Այո՛, ապագա կա՛. լինելու է քաոս և 100 %-ով դրսից կառավարում, բայց լինելու են նաև պետություն ունենալու լուծումները. Արթուր Աթանեսյան

Հայաստանի ներկայիս վիճակը փաստում է մի բան՝ մենք շարունակում ենք փլուզել մեր պետությունը և նման ենք այն մարդկանց, որոնք Սովետական Միության ժամանակ աղբի վարձը չէին վճարում՝ մտածելով՝ մի օր վարձի մասին պետությունը կմոռանա, ուստի իրենց համար շատ ձեռնտու էր այդ միության փլուզումը, քանզի աղբի պարտքն այդպես էլ չտվեցին։

Հիմա մենք ենք այդ մարդկանց պես, աղբի վարձը չտված՝ նախընտրեցինք պետության փլուզումը, հետևապես, տեղին է այստեղ հիշել հայտնի փիլիսոփա Թոմաս Հոբսի բանաձը, ըստ որի՝ քանի դեռ մարդիկ չեն սկսել վախենալ իրենց «բարդակ» վիճակից, նորմալ պետություն չեն ստեղծի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայկական երկրորդ պետության հանձնմանը հայ ժողովրդի արձագանքի և վերաբերմունքի մասին, ստեղծված իրավիճակն այս կերպ բնութագրեց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:

«Երբ մենք սկսենք վախենալ, իսկ արդեն սկսել ենք, կսկսենք իրար լսել և խոսել կառուցողական և դրական բաների մասին։ Այդ ժամանակ է, որ լավ կոնցեպցիա առաջարկողները կդառնան մեր էլիտան՝ պառակտողների փոխարեն»,- ասաց Աթանեսյանը՝ շեշտելով՝ մինչև այդ փուլին հասնելը ներկա պայմաններում մարդը մարդուն գայլ է, մարդը մարդուն թշնամի է, ինչը, ի վերջո, բերելու է քաոսի, որի հաջորդ փուլն արդեն լինելու է լսելու և կառուցելու փուլ։

Կարդացեք նաև

Խոսելով քաոսում հայտնվելու պատճառների մասին՝ Արթուր Աթանեսյանը պարզաբանեց, որ մեր հասարակությունը մոլորության մեջ է տասնամյակներ շարունակ, իսկ դա քաղաքական իմաստով բնորոշվում է՝ որպես ապատիա, ցինիզմ, նիհիլիզմ։

«Հայտնվել ենք մի վիճակում, երբ չգիտենք անգամ, թե ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում»,- պետություն ունենալու հիմքում դրված երեք կարևոր հարցադրումների մասին հիշեցրեց Աթանեսյանը։

«Շատ վատ է, որ մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչպիսի պետություն ենք ուզում, իսկ դա նշանակում է, որ մենք ձախողված պետություն ենք։ Ձախողելով պետության իդեան՝ մենք պետք է հիմա սկսենք զրոյից։ Սովորեցնողներ կան, նրանք, օրինակ, դասավանդում են բուհերում, ուստի մնում է նրանց լսել։ Այդ մարդիկ չեն խաղում։ Ուսանողներիս ասում եմ՝ շեքսպիրյան հայտնի ձևակերպումը՝ «Կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան», պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ։ Կյանքը թատրոն չէ, մենք դերասան չենք, մեր զինվորը զոհվել է իրական կյանքում՝ մարտի դաշտում, և չկա այլևս, և դա շոուի ավարտը չի, դա կյանքի ավարտն է։ Դրա համար եմ ասում՝ իջե՛ք ներքև, շոշափե՛ք հողը, մտածե՛ք ռեալ կատեգորիաներով, փորձե՛ք ինչ-որ բան տնկել և աճեցնել։ Սա այն է, ինչ անում է Ադրբեջանն Արցախում։ Մենք ասում ենք, որ Արցախը հետ կվերցնենք, իսկ Ադրբեջանը գետնի վրա փաստացի կառուցում է օդանավակայաններ»,- ասաց Աթանեսյանը՝ շեշտելով՝ մենք զրոյից պետք է սկսենք նաև մտածողություն ձևավորել պետականության մասին, զրոյից, որովհետև մինչև հիմա պետականության մասին ունեցել ենք գրքեր, բայց անգամ այդ գրքերի հեղինակները չեն հավատացել իրենց գրածներին։

«Ճիշտ այնպես, ինչպես իմ մայրենիի ուսուցչուհին, որը մեզ սովորեցնում էր, ես իրեն հավատում էի ու սովորում։ Հետո նա գնաց Լոս Անջելես։ Ինձ մոտ հարց առաջացավ՝ փաստորեն ինքը չէ՞ր հավատում այն ամենին, ինչը մեզ սովորեցնում էր»,- ասաց Աթանեսյանը։

Շարունակելով խոսել պետության ձախողման պատճառների մասին՝ պրոֆեսորը շեշտեց՝ պետություններն այդպիսին են դառնում նաև այն ժամանակ, երբ պետությունը չի կառավարում անգամ իր սեփական սահմանները։

«Մենք անգամ մեր ներսում չենք կառավարում ամեն ինչ։ Սա ձախողում է, ուստի եկեք հիմա հասկանանք, թե ի՞նչ կլինի մեզ հետ, երբ բնակչությանը համոզում են, թե դուք հպարտ եք, մինչդեռ այդ հպարտը կառավարվում է դրսից։ Ժողովրդին ներշնչում են, թե՝ ուժեղ ու հպարտ եք, բայց կառավարվում ենք ուրիշ տեղերից։ Այո՛, ապագա կա, դա ուրիշների կողմից՝ դրսից 100 տոկոսով կառավարվելու հավանականությունն է։ Ուշագրավ է, որ մենք չենք որոշում, թե ովքեր են կառավարելու. դա էլ կախված է ուրիշներից։ Պատկերավոր ասած, մենք չենք որոշում, թե մեզ ով կառավարի, ճիշտ այնպես, ինչպես այն կինը, որը այլոց հետ քնում է՝ փողով»,- ասաց Արթուր Աթանեսյանը՝ շեշտելով՝ երբեք էլ ուշ չէ պետություն ստեղծել, ինչը պետք է անենք՝ միմյանց լսելով, սիրելով, օգնելով։

«Այո՛, լուծումներ կան։ Մենք պետք է փորձենք դառնալ որոշում ընդունող ժողովուրդ՝ որոշումներին սպասելու փոխարեն։ Պետք է մարդկանց մեջ սերմանել, որ այնպես, ինչպես սպառում ենք ապրանքները, այդպես էլ սուպերմարկետի սայլակի մեջ պետք է ունենանք հայրենիքը, որն առել ենք, ու պետք է տանենք տուն ու պահենք՝ ոչ ոքի չտալով»,- խոսքը եզափակեց Աթանեսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս