ԱՐԱ ԴՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՐԱՍ ՀԵՏՈ ՄԵՐԺԵ՞Ս, ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ ՉԵ՞Ք ԹՈՂՆԵԼՈՒ ԱՆՑՆԵՆ TRIPP-ՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԺԷԿ-Ի ՊԵՏՆ Է ՄՆԱՑԵԼ՝ ԹՔԻ ՁԵԶ ՎՐԱ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլական քարոզչության տիպիկ ձեռագիրն է՝ արտաթորանքը վաճառել դեսերտի տեղ։ TRIPP-ի փաստաթղթի տեքստում անբնականորեն շատ ճխտած էր «ինքնիշխանություն» բառը, մինչդեռ իրականության մեջ բոլորովին այլ բան է գրված։ Իմ քննադատությունը TRIPP-ի դեմ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Չի կարելի մեղադրել ԱՄՆ-ին, որ ինքն իր շահերը տարածաշրջանում առաջ է տանում։ Կապ չունի՝ դու ում վասալն ես, վասալը մնում է վասալ՝ ռուսի՞նը կլինես, ամերիկացո՞ւնը, թե՞ եվրոպացունը։
  • Հայաստանի տրանզիտային պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան TRIPP-ը, և չի կարելի TRIPP-ի խաթր մսխել այդ պոտենցիալը։ Խոսքը և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին է, և՛ այլ տրանզիտային ճանապարհների։ Չի՛ կարելի 1 կարատանոց ադամանդը խուրդել ցիրկոնի տեղ ու ուրախանալ դրա համար։

Կարդացեք նաև

  • Այն, որ այդ փաստաթուղթը լավը չէ, բայց պետք է այն ծախել որպես լավ փաստաթուղթ, վկայում էր Արարատ Միրզոյանի ափալ-թափալ, վատ կազմակերպած ասուլիսը։
  • TRIPP-ի ռեալ իշխանությունն օպերատորների ձեռքում է լինելու, իսկ Հայաստանը, ցավոք, օպերատոր չէ։
  • Իր տապալված ինքնաասուլիսում Արարատ Միրզոյանն ասաց՝ լոգիստիկան ունի 3 շերտ: Առաջին շերտը Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու շերտն է: Եթե TRIPP-ը գլոբալ Արևելք-Արևմուտք առևտրի նախագիծ է, ապա նայեք քարտեզին, կտեսնեք, որ Միջին Ասիայից էն կողմ կա տնտեսական գերտերություն, դա Չինաստանն է: Արարատ Միրզոյանը գիտակցաբար մատնեց այն փաստը, որ TRIPP-ի օգտագործումը չի ծառայելու Չինաստան-Եվրամիություն առևտրաշրջանառությանը, որը շատ մեծ է։ Այսինքն՝ ի սկզբանե նա բացահայտեց գեոպոլիտիկ կնճիռները: Հարց՝ չինացիներին չե՞ք թողնելու անցնեն այդտեղով։ Միայն Կենտրոնական Ասիայի համա՞ր է: Ակնհայտ է, որ՝ հա: Երկրորդ շերտը, որ նա ասաց՝ Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ: Մեզ ի՞նչ: Մեզ դա ի՞նչ է տալու: Եվ երրորդը, ասում է՝ Հայաստանը կապելու է 3-րդ երկրների հետ: Լավ… Իսկ ո՞նց է կապելու: Եթե դուք ասում եք, որ TRIPP-ը տրանզիտային է, ո՞ւր է այն նախագիծը, որը Հայաստանի հիմնական տարածքը, բեռնափոխադրումները ներարկելու է այդ երակի մեջ: 
  • Եթե TRIPP-ը տրանզիտային է, ո՞ւր է այն տարածքը, որը Հայաստանի տնտեսական պոտենցիալը մտցնելու է այդ զարկերակի մեջ։
  • Հիմա՝ հարց․ որևէ սթափ մարդ կասկածո՞ւմ է, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մնաց իշխանության, համաձայնելու է ԱՄՆ կառավարության ցանկացած առաջարկի՝ TRIPP-ի բաժնեմասերը, այդ թվում՝ ամբողջը, տալ ցանկացած երկրի, այդ թվում՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Իսկ եթե հանկարծ մերժեն, այդ պատկերացումները կընկնեն 18+ կոդի տակ, ու տեսանյութը տեղադրվի համապատասխան կայքերում։
  • Նիկոլ Փաշինյանն էլ ավելի է Հայաստանը ներքաշում գեոպոլիտիկ խրամատ դառնալու հեռանկարի մեջ։ Ես չգիտեմ՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածություններն ինչպիսի՞ն կլինեն, բայց Հայաստանի ինքնիշխանությունն օրեցօր նվազեցնելով՝ Փաշինյանը Հայաստանը դարձնում է վասալիտետ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում TRIPP-ի հետ, ժամանակին եղել է Սուեզի ջրանցքի, Պանամայի պարագայում։ Եգիպտոսին էլ էր թվում, որ ինքն ինքնիշխան է, բայց…
  • Ռուսաստանն ու Չինաստանը կարող են նեղվել, բայց պետք է շեշտել՝ այսօր Ամերիկան է գեր-գեր տերություն, ամերիկյան միջնորդությունը ստորադասել ինչ-որ տնտեսական նախագծերի, չգիտեմ՝ ինչպես անվանել։ Այսօրվա ամերիկյան իշխանության հետ դժվար է աշխատել, բայց դրա ձևերը կան։
  • Եթե հագած եք Ռուսաստանի հետ, եթե հրապարակայնորեն ռուսաֆոբիա եք սնում, Ռուսաստանում չե՞ն նեղվում։ Էդ ոսկին ու ադամանդը որ արտահանում են, ու մի քանի օլիգարխ տռզել են դրա վրա, ռուսները ձևերը չգիտե՞ն՝ դրանից ոնց օգուտ քաղեն։ Ինչի՞ չեն անում։

  • Փրկության հրապարակը Կառավարության շենքի մոտի հրապարակն է, փրկության այլ հրապարակ չկա։ ՀՀԿ անկախական ուժ է, ու այսօր ամենաբարդն անկախական մնալն է։ Քաղաքական դաշտում այսօր ոնց որ յառմըռկա լինի, մենք չենք ուզում դրա մաս կազմել։ Ես չեմ գնալու դրսի շուկաներում վաճառեմ իմ քաղաքական կապիտալը։ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալը երկրի ներսում է։
  • Նիկոլի քաղաքականությունը գեմբլինգ է՝ (gambling) խաղամոլություն։ Ինքը դրել է շատ մեծ ստավկա․ կարող է կրել, կարող է և տնգվել։ Ամեն ինչ դրել է, բայց հավանականությունը, որ կրելու է, շատ փոքր է։ Շատ քիչ երկրներ կան, որ գեոպոլիտիկ խաղամոլության մեջ կրել են։
  • Իրանի դեսպան Շիրղոլամիի երեկվա խոսքը շատ բաց էր, ինչը բնորոշ չէ իրանական դիվանագիտությանը։ Իրանի դեսպանը շատ լավ հասկանում էր՝ Ռուբիոյի հետ Արարատ Միրզոյանն ունեցել է նաև գաղտնի օրակարգ, և Իրանը դրա մաս է կազմել։ Ակնհայտորեն լավ չի ընթացել, եթե Միրզոյանը կտրուկ հերքեց՝ ասելով՝ ոչ, ոչ, իրանական օրակարգ չի եղել բանակցություններում։
  • Կատարյալ ապուշ պետք է լինես, որ ուզենաս՝ Իրանը փլուզվի, որովհետև այդ դեպքում մենք տնտեսականից սկսած՝ մինչև ռազմաքաղաքական, բոլոր բնագավառներում տոտալ խնդիրների առաջ ենք կանգնելու։ Շատ անկանխատեսելի սցենարներ կարող են զարգանալ… Շատ սիրում եմ Իրանը, դա մի ուրիշ քաղաքակրթություն է։ Իրանի ժողովրդին ու կառավարությանը ողջամտություն եմ մաղթում։ Բայց ինչպես 2018-ից հետո Ռուսաստանը չհասկացավ՝ իրեն ինչ է սպասում Ղարաբաղի կործանումից հետո, այնպես էլ Իրանը չհասկացավ։ Ես շատ զարմացա, որ Իրանի նախագահ Ռաիսիի ողբերգական մահվանից հետո Իրանի պաշտոնական կողմը ոչ մի քաղաքական հայտարարություն չարեց։ Նախագահի ուղղաթիռն ընկավ, ու ոչ մի մատնացույց չեղավ պաշտոնական մակարդակով։
  • Ալիևն ամենալավն է հասկանում՝ Արցախի ԴՆԹ-ն հայկականության կոդի մեջ կա, որ Արցախը հայկական է, և Ալիևի մտավախություններն ամենամեծն են՝ նա շատ լավ գիտի՝ ինչ է արել՝ սկսած պատերազմական հանցագործություններից՝ մինչև այսօրվա իրողություններ։
  • Ադրբեջանը 4 հայ գերիների վերադարձրեց, իսկ Փաշինյանը վերադարձրեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացիների: Այդպիսով, ոչ թե Սիրիան վերադարձրեց իր քաղաքացիներին, այլ Թուրքիան Հայաստանից ստացավ իր վարձկաններին։
  • Գերիների վերադարձը բոլորիս ուրախությունն է, տարոս, որ մյուսները ևս վերադառնան։ Մերոնց ցավը տանեմ, լավ է, որ վերադարձել են, բայց ո՞վ է նպաստել, որ այդ օրերին քաղաքացիական մարդիկ հայտնվեն ադրբեջանական գերության մեջ, ո՞ւմ պատճառով էր, որ անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հայերի գերեվարել։ Բոլոր գերիները պիտի Բաքվից վերադառնային և վաղուց։ 

