«Սա քաղաքական հայտարարություն է». Էներգետիկ փորձագետը՝ Ադրբեջանից գազ գնելու հայտարարության մասին
Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասել էր, թե Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո։
«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպես այն օրերին»,- ասել է փոխնախարարը։
168.am-ի հետ զրույցում էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանն ասաց, որ փոխնախարարի հայտարարությունն ընդամենը քաղաքական է։
«Այս ամենի վերաբերյալ իմ մեկնաբանությունը կլինի շատ կարճ ու պարզ, քանի որ կլինեմ մասնագիտական հարթությունում։ Եթե մեկ բառով մեկնաբանեմ, ապա սա քաղաքական հայտարարություն է, հետևաբար՝ քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանի։ Այստեղ մասնագիտական վերլուծությունների հնարավորություններ դեռևս չեմ տեսնում, մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- նշեց Արթուր Ավետիսյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ քաղաքական հայտարարությունները չի կարող մեկնաբանել։
Հիշեցնենք՝ այժմ Հայաստանը գազը ստանում է Իրանից ու Ռուսաստանից։ Իրանից ստացած գազի դիմաց Հայաստանը տալիս է էլեկտրաէներգիա։