա պատերազի ռազմական դրվագներով, պատերազմից հետո ադրբեջանական առաջխաղացումների հետ կապված և այլ հանգամանքներով, այդ թվում՝ ոչ բուն ռազմական, այս պահի դրությամբ բարձրաստիճան քանի՞ զինվորականի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, ի՞նչ գործեր են դրանք, այդ զինվորականներից քանի՞սն են անազատության մեջ, ովքե՞ր են:

2. Այս պահի դրությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում, դրանից հետո պետական դավաճանության քանի՞ դեպք է բացահայտվել զինվորականության շրջանում, քանի՞ քրեական գործ է հարուցվել, քանիսի՞ դեպքում է կայացվել արդարացման դատավճիռ, և կա՞ն արդյոք գործեր, որոնք կարճվել են նախաքննության ընթացքում:

Հոկտեմբերի 27-ին մեր հարցմանն ի պատասխան ուղարկած գրության մեջ ՀՀ գլխավոր դատախազությունը նշել է.

Կարդացեք նաև

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված Ձեր՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հարցման 1-ին կետի՝ հայտնում ենք, որ ներկայումս քննվող քրեական վարույթներով հանրային հետապնդումներ են հարուցվել ՀՀ ԶՈՒ ավագ և բարձրագույն սպայական կազմի մի շարք զինծառայողների նկատմամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունում առկա է 2020-2022 թվականների ժամանակահատվածն ընդգրկող ամփոփ տեղեկություն, որի համաձայն՝ 2020-2022 թվականներին պետական դավաճանության և լրտեսության դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ (վարույթ):

44-օրյա պատերազմի ընթացքում կատարված պետական դավաճանության վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվել է 3 քրեական վարույթ:

Նշված քրեական գործերով (վարույթներով) մինչդատական վարույթների բնականոն ընթացքին չխոչընդոտելու, վարույթի մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը չվտանգելու նկատառումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ նախաքննության այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»:

Ինչպես և սպասվում էր, անգամ թույլատրելի հարցի պատասխաններ հնարավոր չէ ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից: Այն, որ տարբեր քրեական գործերով հանրային հետապնդումներ կան հարուցված Հ ԶՈՒ բարձրաստիճան և ավագ մի շարք սպաների նկատմամբ, նորություն չէ, դրան ծանոթ ենք Դատախազության և Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրություններից, անգամ, ըստ դրանց, կարող ենք զբաղեցրած պաշտոն և անուն-ազգանուն ասել, կամ՝ քրեական գործերը 44-օրյայի պատերազմի շրջանակո՞ւմ են, թե՞ ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումների, այս պահին կալանավորվա՞ծ են, թե՞ նրանց նկատմամբ խափանման այլ միջոց է կիրառվել: Այսինքն, այս պատասխանը ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ աշխատանք, անհարգալից վերաբերմունք սեփական գերատեսչության և լրատվամիջոցի նկատմամբ:

Ասվածն ապացուցելու համար նշենք, որ 2022 թվականի մայիսին 44-օրյա պատերազմի համատեքստում քննվող գործերի, դրանցով անցնող անձանց մասին ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասն տվյալներ էր տրամադրել, թե ՀՀ ԶՈՒ և ՊԲ ինչ բարձրաստիճան զինվորականներ են անցնում պատերազմի հետ առնչվող քրեական գործերով և ինչ հոդվածներով: Միակ մխիթարությունը, թերևս, այն է, որ Աննա Վարդապետյանի ղեկավարած ՀՀ գլխավոր դատախազությունը միակը չէ, նույն հարցերին նմանատիպ պատասխան ենք ստացել նաև Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեից:

Այսինքն, այս կառույցներին պետք է հարցում ուղարկես, հետո նրանց չպատասխաններից ինքդ ստիպված անես նրանց գործը. իրենց իսկ պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա վիճակագրություն կազմես և ամբողջական պատկեր ներկայացնես հանրությանը, թե, օրինակ, քանի գեներալի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, ինչ գործեր են, քանիսն են ազատության մեջ, քանիսը՝ կալանավորված:

Ինչ վերաբերում է պետական դավաճանության վերաբերյալ գործերին, ապա հավելենք, որ 168.am-ին ԱԱԾ-ից օրերս գրավոր տարբերակով հայտնել են, որ՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»:

Այս տարվա ապրիլին էլ տեղեկացրել էին, որ «2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքով հարուցվել է մեկ քրեական գործ (մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստի առթիվ), որով որպես մեղադրյալ ներգրավվել են 2 անձ, նշված քրեական գործը հետագայում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Այս առումով, իհարկե, մեր հոկտեմբերի 12-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության գաղտնապահությունն ընդունելի է, հատկապես, երբ խոսքը զինվորականների մասին է, որոնցից եղել են այնպիսիք, որ նախ մեղադրվել են պետական դավաճանության մեջ, հետո արդարացվել:

Տեսանյութեր

Լրահոս