Նիկո՛լ, դու չե՞ս ամաչում։ Էդ մարդկանց փաստացի քո անզորությամբ կամ դիտավորությամբ թողել ես, որ տանեն, դո՛ւ ես քո՝ իշխանության գալուց հետո ափալ-թափալ հանձնել ադրբեջանցի երկու հանցագործներին, դու ես, որ ինչ կա- չկա, տվել ես, ու հիմա եկել ես՝ մեզ վրա ես ծախում գերիների վերադա՞րձը։ Քո երկիրը ներկայացնող իբր թե պասպորտով հայը՝ Արարատ Միրզոյանը, ասում է՝ մեր պատկերացումներն Ադրբեջանի հետ մի փոքր չեն համապատասխանում…

Ի դեպ, հիշեցնենք, որ 2015թ. շատ զարմանալի էր, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը և ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայկական կողմերին կոչ էին արել Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին  և Դիլհամ Ասկերովին, որոնց հետագայում Նիկոլ Փաշինյանը 2020թ. դեկտեմբերին հանձնեց Ադրբեջանին: 

Այդ հանցագործ-դիվերսանտներն առաջինն էին, որոնք անկախության հռչակումից հետո դատական պատասխանատվության ենթարկվեցին Ղարաբաղում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:  Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։ Ուշագրավն այն էր, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, կոչ անելով վերադարձնել դիվերսանտներին՝ Ասկերովին և Գուլիևին անվանում էին «բանտարկյալներ» կամ «պատանդներ» և ոչ՝ «ահաբեկիչներ», «դիվերսանտներ», «գերիներ», ինչն էլ հենց այն ժամանակ մտահոգում էր հայաստանյան քաղաքական և փորձագիտական հանրությանը: 

  • Գերիների մասին։ Նիկո՛լ, քո Հ1-ն է ցույց տվել այդ վարձկաններին, պատմել նրանց հանցանքների մասին։ Ու դու դրանց տվել ես, որ 4 հոգի բերե՞ս։ Ես «Նուբարաշենում» հանդիպել եմ դրանց, իրենց շատ լավ են վերաբերվել։ Իրենք բանտում ավելի վատ պայմաններում չեն նստել, քան Հայաստանի քաղբանտարկյալները։ Կարելի՞ է իրենց համեմատել Բաքվում պատանդառված հայ գերիների հետ։ Էդ երկու վարձկանները կենդանի վկայությունն էին այն հանգամանքի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի կողմից ներգրավված վարձկանների, որոնք պատերազմական հանցագործություն են կատարել։ Միջազգային հետաքննության փոխարեն՝ Նիկոլն այդ վարձկաններին հետ է տվել։ Սա ես չեմ ասում, սա Նիկոլին փշի-փշի անող Եվրոպառլամենտի հայտարարության մեջ է գրված։ Նիկոլն անբարոյական էմոցիոնալ «լավուշկա» է լարել։ Նիկոլն արել է Էրդողանի կնոջ հանձնարարականը, ով Շուշիում ասաց՝ ռազմագերիներին օգտագործի առևտրի մեջ, խուրդի հայ գերիներին։ Մեր տղերքին վերադարձրել են ուշացումով, ոչ բոլորին են վերադարձրել, ու դա հիմա մեզ վրա ծախում են՝ որպես լավություն։ Մաս-մաս հետ են տալիս։ Ես նրանց ցավը տանեմ, իրենց կտտանքների մի օրը Հայաստանում քաղաքական կտտանքների 5 տարվա տեղ է։ Առողջություն իրենց։ Թող բոլորն օր առաջ գան։ Խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ մեզ վրա ծախում են մեզ՝ էշի տեղ դնելը։

