Եթե 2018թ. Կառավարությունը հետևեր մեր եզրակացությանը՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը չէր բարձրանա, կնվազեր. Էդվարդ Արզումանյան

Էներգետիկ առումով մեր տարածաշրջանում Հայաստանը հաղորդակցվում է Իրանի ու Վրաստանի հետ, Թուրքիայի հետ դեռ չենք հաղորդակցվում, իսկ Ադրբեջանի հետ, արդեն 30 տարի է՝ հաղորդակցությունը դադարեցված է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Հայաստանի և տարածաշրջանի էներգետիկ համակարգի անվտանգային հարցերի մասին՝ ասաց Էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993), էներգետիկ ոլորտի մասնագետ Էդվարդ Արզումանյանը։

Տարածաշրջանում Վրաստանն ու Ադրբեջանն ավելցուկ ունեցող էներգոհամակարգեր են, որոնք էներգիա են տալիս Թուրքիային։ Օրինակ, մայիս-հունիս ամիսներին Վրաստանն ու Ադրբեջանը հավասար քանակով էներգիա են ուղարկել Թուրքիա։ Ժամանակ է եղել, երբ չնչին քանակությամբ էներգիա է Հայաստանը տվել Վրաստանին, երևի նպատակ ունենալով, որ նա ուղարկի դեպի Թուրքիա։

«Իրանի հետ էներգոհամակարգերն այսպես են համակցված՝ Հայաստանն Իրանին տալիս է էլեկտրաէներգիա, որի դիմաց ստանում ենք բնական գազ, այսինքն՝ մենք գազ ստանում ենք միայն նրա համար, որ դրանով էլեկտրաէներգիա արտադրենք՝ 1/3 հարաբերակցությամբ տանք Իրանին։ 2025-2026 թվականներին Իրանում Ռուսաստանը պետք է գործարկի երկու բլոկ՝ յուրաքաչյուրը 1060 մգվ հզորությամբ։ Երբ սա սկսի աշխատել, Իրանում կարտադրվի 25 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան մեզանից տարեկան ստանում էին։

Կարդացեք նաև

Ի դեպ, Իրանին մենք ամենաշատը էլեկտրաէներգիա տվել ենք 2017-2018 թվականներին»,- նշեց մասնագետը։

Նրա փոխանցմամբ, վերջին տարիների գործընթացներն ապացուցեցին, որ տարածաշրջանը Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանում չի պահանջում և՛ հյուսիս, և՛ հարավ, այլ ցույց տվեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Իհարկե, կլինեն վթարային վիճակներ, որի դեպքում Հայաստանը, օրինակ, Վրաստանից ու Իրանից կարող է էլեկտրաէներգիա ստանալ, ինչպես եղավ 2019 թվականին։ Հետևաբար, հարևան երկրների էներգետիկ համակարգից օգտվելու պայմանը միշտ եղել է ու կլինի միայն վթարային դեպքերում։

Ինչ վերաբերում է Հայաստանի ատոմակայանը փակելու վերաբերյալ Թուրքիայի պահանջներին, Էդվարդ Արզումանյանը հիշեցրեց, որ Թուրքիան նման պահանջներ սկսել է դնել 2000 թվականից։

«Ատոմակայանը 2-3 տարի առաջ լինելով մեր համակարգին մոտավորապես 35-40 տոկոսը տվող էլեկտրակայանը, ուներ միաժամանակ իր արտադրած էլեկտրաէներգիայի համակարգում ամենացածր սակագինը՝ մոտ 8-9 դրամ՝ 1 կվ ժամի համար։ Այսօր սակագինը կազմում է մոտավորապես 18 դրամ։ Ատոմակայանի աշխատանքները երկարացնելով՝ գործարկման ժամկետը, ազդում է մեր սակագների վրա։

Մեր այսօրվա վարչապետը, որ նախկինում ԱԺ խմբակցության ղեկավար էր, տարիներ առաջ հետաքրքրվում էր, թե որտեղ ի՞նչ սակագին է ու ի՞նչ կարող են անել, բոլորը ներկայացրել եմ նրան։ 2018 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանն իրեն կից ստեղծեց աշխատանքային խումբ՝ էներգետիկների խմբից բաղկացած, որոնք հավաքվեցին և քննարկում էին կրկին այդ հարցերը։ Երեք ամիս այդ խումբն աշխատեց և ներկայացրեց դիրքորոշում, մոտ 10 էջի վրա գրել էինք, որ էլեկտրական համակարգում սակագինը կարող է նվազեցվել՝ համակարգում եղած խնդիրները վերհանելու և վերացնելու արդյունքում։ Գազի սակագինը, որը 135 հազար դրամ էր, այն կարելի էր իջեցնել 10 տոկոսով։ Դժբախտաբար, 2018 թվականի հոկտեմբերին Կառավարությունը նայելով այդ եզրակացությանը, մեզ պատասխանել էր, պատասխանը ստորագրել էր այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասելով, որ ամեն ինչ նայել են և հասկացել, որ տասն էջանոց 10 ուղղությունները, որոնք կարող են բերել սակագնի նվազեցմանը՝ սխալ են ու անընդունելի»,- հավելեց Էդվարդ Արզումանյանը։

Թե ինչպես է կառավարությունը հիմնավորել մերժումը, Էդվարդ Արզումանյանը չգիտեր, քանի որ խումբը Կառավարությունից խնդրել էր հանդիպում, սակայն այդ հանդիպումն առ այսօր տեղի չի ունեցել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս