«Ուղղորդվում են հատուկ պրոյեկտների միջոցով. մեղավորներ պիտի նշանակեն, և հիմա թիրախում Արցախի իշխանություններն են». Մետաքսե Հակոբյան
Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ պատասխան էին պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից, օրինակ, ինչու Արցախի ԱԺ-ն արտագնա նիստ չի հրավիրում և չի չեղարկում Արցախի Հանրապետության լուծարման մասին ստորագրված հրամանագիրը։ Այդ հարցին ի պատասխան՝ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ապա վստահեցրեց, ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ Սամվել Շահրամանյանի հետ գնացին առանձին հանդիպման։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նախ վստահեցրեց, որ ներկայացուցչության մոտ հավաքված մարդիկ արցախահայության մեծամասնության դիրքորոշումը չեն արտահայտում, քանի որ այնտեղ կան մարդիկ, որոնք ուղղորդված են, և դրա նախապատրաստական աշխատանքները գոնե սոցիալական ցանցերում տեսնում էինք։
«Նկատի ունեմ՝ ուղղորդվում են այն պրոյեկտների միջոցով, որոնք գործում էին նաև Արցախում, և դրանց մասին բոլորը գիտեն, հիմա էլ իրենց գործունեությունը շարունակում են, քանի որ այդ ծրագրի մի մասնիկն են կազմում։
Բազմիցս ասել եմ, որ մեղավորներ պիտի նշանակեն, և հիմա թիրախում Արցախի իշխանություններն են։ Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն ուղղակի չիմանալով՝ ում դիմեն, ինչ պահանջեն, հետևաբար՝ գնում են իրենց իշխանության մոտ, սա նորմալ է։ Սսկայն այն պահվածքն ու իրավիճակը, որը կա, միանշանակ լավ բանի չի տանի, կրկնում եմ՝ սա արցախահայության դիրքորոշումը չէ։ Արցախահայությունը, ովքեր Արցախում երկար են եղել, շատ լավ գիտեն՝ ինչ է եղել ու ինչպես է եղել, իհարկե, շատ մանրամասների չտիրապետելով»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ Սամվել Շահրամանյանը բազմիցս հայտարարել է, որ պատասխանատու է իր կատարած յուրաքանչյուր քայլի համար, բայց Արցախի կորստի համար չի կարող պատասխանատու լինել մեկ մարդ, այն էլ՝ Արցախի նորընտիր նախագահը։
«Մնացած ագրեսիվությունը շատ դեպքերում, կարծում եմ՝ ուղղորդված է»,- հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Արցախի ԱԺ-ն Հայաստանում պետք է արտագնա նիստ հրավիրի, Մետաքսե Հակոբյանը նախ հարց ուղղեց՝ ի՞նչ օրակարգով պետք է լինի արտագնա նիստը, ապա հավելեց՝ եթե կա օրակարգ, ապա պետք է լինի։
«Ամբողջ հարցը զսպվածության մեջ է, քանի որ մենք բազմիցս ասել ենք, որ հիմա չէ ժամանակը, ի վերջո, այն մարդը, որը ստորագրել է, պետք է բոլորս սպասենք իր խոսքին։ Լսենք, հասկանանք, տեսնենք՝ այդ պարզաբանումները մեզ համար ընդունելի՞ են։ Այսօր, առավել քան երբևէ, Սամվել Շահրամանյանը պարզ ասաց, թե ինչ է դա նշանակում։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ պետությունը չի կարող լուծարել մեկ անձ, պետությունները ստեղծվում են ժողովրդի կողմից, ի վերջո, կա հանրաքվե, և մեկ ստորագրությամբ դա ուղղակի չէր կարող տեղի ունենալ, ինչի մասին Շահրամանյանը պարզ ասել է»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Այս համատեքստում պատգամավորը նաև ընդգծեց, եթե կա արտագնա նիստ հրավիրելու կարիք, ապա ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, կա ԱԺ փոխնախագահ, որը կարող է պաշտոնավարել, պատգամավորներից որևէ մեկը նիստ չի պահանջել, հետևաբար՝ տեղի չի ունեցել։
«Մնում է միայն ԱԺ նախագահի պաշտոնակատարը ինչ-որ հրատապությունից ելնելով՝ նիստ հրավիրի, ինքն էլ չի տեսել դրա անհրաժեշտությունը։ Մենք պատգամավորներով մեկ անգամ հանդիպել ենք, յուրաքանչյուրն իր ասելիքն ասել է, ինչ քայլերի պիտի գնանք, հիմա յուրաքանչյուրս մեր որոշումը կայացնելու փուլում ենք, թե ինչ դիրքորոշում պիտի ունենանք։
Նաև կային ուժեր, որ պահանջ էին դնում այդ հրամանագիրը չեղարկել ԱԺ-ի միջոցով։ Կարծում եմ՝ նման ուժերն ուղղակի ուզում են ներքաշել Արցախի ԱԺ-ն ինչ-որ գործընթացների մեջ։ Այստեղ էլ ուղղորդված ինչ-որ գործընթացներ են, և փորձում են կիրառել վատ գործիքակազմ ԱԺ-ի նկատմամբ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։