Դասագիրքը պատմագիտական չլուծված խնդիրների լուծման տիրույթ չէ. Սմբատ Հովհաննիսյան
«Հայոց պատմություն 7» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի դիտարկումները՝ հանրային քննարկման առարկա դարձած մի շարք հարցերի շուրջ
Վերջին օրերին իմ հեղինակած Հայոց պատմության դասագիրքն ինքնօրինակ լակմուսի թուղթ հանդիսացավ և վեր հանեց բազմաթիվ թե՛ գիտական, թե՛ էթիկական, թե՛ սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրներ։ Դրանք կուտակված են մեր հասարակության մեջ՝ սկսած առասպելամտածողական, դավադրապաշտական, պաթետիկ զեղումներից և վերջացրած գիտական (պատմագիտական) բազմաթիվ չլուծված, վերարժևորման կարիք ունեցող խնդիրներով, պատմագիտական մտքի որոշակիացման, համաբերման անհրաժեշտությամբ։
Ամենակարևորը, որ այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, այն է, որ ԴԱՍԱԳԻՐՔԸ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԻՐՈՒՅԹ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ։ Մանավանդ որ մինչ օրս դեռ չեն հրատարակվել նախապատմական շրջանից մինչև IV դարը ներկայացնող՝ Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի առաջին և երկրորդ հատորները, որոնցում գոնե ինչ-որ չափով համաբերված-ստանդարտացված կլինեին պատմագիտական բազմաթիվ խնդիրներ, և որոնցից էլ մենք կկարողանայինք օգտվել։ Իսկ քանի դեռ նման հնարավորություն չունենք, մնում է բավարարվել նախորդ դասագրքերի որոշ ամրագրումներով։
Եվ այսպես, կիրակի օրը (08․10․2023) «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի՝ Վանի թագավորության հատվածին իր ծավալուն անդրադարձն է կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Նախ՝ շնորհակալ ենք, որ հարգելի Միքայել Բադալյանը ժամանակ է հատկացրել և դիտարկել դասագրքի տվյալ հատվածը։ Գիտեմ, որ նա իր բնագավառի լավագույն մասնագետներից է, բայց և հարկ եմ համարում արտահայտել իմ անհամաձայնությունը Մ․ Բադալյանի մի շարք դիտարկումների վերաբերյալ։
Ստորև կետ առ կետ ներկայացնում ենք մեր մեկնաբանությունները։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 1.
Էջ 34-ի բառարանում «սեպագիր» բառի բացատրության առնչությամբ Մ․ Բադալյանի դիտարկմանը համամիտ չենք, քանի որ բառարանը կազմելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով՝ տալ եզրույթի ամենաբնորոշ և համառոտ բացատրությունը (սկզբունքը կիրառվել է բառարանի բոլոր եզրույթների նկատմամբ)։ Եվ եզրույթների այդ համառոտ ձևակերպումները ելակետային են, վերջնական չեն, քանի որ շատ լավ գիտենք, որ մի եզրույթի վերաբերյալ կարելի է գրել անգամ մի ամբողջ և նույնիսկ բազմաթիվ գրքեր։
Այժմ՝ կոնկրետ «սեպագրի» մասին։ Դասագրքում գրված է․ «Անվանումը ստացել է գրելու ձևից՝ կավի սալիկի կամ ժայռերի վրա արված սեպաձև նշաններից»։ Ձևակերպման մեջ շեշտել ենք հատկապես «կավե սալիկն» ու «ժայռերը», քանի որ սեպագիր գրության տիպիկ կրիչները կավե սալիկներն են եղել կամ էլ ժայռերը, ինչից բնավ չի հետևում, թե սեպագիր գրությունները չէին կարող ունենալ այլ կրիչներ (ոչ միայն մետաղե առարկաներ, ոչ միայն ուլունքահատիկներ…):
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 2․
Ասուրերենի վերաբերյալ։ Դասագրքում գրված է․ «Ասուրերեն (ասորեստաներեն) – աքքադերենի լեզվական ճյուղ, որով խոսում և գրում էին հին Ասորեստանում։ Ասուրա–բաբելական սեպագիր արձանագրությունների լեզուն»։ Ինչպես տեսնում եք, նախ՝ գրված է, որ «ասուրերենը (ասորեստաներենը) աքքադերենի լեզվական ճյուղ է»։ «Routledge Dictionary of Language and Linguistics» գրքում դրա մասին կարող ենք կարդալ հետևյալը․ «Վկայված հնագույն սեմական լեզուն (սկսած Ք.ա. 3200 թ. մինչև մեր թվարկության սկիզբը), Ասորական և Բաբելոնական կայսրությունների լեզուն: Ք.ա. երկրորդ [հազարամյակից] հետո աքքադերենը տրոհվել է երկու բարբառի (ասուրերեն, բաբելոներեն), որոնք գրվել են շումերերենից փոխառված սեպագրով» (Oldest attested Semitic language (app. 3200 BC to around the turn from BC to AD), the language of the Assyrian and Babylonian empires. After the second [millennium] BC Akkadian split into two dialects (Assyrian, Babylonian), written in cuneiform borrowed from Sumerian։ — Էջ 35։ Տե՛ս նաև Richard Caplice, Introduction to Akkadian (Studia Pohl), Loyola Pr, 1988, p. 3)։ Ինչպես տեսնում ենք, սույն բացատրությունը դասագրքի բառարանում տրված բացատրությունից գրեթե չի տարբերվում։ Իսկ ինչ վերաբերում է Բադալյանի այն դիտարկմանը, թե «ասուրերենը աքքադերենի կարևոր խոսվածքներից է: Աքքադերենի մյուս գլխավոր խոսվածքն է բաբելերենը», ապա դա բնավ էլ իմ գրածին չի հակասում․ ճիշտ ու ճիշտ ասում է այն, ինչ գրված է դասագրքում։ Ուստի անհասկանալի է մնում բառարանում «ասուրերեն» բառի բացատրության հարուցած տարակուսանքը։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 3․
Վանի վերաբերյալ դիտարկման առնչությամբ պարզապես բերենք գրքի համապատասխան հատվածը․ «Եվ արդեն Ք.ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արարատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն»։ Ինչպես տեսնում ենք, հստակ գրված են երկրի տարբեր անվանումները՝ Ուրարտու-Արարատ-Բիայնիլի-Վան։ Իսկ «Վանի թագավորություն» անվանում ենք՝ հենց Վան քաղաքի անունից ելնելով, ինչն ուղղակիորեն չի նշանակում, թե Վան անունով քաղաքը կար Ուրարտուի ստեղծման պահին։ Միայն արձանագրվում է, որ «Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը»։ Իմ ձևակերպումն ավելի շուտ բաց է թողնում ժամանակագրության հարցը, այն է՝ կոնկրետ երբ է առաջացել Վանի թագավորության անվանումը։ Մի բան, որը քննարկման դաշտ է բացում։
Այդուամենայնիվ, համաձայն ենք, որ կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ եզրույթի՝ մասնագետների կողմից ստեղծված լինելու իրողությունը՝ տարընթերցումներից խուսափելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 4․
Դասագրքի 35-րդ էջում Տուշպա քաղաքի մասին գրված է․ «Նա [Սարդուրի I արքան] Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը»։ Ինչպես տեսնում ենք, տեքստում խոսքը Տուշպան իբրև մայրաքաղաք կառուցելու մասին է, որից չի հետևում, թե դրանից առաջ այդ քաղաքը չկար (հարկավ, ես ծանոթ եմ Երվանդ Գրեկյանի (որը Հայաստանի լավագույն ուրարտագետն է) տեքստին, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ բազմաթիվ այլ մենագրությունների ու հոդվածների)։ Զուգահեռ կարող ենք տանել Կոնստանտինոս I-ի՝ Բյուզանդիոնն իբրև Հռոմի մայրաքաղաք կառուցելու/դարձնելու հետ։ Բյուզանդիոնը կար Կոնստանտինոսից առաջ էլ, բայց այն իբրև մայրաքաղաք կառուցվեց հենց նրա՛ կողմից, ինչպես որ Տուշպան՝ Սարդուրի I-ի։ Իսկ այն, որ Տուշպան եղել է Վանի թագավորության (Ուրարտուի) մայրաքաղաքը, վկայում են անգամ Ասորեստանի արքաները, դիցուք՝ Թիգլաթպալասար III-ը (տե՛ս Երվանդ Գրեկյան, Բիայնիլի-Ուրարտու. պետություն և հասարակություն (Պատմահնագիտական հետազոտություն), ատենախոսություն, Եր․, 2016, էջ 33)։ Պարոն Միքայելյանի նշած մնացած մանրամասնությունները, բնականաբար, դուրս են 7-րդ դասարանի աշակերտին մատուցվելիք նյութի շրջանակներից։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 5․
Ինչ վերաբերում է դասագրքի 37-րդ էջում տեղադրված Վանի բերդի նկարին առնչվող գրությանը՝ «Ք․ա․ 9-7-րդ դդ․», ապա նկատի ենք ունեցել բերդի ԿԱՌՈՒՑՄԱՆ ժամանակը։ Թեև կարծում ենք, որ կարելի է և համաձայնել դիտարկմանը (այո, արժեր, որ տրվեր բացատրություն՝ տարընթերցումից խուսափելու համար), բայց միևնույն ժամանակ նկատենք նաև, որ քիչ հավանական է ժամանակային նշված միջակայքն իբրև սկզբի և ավարտի ժամանակաշրջան ընկալելը, մանավանդ որ Վանի բերդը գոյություն ունի նաև մեր օրերում։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 6․
Դասագրքում չենք անդրադարձել Ինուշպուա, Մելարտուա արքայազներին, Վանի թագավորության հայտնի երկրորդ թագուհուն՝ Կակուլիին (այստեղ նշենք, որ վերջերս պարզվել է ուրարտական մեկ այլ թագուհու անուն ևս), ինչպես նաև ուրիշ արքաների և պատմական կարևոր դերակատարների, քանի որ, կրկնենք մեկ անգամ էլ, մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ ԴԱՍԱԳԻՐՔԸ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ ՉԷ, ՇՏԵՄԱՐԱՆ ՉԷ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԶԵՏԵՂԵՆՔ և ծանրաբեռնենք 7-րդ դասարանի աշակերտի հիշողությունը։ Սա ես գիտեմ նաև դպրոցում դասավանդման իմ երկարամյա փորձառությունից։ Այսօր սա նաև շեշտադրվում է ժամանակակից մանկավարժության, կրթական տեսությունների մեջ՝ դասագրքաստեղծման հարցերին անդրադառնալիս։
Ի դեպ, այդպիսի մանրամասներ չկան նաև նախորդ դասագրքերում (տե՛ս Հայոց պատմություն։ 6-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական հիմնական դպրոցի համար/ Ա․ Մելքոնյան, Ա․ Մովսիսյան, Է․ Դանիելյան, Եր․, Զանգակ, 2018, էջ 42-69; Հայոց պատմություն (հնագույն և հին շրջան)։ 6-րդ դասարանի դասագիրք/ Հարությունյան Բ․, Բարխուդարյան Վլ․, Ղարիբյան Ի․, Հովհաննիսյան Պ․, Եր․, Մանմար, 2018, էջ 42-53)։
Բայց համոզված ենք, որ այդ և այլ մանրամասներ ևս անհրաժեշտ է ներկայացնել արդեն 10-րդ դասարանի դասագրքում։ Ի վերջո, եթե անգամ ամեն ինչ, մի պահ պատկերացնենք, հնարավոր լինի զետեղել 7-րդ դասարանի հայոց պատմության 176 էջերում, ապա ի՞նչ են անելու աշակերտները 10-րդ դասարանում։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 7․
Դասագրքի 42-րդ էջում նշել ենք, որ Ք․ա․ 714 թ․ Սարգոն II-ի կողմից Մուսասիրի գրավումից հետո հաջորդ արքաները կարողացել են վերականգնել թագավորության տարածքները՝ վերանվաճելով նաև Մուսասիրը։ Այս ձևակերպումը արել ենք՝ հենվելով հայտնի ֆինն ասուրագետ Սիմո Պարպոլայի (Simo Parpola) դիտարկման վրա (տե՛ս S. Parpola (Hrsg.), Correspondence of Sargon II, Helsinki, 1987, pp. xix-xx), որտեղ նա պնդում է, որ հաջորդ տարի՝ Ք․ա․ 713 թ․, հաջողվում է ոչ միայն վերականգնել վերահսկողությունը Մուսասիրի նկատմամբ, այլև Մուսասիր վերադարձնել Խալդի աստծո առևանգված արձանը։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 8․
Ինչ վերաբերում է 40-րդ էջում զետեղված լուսանկարին, այնտեղ թավ տառերով գրված է՝ «Իշպուինիի՝ վանյան (ուրարտերեն) լեզվով գրված արձանագրություններից (Վան)», ինչը հստակ ցուցանում է լուսանկարի նկարագիրը։ Իսկ քանի որ մեր դիմած թանգարաններից և ոչ մեկը չուներ Աշոտակերտի արձանագրության լուսանկարը (այդ թվում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը), ապա իբրև Վանի թագավորության (Ուրարտուի) արձանագրության նմուշ՝ մենք զետեղեցինք այն լուսանկարը, որն ունեինք։ Չեմ կարծում, թե շփոթմունք կարող է ծագել, և թե ուշադիր կարդացողը չի հասկանա, որ վերևում զետեղված արձանագրությունը Իշպուինիի արձանագրություններից մի նմուշ է (Վանից), իսկ ներքում զետեղված սկզբնաղբյուրը Իշպուինիի՝ Աշոտակերտի արձանագրության թարգմանված տեքստից է։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 9․
Քարտեզի առնչությամբ մենք արդեն ասել ենք, որ իրոք տեղի է ունեցել շփոթմունք․ Իշպուինի արքայի (Ք․ա․ մոտ 825-810 թթ․) ժամանակների՝ Վանի թագավորության չմշակված քարտեզն է շփոթաբար զետեղվել Արգիշտի II-ի ժամանակների քարտեզի փոխարեն։ Չմշակված ասելով՝ նկատի ունենք Միքայել Բադալյանի մատնանշած հարցերը։ Եվ, բնականաբար, Իշպուինիի կառավարման տարիներին Էթիունին (Էթիուխին), որի տարածքի զգալի մասը համապատասխանում է ժամանակակից Հայաստանի Հանրապետությանը, բնավ էլ ներառված չի եղել Իշպուինիի ժամանակների Վանի թագավորության կազմում․․․ Էթիունին Վանի թագավորության մեջ կներառի միայն Արգիշտի I-ը (գոնե առայժմ գիտությանը հայտնի տվյալներով)։ Իշպուինիի կառավարում ասելով՝ հարկավ, նկատի ունենք նաև Մենուայի հետ համատեղ կառավարումը, և քարտեզում դիտարկված են նաև այդ ժամանակները։ Իսկ (շփոթաբար զետեղված քարտեզում) սահմանի՝ մինչև Արաքսի ափ հասնելու մասին գրել է ճանաչված ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանն իր «Բիայնիլի» (1970 թ․) կոթողային մենագրության մեջ (էջ 147 և 149)։ Այդպիսի հղումներ շատ կան, բայց բավարարվենք այսքանով։
Իսկ այն, որ իրոք անհամապատասխան քարտեզ է զետեղվել էջ 41-ում, դա ակնհայտ է դառնում քարտեզի ներքևում զետեղված առաջադրանքներից․ դրանք չեն վերաբերում տեղադրված քարտեզին, այլ ենթադրում են այլ քարտեզ։
Հավելենք նաև, որ քարտեզների հարցի քննարկումը վեր հանեց ևս մի խնդիր․ մինչ օրս մենք չունենք բացատրական քարտեզների ժողովածու։ Քարտեզներ, որտեղ գիտական հիմնավորվածությամբ կներկայացվի, թե ինչու է այս կամ այն տարածքը/երկրամասը նշված հենց տվյալ սահմաններով։ Այս խնդրին բախվեցինք, երբ միևնույն ժամանակների վերաբերյալ տարբեր քարտեզների հանդիպեցինք։ Գիտական մեկնաբանություններն անհրաժեշտ են, որպեսզի հնարավոր լինի հիմնավոր քարտեզները զատորոշել կամայական կերպով սահմանագծված քարտեզներից։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 10․
Դասագրքի 45-46-րդ էջերում Վանի թագավորության կրոնի մասին խոսել ենք այն ծավալով, որը համապատասխան կլինի 7-րդ դասարանի աշակերտների տարիքին։ Ծիսապաշտամունքային մանրամասնությունները, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, նպատակահարմար ենք գտել թողնել 10-րդ դասարանի համար։ Ինչպես արդեն մեկ անգամ նշեցինք, դասագիրքը գրելիս նկատի ենք ունեցել նաև այն, որ 7-րդ դասարանի նույն թեմաները ուսումնասիրվելու են նաև 10-րդ դասարանում, հետևաբար այդ երկու դասարանների նյութերը պետք է այնպես դասավորվեն և ներկայացվեն, որ միմյանց լրացնեն և հնարավորինս քիչ կրկնեն։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 11․
Ինչ վերաբերում է հարեմին, համոզված ենք, որ հայտնագործություն չենք արել, քանի որ դրա գոյության մասին կան թե՛ արձանագրային, թե՛ հնագիտական վկայություններ։ Եվ ուրարտագետ չլինելով՝ տեղյակ եմ Արգշիտիխինիլիի, Գիրիքթեփեի հարեմի բաժանմունքների մասին (տե՛ս Երվանդ Գրեկյան, նշվ․ աշխ․, էջ 163 և 166։ Օտարալեզու աշխատություններ ևս կան)։ Ինչ վերաբերում է «Տուշպայի հարեմին», այդ տեղեկությանը ես հանդիպել եմ նախ՝ Երվանդ Գրեկյանի հոդվածներից մեկում, որտեղ հարգարժան գիտնականը նշում է, որ «Ըստ մի կարծիքի՝ Ուրարտուի արքա Մենուա Իշպուինորդին (Ք.ա. մոտ 810-790 թթ.) իր արձանագրություններից մեկում հիշատակել է իր մայրաքաղաք Տուշպայի հարեմը», իսկ հետո հավելում, որ «Տեքստը, անշուշտ, թերի է համոզիչ լինելու համար, բայց եթե դա ճիշտ է, ապա կարող էր գրանցվել ուրարտերեն «հարեմ» բառը» (Yervand Grekyan, A note on the Toprakkale tablet, N.A.B.U., 2016/1 (mars), p. 55։ Տե՛ս նաև p. 240)։ Հարկավ, այստեղ նկատելի է տեղեկության թեականությունը, բայց նաև դրա հնարավորությունը։ Իսկ Մենուա արքայի՝ դասագրքում հիշատակված արձանագրության մեջ այսպես է գրված (տալիս ենք թարգմանությունը)․ «Մենուա Իշպուինորդին ասում է. «Առաջին անգամն է, որ այդքան շատ կանայք մտան Տուշպա քաղաքի հարեմ (?)․ «Եթե կա թագավոր, որը կարող է կանանց տանել Լուհիունի երկրից Տուշպա, դա Մենուան է, Իշպուինիի որդին…» (Salvini, M., Corpus Dei Testi Uratei Vol. I-II-III, Istituto dı Studi Civilta Dell’e Egeoe Del Vicino Oriente, Roma, 2008)։
Ինչ վերաբերում է «հարեմին» չանդրադառնալուն և այլ՝ «ավելի օգտակար և հրապուրիչ» տեղեկություններով տեքստը լցնելուն, հարկավ, կարելի էր, սակայն կարևոր ենք համարել նաև դասագրքում ներկայացնել տվյալ հասարակությունը, մանավանդ սոցիալական կարգը։ Դա շատ լավ հնարավորություն է տալիս աշակերտներին՝ համեմատություններ անելու իրենց ժամանակների և այդ ժամանակների միջև։ Եվ հիմք է ստեղծում հետագայում անդրադառնալու բազմակնությունից միակնության անցմանը քրիստոնեության շրջանում։
Իսկ դատելով Վանի թագավորությունում «հարեմի» գոյության վրա հասարակության զարմանալուց՝ կարող ենք ասել, որ փաստորեն պե՛տք էր դա նշել, քանի որ շատերը նույնիսկ չէին էլ մտածում, որ Վանի թագավորությունում ևս եղել է բազմակնություն, և արքաներն էլ ունեցել են «հարեմ»։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 12․
Դասագրքի 48-րդ էջում նշված է, որ «Վանի թագավորությունը որդան կարմիր [․․․] էր մատակարարում մի շարք երկրների»։ Միանգամից նշեմ՝ որդան կարմիրի մասին այդ տեղեկությունը վերցրել ենք գիտական հետազոտություններից, դիցուք՝ Elena Phipps-ի «Cochineal Red։ The Art History of a Color» աշխատությունից, որտեղ գրված է․ «Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, հատկապես Արարատ լեռան ստորոտի հարթավայրային հովտում կարմիր ներկ է ստացվել Porphyrophora hamelii տեսակի այլ միջատից, ներկ, որը գործածվում էր առնվազն մ.թ.ա. 714 թվականից, երբ ասորեստանցիները Սարգոն II-ի գլխավորությամբ ներխուժեցին Ուրարտու (Հայաստան): (In the Middle East and central Asia, particularly in the flat grassland of the valley at the base of Mount Ararat, red dye produced from a different insect, of the species Porphyrophora hamelii (the genus name Porphyrophora means “purple bearers”; see fig. 12), was in use from at least 714 b.c., when the Assyrians under Sargon II invaded Urartu (Armenia), էջ 9)»։ Բավարարվենք այսքանով։
Ի դեպ, այս տեղեկությունը հատկապես նրանով է կարևոր, որ նաև ցույց տանք ժառանգորդական կապը Վանի թագավորության և Երվանդական, իսկ հետո նաև Արտաշեսյան հայկական թագավորությունների միջև։ Ընդ որում՝ դա միակ դեպքը չէ․ դասագրքի 65-րդ էջում շեշտել ենք ուրարտական ժառանգության մեկ այլ փաստ ևս՝ գրելով․ «Միհրի պաշտամունքի վկայություններից է հատկապես հայկական «Սասնա ծռեր» էպոսը, մասնավորապես դրան առնչվող «Մհերի դուռը», որտեղից պետք է վերածնվեր Փոքր Մհերը։ «Մհերի դուռը» վկայում է նաև ուրարտական ժառանգության մասին՝ ուղղակիորեն կապվելով «Խալդիի դուռ» հասկացությանը։ Այստեղից էլ՝ Խալդիի և Միհր/Մհերի հաջորդականությունը»։ ՊԱՏԱՍԽԱՆ
ԴԻՏԱՐԿՈՒՄ 13․
Դասագրքի 49-րդ էջում զետեղված է Մուսասիրի տաճարի խորաքանդակի՝ 1849 թ․ Էժեն Ֆլանդինի կողմից արված արտապատկերումը։ Դասագրքում զետեղված այդ պատկերի ներքո գրված է, որ այն «այժմ անհետացել է», ինչը նշանակում է ճիշտ և ճիշտ այն, ինչ նշում է Մ․ Բադալյանը։ Թեպետ դասագրքում չենք գրել, որ այն «ընկել է Տիգրիս գետը», բայց նշել ենք, որ այն անհետացել է։ Կարծում եմ՝ հայերեն «անհետանալ» բառը հենց այդ էլ նշանակում է։ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ում (2009 թ․) «անհետանալ» բառի դիմաց գրված է նաև «կորչել, գետնի տակն անցնել, առանց հետք թողնելու կորչել» (էջ 54)։ Այսպիսով՝ արձանագրել ենք հետևանքը՝ անհետանալը, առանց բացատրելու պատճառը, որն այստեղ բնավ էլ կարևոր չէ։
ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ 14․
Դասագրքի 50-րդ էջում զետեղված «Մհերի դուռ կամ Ագռավու քար, սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ» գրությամբ նկարն ինչ-որ չափով լուսաբանվում է դասագրքի 65-րդ էջում՝ շեշտելու համար Վանի թագավորության և Երվանդական թագավորության ժառանգական կապը։ Վանի թագավորության կրոնին վերաբերող 1․6 գլխում (հնարավոր է նաև 1․4 գլխում) գուցե կարելի էր որոշ մանրամասնություններ տալ Իշպուինիի և Մենուայի՝ Վանի թագավորության կրոնի մասին երկլեզու արձանագրության վերաբերյալ, բայց այստեղ նույնպես մտածել ենք, որ ուսուցիչը ևս կարող է դրան անդրադառնալ, անգամ աշակերտներին դրա վերաբերյալ հանձնարարություն տալ (իսկ հանձնարարություն հաստատ կարող է տալ արդեն Երվանդականների ժամանակաշրջանի հետ կապակցելու դիտանկյունից, ինչպես ակնարկվում է դասագրքի 65-րդ էջում)։ Բացի այդ, նաև մտածել ենք, որ այս հարցերը ևս վերևում հիշատակված նույն պատճառաբանությամբ կարելի է մանրամասնել արդեն 10-րդ դասարանում։ Դասագրքում կան տարբեր հարցերի առնչությամբ ներկայացվող նաև այլ դրվագներ, որոնք ամբողջացնում են պատկերը։ Օրինակ, Միհրի պաշտամունքի՝ Սասնա ծռեր էպոսում պահպանված հետքերի վերաբերյալ դիտարկումը, որով նաև ցույց է տրվում Վանի թագավորության հետ հայկական հետագա թագավորությունների ունեցած ժառանգական կապը։
Սրանք էին իմ մասնագիտական դիտարկումները։
Կրկին շնորհակալություն հարգելի Միքայել Բադալյանին, քանի որ հրաշալի հնարավորություն ստեղծվեց՝ մանրամասներին անդրադառնալով նաև ցույց տալու գիտական այն հիմքերը, որոնց վրա կառուցվել է իմ հեղինակած Հայոց պատմության նոր դասագիրքը։ Սույն գրառման մեջ յուրաքանչյուր փաստարկի դեպքում բավարարվել ենք միայն մեկ գիտական աշխատանքի հղում անելով՝ տեքստը չծանրաբեռնելու նպատակով, մինչդեռ կիրառված գիտական հիմնավորումները մեկից ավելի են։ Ի դեպ, դասագրքին կից ստեղծվել է նաև ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ, որտեղ, բացի մեթոդական ցուցումներից, նշված է դասագիրքը ստեղծելիս օգտագործված գրականության զգալի մասը։
Հ․Գ․ Դասագիրքը գրելիս առաջնորդվել եմ միայն ու միայն գիտությունը նկատի ունենալով։ Ինձ համար մերժելի է ինչպես որևէ խմբավորմանը կամ կուսակցությանը հաճոյանալու կեցվածքը, այնպես էլ դասագիրք գրելը՝ նկատի ունենալով հարևան պետությունների դասագրքերը․․․ Կարևորը գիտությունն է, այս դեպքում՝ պատմագիտությունը, իսկ մնացած խնդիրներով զբաղվող բազմաթիվ կառույցներ կան:
Սմբատ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