Հիշեցնենք, 2021թ. հունիսին Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ավտոբուսներով Արցախի գրավյալ տարածքներում ուղևորության ժամանակ զրուցում էր Արցախի ականապատված տարածքների քարտեզները ստանալու մասին: Ավտոբուսում նրանց հետ էր Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, որն Ալիևին խորհուրդ էր տալիս չվերադարձնել հայ գերիներին, նրանց պահել քաղաքական, «կամաց-կամաց», մաս-մաս հանձնել՝  առևտուր անելու համար և Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով։ Այդ տեսանյութը տարածվել էր գրեթե բոլոր ԶԼՄ-ներով:

  • Հայ-ռուսական հարաբերություններում կան ազնիվ և սրտացավ քննարկման չենթարկված խնդիրներ։ Այս իշխանությանը ձեռք չի տալիս հարթել դրանք, որովհետև դրանց մի մասն էլ իրենք են ստեղծել։ Ես պատրաստ եմ Սոլովյովի եթերում սրտացավ քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչի՞ են ՔՊ-ականները ղզղնել իմ այդ առաջարկից, ես չգիտեմ։ Նախ՝ նրանց մեջ չկա մեկը, ով կարող է Սոլովյովի հետ քյալլա տալ ռուսերենով։ Պատճառներից մեկը դա է։ Մյուսն էլ այն է, որ չեն ուզում։ Նիկոլ, դու կարող ես քո ընտանեկան թերթում նարկոշների ակումբ բացել, բայց երբ քոնոնք քո թերթում անցնում են կարմիր գծեր, դրա ատվետկեն այն է, հիշիր, որ դու Սյունյաց ողջույնի արժանացած մարդ ես։ Քո նարկոշների գյամերը քաշի, որ քեզ գոնե վնաս չտան։
  • Պարզ է, չէ՞, որ Սոլովյովի հայտարարությունը Հայաստանում օգտագործվել է ռուսաֆոբիան եռացնելու համար։ Բայց ռուսները կարող են, չէ՞, իրենց սխալներից դասեր քաղել. նախ՝ այդպես չմտածել, հետո՝ չարտահայտվել։ Սա «куда они денутся» ռուսական գիծն է, բայց մենք, օրինակ, կարողանում էինք և՛ Ռուսաստանի հետ շատ լավ համագործակցել, միլիոնների զենք բերել ինքնարժեքով, և՛ Իսկանդեր բերել, և՛ ԵՄ-ի հետ CEPA ստորագրել, բալանսավորված քաղաքականություն վարել:

  • Մենք թույլ ենք տվել, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունը դառնա գեոպոլիտիկ պայքարի մարտիկ, զենքի տեսակ՝ ուղղված մեր պետության, մեր ազգային շահերի դեմ։ Մեր քաղհասարակությունը դարձել է դաշտերից մեկը, որտեղ իրար հագնում են։ Սոլովյովի ասածը վատ բան էր, բայց դո՞ւք եք դատավորները, արա։ Ադրբեջանում ԺԷԿ-ի պետն է մնացել՝ թքի ձեզ վրա, դուք Սոլովյովի ասածից եք նեղվո՞ւմ։ 
  • Կայա Կալասը խելոք կին է․ ինքը գիտի, որ իր ասածը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, դրա համար էլ հատուկ ասել է, որ Հայաստանի կառավարությունն է իրենց դիմել, որ փող տան՝ ընդդիմության դեմ պայքարելու համար։ Նա հատուկ է դա ասել, որովհետև գիտակցում է, որ դա միջամտություն է այլ երկրի ներքին հարցերին: Այդպիսով ցույց է տվել՝ ՀՀ իշխանություները խնդրել են, մենք օգնել ենք: Բայց փողը չէ կարևոր, այլ կանաչ լույսը, որ ցանկացածի վրա կարող են ռուսի ագենտի պիտակ կպցնել, տանել նստեցնել։
  • Նիկոլի իշխանությունն ունի 2 հենարան՝ ուժային կառույցներ՝ ԱԱԾ, ոստիկանություն, և այլն, և պրոպագանդիստական հսկա հենարան։
  • Ադրբեջանական զորքերը հայտնվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Երբ դու ասում ես, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից կապված է դելիմիտացիայի հետ, ու չես ասում, որ դելիմիտացիան կարող է տևել տասնամյակներ, նշանակում է՝ տասնամյակներ շարունակ դրանք մեր տարածքներից դուրս չեն գալու։ Եվ, ամենակարևորը, դելիմիտացիա արվում է վիճելի տարածքների վերաբերյալ։ Նիկո՛լ, դու Հայաստանի խորքը դարձնում ես վիճելի տարա՞ծք, լո՞ւրջ։ Անկլավների հարցը դելիմիտացիայի հետ կապելը հերթական անբարոյականությունն է հայկական շահի դեմ։ Դելիմիտացիայի գործիքակազմով այդ հարցը չի՛ լուծվում, դա առանձին գործընթաց է։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ադրբեջանական զորքը դուրս չի գալու Հայաստանից։
  • Կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են կայանալ ուրիշի հաշվին։ Եթե ուզում ես մտնել խրամատ, իմ 8 տարի պահած դիրքի վրա մի՛ արի ու ինքնահաստատվի։ Էդ խրամատը ՀՀԿ-ն է փորել, մի՛ խցկվիր։ Ճակատն այնքան մեծ է, լապատկեն վերցրու, մտի՛ր, խրամատը փորի՛ր, ես էլ քո մեջքը պահեմ։
  • Ես զարմանում եմ 2-րդ նախագահի քարոզչական թիմի վրա: Ռուսի ասած՝ дуете на воду, не обожгись на молоке: Դու հլը սերժահանրապետականացավով եք վառվում: Մեղք եք, կմեռնեք դուք էդ ցավից: Հերիք է: Ես զարմանում եմ՝ էս վիճակո՞ւմ: Իրենց դաշինքի կարկառուն ուժի ներկայացուցիչը գնում, բանակցում է այլ ընդդիմադիր ուժերի հետ, որ իրար չհարվածեն, օրակարգ ձևավորեն, միևնույն ժամանակ էդ նույն ճամբարի քարոզիչները շարունակում են մաղձ թափել Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի վրա՞: Տղերք, «Մաուգլի» մուլտիկ կա է սովետական: Էն որ ասում է՝ отпусти ее, она пережила свой яд: Տղերք, мы пережили свой яд… Գոնե միջավայրն այնպիսին լինի, որ և՛ մինչև ընտրությունները, և, եթե ընտրությունները պետք է լինեն, ընտրություններից հետո երեսատեղ թողեք շփվելու և իրար հետ աշխատելու համար: Մի կողմից ասում եք՝ ոչ մի ուժ միայնակ չի կարող հաղթել, մյուս կողմից՝ մեզ նման ուժին… Եվ դա այն դեպքում, երբ մենք դեռ ոչ մի բան չենք հայտարարել:
  • Իմպիչմենտը շարունակվում է Դավիթ Համբարձումյանի քաղաքական կալանավորմամբ ու դատավարությամբ, որովհետև ես վստահ եմ՝ նրա վերաբերյալ կայացված դատական ակտը նաև դրա մասին է։ Ցավոք, տպավորություն ունեմ, որ իմպիչմենտը մենակ մեզ է հետաքրքիր գործնական իմաստով։

  • Ընտրություններին մասնակցելու որոշում մենք դեռ չունենք։ Ես հասկանում եմ շատերի հետաքրքրությունն այդ հարցի կապակցությամբ։ ՀՀԿ-ն ու իր ղեկավար Սերժ Սարգսյանը լուրջ գործոն են քաղաքական դաշտում։ Բայց մեր որոշումը կլինի ոչ թե հանրության հետաքրքրությունը բավարարելու տեսանկյունից, այլ ելնելով մեր քաղաքական տեսլականից։ Կյանքն ապացուցել է, որ անգամ այդ պահին դժվար ընկալվող որոշումներից հետո Հանրապետականը ճիշտ է դուրս գալիս: 

Ինչպիսի որոշում էլ կայացվի, դա լինելու է ճիշտ որոշում։ Ոմանք մեզ մեղադրում են ընտրություններով իշխանափոխության հասնելու վերաբերյալ հոռետեսություն տարածելու մեջ։ Լո՞ւրջ։ Եթե ես ԿՏ-ի՝ համակարգչային տոմոգրաֆիայով արված ռենտգենի վրա ախտորոշումով տեսնում եմ թոքի ուռուցք ու ասում եմ՝ մի՛ ծխիր, կմեռնես, ես հոռետեսությո՞ւն եմ տարածում. մենք կեղծ հույսերի վաճառականներ չենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս