Իշխանությունն արցախցիներին ստում է՝ Արցախն իրենց համար հայրենիք չէ. Հայկ Մամիջանյան
«Ակնհայտ է, հայ ազգի, հայկական Արցախի էջը փակված չլինելու տեսակետից ինչ կարևորություն կա, որպեսզի Արցախը Նախիջևան չդառնա, ավելին չմանրամասնեմ։ Երևանի կենտրոնում, հարմար ու անվտանգ սրահից խորհուրդ տալ մազապուրծ քույրերիս ու եղբայրներիս այս կամ այն գործողությունն անել՝ կոռեկտ չէ»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արցախահայությանը կտան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որից հետո նրանք կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի մեկնաբանությամբ, Փաշինյանն ԱԺ ամբիոնից ինչ-որ հեղհեղուկ կարգավիճակի մասին խոսեց՝ քաղաքացիություն, փախստականություն, բայց ակնկալիքներ ունենալ, որ գործող կառավարությունը հետամուտ կլինի այդ հարցին… թեական ձևակերպումով միտքն անավարտ թողեց Հայկ Մամիջանյանն ու անցում կատարեց այլ թեմայի:
«Մի փոքր հարցից շեղվեմ՝ մեր հայրենակիցներին իշխանություն կոչվածը փորձում է խաբել հետևյալով՝ Արցախ բառը չենք ասում, Արցախի նորընտիր նախագահին չենք շնորհավորում, այսինչ բանը չենք անում, դրոշից վախենում ենք Արցախի, և այլն, որ հանկարծ Ադրբեջանը չհարձակվի։
Այ, 5 տարի է, այդպես վախենում եք, խուսափում եք, բան չեք անում, իբր պոլիտ կոռեկտ եք ձեզ պահում։ Բայց մեկ է, Ադրբեջանն անդադար ագրեսիա է իրականացնում Արցախի ու Հայաստանի նկատմամբ, Արցախ ենք կորցնում, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինյալներ են մինչ օրս։ Այսինքն՝ սա ապացուցում է, որ դա սուտ է, իրենք չեն էլ ուզում դա ասել՝ իրենց համար այդ դրոշը սրբազան չէ, այդ հողն իրենց համար հայրենիք չէ, որովհետև Աղդամն իրենց հայրենիքն էր, ո՞ւր է, ի՞նչ էին անում: Այսինքն՝ դրանք ընդամենը պատճառաբանություններ են: Հերթական սուտն է»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում