«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը». Սամվել Շահրամանյան

Արցախից ՀՀ բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Այդ ժամանակ շենքում էին նաև Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանն ու Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

Երբ ակցիայի մասնակիցները ներխուժեցին շենք՝ նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ նրանց հետ հանդիման և առաջարկեց ավելի արդյունավետ զրույց կազմակերպելու նպատակով 20-30 հոգուց բաղկացած խումբ կազմել, կամ՝ առաջիկա երեքշաբթի օրը հանդիպում կազմակերպել դահլիճում։

Նա ներկաներին հորդորեց պահպանել հանդարտություն, քանի որ, նրա խոսքով, ցանկացած լարում կարող է ավելի ծանրացնել առանց այն էլ լարված իրավիճակը:

Կարդացեք նաև

«Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ մենք այստեղ թշնամի չունենք: Մեր թշնամին մեկն է: Մենք բոլորս էլ դա գիտենք: Եվ ես իմ արած բոլոր քայլերի ու կայացրած որոշումների պատասխանատուն եմ ձեր բոլորի ու Ձեր ընտանիքների առջև: Այստեղ տարբեր ռեպլիկներ եք հնչեցնում՝ թուրք է, և այլն…»,- ասաց Շահրամանյանը:

Նա անընդունելի համարեց այդ հայտարարություններն ու հավելեց, որ պատրաստ է խոսել թե՛ Արցախում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի, թե՛ մյուս բոլոր հարցերի մասին:

«Մենք ևս մի հայրենիք ունենք՝ Հայաստանի Հանրապետությունը: Եվ մենք այսօր ՀՀ ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք: Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել ու քննարկել բոլոր այն հարցերը, որում դուք ինձ մեղադրում եք, կամ ինչ հարց որ ուղղում եք ինձ: Բոլորս էլ միմյանց հարգում ենք, բոլորս էլ ճանապարհ անցած մարդիկ ենք՝ ամեն թոհ ու բոհով անցած, ամեն դժվարություն տեսած»,- ասաց Արցախի նախագահը՝ առաջարկելով հանդիպման օր որոշել՝ բոլոր հարցերի քննարկման համար:

Քաղաքացիներից մեկը, սակայն, նախագահին ընդհատեց՝ հարց ուղղելու համար.

«Եթե Ձեզ Հայաստանի իշխանությունը, կապ չունի՝ Փաշինյանն է, Սերժը, թե Քոչարյանը, եթե Ձեզ չեն վստահում, Դուք ո՞նց եք լուծելու ժողովրդի հարցերը: Ասեք՝ ժողովուրդն իմանա: Եթե Ձեզ հետ զրույցի դուրս չեն գալիս…»:

Սամվել Շահրամանյանն արձագանքեց՝ ասելով, որ իրեն չվստահելու վերաբերյալ արտահայտված տեսակետն այդ քաղաքացու կարծիքն է միայն:

Քաղաքացին շարունակեց պնդել իր տեսակետը.

«Իմ կարծիքը չէ, իրականությունն է դա: Դուք ինչո՞ւ չեք Հայաստանի ղեկավարի հետ նստել բանակցության, որ ժողովրդի հարցը լուծվեր»,- շարունակեց քաղաքացին:

Ի պատասխան՝ Շահրամանյանը հայտարարեց, որ այդ բոլոր հարցադրումներն էլ ունեն իրենց պատասխանները, սակայն այս պահին չի կարող բոլոր հարցերին պատասխանել: Մի քանի արցախցի ևս բարձրացավ դեպի Շահրամանյանը՝ տարբեր պնդումներով ու հարցադրումներով: Իրավիճակը մի փոքր թեժացավ:

Լարված քննարկումները շարունակվեցին ևս որոշ ժամանակ:

Քննարկումների արդյունքում, սակայն, որոշում կայացվեց արցախցիներին հուզող բոլոր հարցերը նախագահին ուղղել այդ պահին: Ներկաներից մեկն ասաց, որ իրենք հարցեր են պատրաստել Ս. Շահրամանյանին ուղղելու համար։

«Ամսի 9-ին ընտրվել ենք Հանրապետության նախագահ, ամսի 19-ին պատերազմն սկսել է: Մեր նախարարներից Բաղունցին հարցրել ենք՝ ասում է՝ պատերազմի սպառնալիքի ներքո ստորագրել ենք Արցախի Հանրապետության լուծարման թուղթը: Մեր ժողովրդի առաջին հարցն է, որ այն ժամանակ, պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետությունը լուծարվել է: Հիմա խնդիրն ի՞նչ է, որ ԱԺ նիստ չի հրավիրվում՝ այդ հրամանագրի լուծարման շուրջ»,- ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ եկած արցախցիներից մեկը՝ հավելելով, որ անցած՝ ավելի քան 30 տարիների ընթացքում պայքարի արդյունքում ստեղծված հանրապետությունը լուծարվել է մի րոպեում:

Անդրադառնալով հարցին՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել:

«Այստեղ մարդ կա՞, որ տեսել է այդ փաստաթուղթը: Եթե կա, ապա պետք է իմանա, որ այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել: Բայց, ես վստահեցնում եմ ձեզ, որ և՛ այս փաստաթղթի դրական կողմից ենք մենք տեղյակ, և՛ դրա բացասական կողմերին: Ոչ մի փաստաթղթով չի կարելի լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- ասաց Շահրամանյանը՝ հայտարարելով, որ այս ու մի շարք այլ հարցերի պատասխանն ինքը տալու է հրապարակային ձևով՝ Հանրային հեռուստատեսության տաղավարում:

«Առաջիկայում անդրադառնալու եմ և՛ այս փաստաթղթին, և՛ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Այն, որ ամսի 20-ին՝ 24 ժամ հետո, ռազմական գործողությունները կանգնեցվել են: Դուք գիտեք, թե որտեղ է կանգնել: Թող որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ մենք կկարողանային հաղթել այդ ռազմական գործողություններում՝ մենք մինչև վերջ կկանգնեինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, մենք խնայել ենք մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Եթե պատերազմը կանգնեցվեր մի ժամ ուշ, ապա կմտնեին քաղաք, կին ու երեխաներին կմորթեին»,- հայտարարեց Արցախի նախագահը:

Պատասխանից հետո քաղաքացիները հայտարարում էին, որ նախագահի ձայնն իրենք չեն կարողանում լսել: Շահրամանյանն էլ հայտարարեց, որ այդ ձևով հանդիպումն արդյունավետ չի կարող լինել: Առաջարկեց այն անցկացնել մի քանի օր անց՝ մեծ դահլիճում, որտեղ բոլորն էլ կկարողանան լսել ու մասնակից դառնալ քննարկմանը, և մուտք գործեց ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք:

Այժմ մի խումբ արցախցիներ գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում։

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս