Դռնապետություն
Քաղաքականությունը, չնայած գործընթացային դիտարժանությանը, այդուհանդերձ գնահատվում է արդյունքներով: Դա վերաբերում է նաև քաղաքականության կառուցակարգերին, այդ թվում՝ օրինակ, ժողովրդավարությանը: Թեև ժողովրդավարության ընթացքը (ընտրությունների օրինականություն, քաղաքական ազատություններ և այլն) կարևոր է, այդուհանդերձ դրա վերջնական գնահատականը տրվում է արդյունքներով:
Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի մեծագույն ձեռքբերում՝ ներկայացնում է ժողովրդավարությունը: Ներկայացնում է ոչ միայն ներքին անընդդիմախոս հարցազրույցներում, այլ նաև արտաքին զանազանախոս լսարաններում, որտեղ նրան անգամ ծափահարում են, նույնիսկ՝ հոտընկայս, ընդհուպ՝ հիացմունքով:
Ծափահարողներն ու հիացողները, իհարկե, թքած ունեն, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ներկայացնում է՝ որպես ժողովրդավարություն, որևէ աղերս չունի իրական դեմոկրատիայի հետ, որովհետև իրական ժողովրդավարություններում շինծու քրեական գործերով քաղբանտարկյալներ չեն լինում, Սահմանադրական դատարանը հակաօրինական միջոցներով չեն բռնազավթում ու նույնիսկ ՏԻՄ ընտրված ղեկավարներին չեն ազատազրկում: Ծափահարողներին դա չի հուզում այնքան, որքան Նիկոլ Փաշինյանին չի հուզում, որ իր իշխանությունը որպես ժողովրդավարական ներկայացնելով՝ նա հայ հասարակության շրջանում արժեզրկում ու հեղինակազրկում է ժողովրդավարության գաղափարն ինքնին:
Եթե Նիկոլ Փաշինյանը չի ստում, ու Հայաստանում վերջին հինգ տարիներին հաստատվել է ժողովրդավարություն, ապա դա մեծագույն չարիք է հայ հասարակության համար, որովհետև արդյունքային գնահատման մեթոդաբանությամբ, դրա հետևանքով մենք կորցրել ենք Արցախը ու կանգնած ենք Հայաստանի մասնատման սպառնալիքի առաջ:
Հասկանալի է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը հայկական ժողովրդավարության մասին լկտիաբար ստում է մի լսարանում, որի անդամների համար այդ սուտը շահեկան է և ապահովում է սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը: Իրականությունն այն է, որ ժողովրդավարությունն ընդամենը ծխածածկույթ է, որով Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է սեփական հակապետականությունը (ժողովրդավար ենք, դրա համար այսպիսի հարվածներ ենք ստանում), իսկ միջազգային հանրություն կոչվածը՝ Հայաստանի հաշվին սեփական խնդիրների լուծումն ապահովող իշխանությանն իր աջակցությունը:
Այն քաղաքական այլասերումը, որը Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ժողովրդավարության անվան տակ, ամենևին չի նսեմացնում դեմոկրատիայի իրական քաղաքակրթական և քաղաքական արժեքը: Պարզապես, որքան էլ արժեքավոր, այդուհանդերձ ժողովրդավարությունը սոսկ ներքին կյանքի կազմակերպման կառուցակարգ է և առնվազն փոքր պետությունների պարագայում սակավամտություն է այն դնել արտաքին քաղաքականության հիմքում, ինչպես վարվում է Հայաստանի գործող իշխանությունը: Ժողովրդավարությամբ, այն ճանաչելով կամ մերժելով՝ աշխարհաքաղաքականություն կարող են վարել և վարում են միայն գերտերությունները:
Եվ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը դա չի գիտակցում, ճիշտ հակառակը՝ նա ժողովրդավարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի հիմքում դնելու կործանարար քայլին գնացել է խիստ հաշվարկված, քանի որ այդ կարգախոսներով հավաքական Արևմուտքն օգնում է նրան պահպանել իշխանությունը՝ երկրի ներսում հաստատելով բովանդակությամբ բռնատիրական կարգեր: Այն տարբերությամբ, որ Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ միայն կամ ոչ այնքան բռնապետ է, որքան դռնապետ, որովհետև հանուն իշխանության պահպանման արդեն իսկ բացել է Արցախի դռները և պատրաստ է բացել Հայաստանի դռները բոլոր նրանց առաջ, ովքեր Եվրախորհրդարանում կրակոտ ելույթներ չեն ունենում ու ծափերի չեն արժանանում, որովհետև եվրոպացիները նրանից գնում են ոչ թե ժողովրդավարության մասին էժանագին պոպուլիզմ, այլ էներգակիրներ և դրանց հիման վրա կառուցվող աշխարհաքաղաքականություն:
Հարություն Ավետիսյան