Քննչական կոմիտեի աշխատաոճը և հայտնի հակահարվածի մասին Հանրայինի ձևակերպումը՝ փորձել են հետ գրավել Լելե Թեփե բարձունքը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական դրվագներով քանի՞ բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կա հարուցված գործ, ովքե՞ր են նրանք: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ քննչական կոմիտեից:

Մեր հարցին ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ սեպտեմբերին ռեպորտաժ է հրապարակվել, որտեղ կա մեր հարցի պատասխանը:

Մենք չզլացանք և գտանք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված այդ ռեպորտաժ-հարցազրույցը, որտեղ Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է. 

«Հայտարարված ռազմական դրության պայմաններում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական գործերի վարույթների շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել մոտ 900-ից ավելի անձանց նկատմամբ, որոնցից 80-ից ավելին սպաներ են»:

Կարդացեք նաև

Թե ովքեր են նրանք, իհարկե, պետք է մենք բաց աղբյուրներից և պաշտոնական հաղորդագրություններից փորձենք ի մի բերել: Սա՝ առաջիկայում, ընդամենը հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի համատեքստում ռազմական դրվագներով մեղադրվում են ՊԲ երկու նախկին հրամանատարները:

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի հեղինակը, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի դրվագի մասին խոսելիս, նշել էր. «Խոսքը Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու չստացված փորձի մասին է»:

Նշենք, որ 2021 թվականին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Լելե Թեփե» օպերացիա՝ նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե իբր ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք «Լելե Թեփե»-ն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա. դա կատարյալ անհեթեթություն է»:

Հավելենք, որ 2022 թվականին Ջալալ Հարությունյանի փաստաբանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին և հավանություն ստացել:

Իհարկե, ավելի ուշ՝ Քննիչ հանձնաժողովում, Փաշինյանը Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:

Իսկ հոկտեմբերի 12-ին 168.am-ը ՀՀ քննչական կոմիտեից գրավոր հարցման միջոցով փորձել էր պարզել նաև, թե 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական առաջխաղացումների հետ կապված և այլ հանգամանքներով, այդ թվում՝ ոչ բուն ռազմական, այս պահի դրությամբ քանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, ինչ գործեր են դրանք, ինչ փուլում են, քանիսն են անազատության մեջ, ովքեր են այդ զինվորականները:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել էին հետևյալը.

«44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական առաջխաղացումների հետ կապված և այլ հանգամանքներով (այդ թվում՝ ոչ բուն ռազմական), բարձրաստիճան զինվորականների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, ինչպես նաև՝ Ձեր կողմից նշված քրեական վարույթների շրջանակում անազատության մեջ գտնվող անձանց մասով ՀՀ քննչական կոմիտեում վիճակագրություն չի վարվում»:

Նշենք, որ Քննչական կոմիտեին տրված բոլոր հարցադրումները 168.am-ը գրավոր տարբերակով ուղարկել է նաև ՀՀ դատախազություն: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք, եթե բավարար տվյալներ չտրամադրվեն, ինչպես վերևում նշեցինք, կփորձենք ինքներս բաց աղբյուրների հիման վրա ներկայացնել սեփական ուսումնասիրությունը:

Տեսանյութեր

Լրահոս