«Այս մարդիկ չեն հասկանում՝ ովքեր են մեր հարևանները, ու ինչ կարող է լինել». Էդվարդ Արզումանյան

ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993թթ.), էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան Հայաստանի ատոմակայանի փակման պահանջ է դրել դեռևս 1995 թվականին, երբ Սպիտակի երկարաշարժից հետո ատոմակայանը վերագործարկվեց, որին անձամբ է մասնակցել։

«Ինքս մասնակցել եմ ատոմակայանի վերագործարկմանը՝ լինելով Մոսկվայում՝  ռուսներից ամեն ինչ պահանջելու, խնդրելու համար, որպեսզի այնպես անեն, որ 1995 թվականին կարողանանք վերագործակել ատոմակայանը։ Վերագործարկումից հետո, կարելի է ասել, որ մութ ու ցուրտ գիշերները, օրերը վերացան։ Իհարկե, 1995 թվականին, երբ մենք վերագործարկում էինք, ռուսական կողմին խնդրում էինք, որպեսզի երկաթգծի ճանապարհները բացեն, որ կարողանանք ատոմակայանը նորմալ ձևով ապահովենք նոր թարմ ուրանային վառելիքով, սակայն այդ ճանապարհներն այդպես էլ, 28 տարի է՝ չեն բացվել, թեպետ խոստացել էին բացել։ 1995 թվականի փետրվարի 9-ին առաջին անգամ ստիպված էի Մոսկվայից «ԻԼ-76» ռազմաօդային տրանսպորտային ինքնաթիռով ուրանային վառելիքը՝ կասետաները բերել Հայաստան։ Առաջին անգամ միջազգային պրակտիկայում ես եմ, որ այդ վառելիքը բերել եմ Հայաստան, այդ ժամանակ՝ փետրվար-մարտ ամիսներին, 6 ռեյս արեցինք, բերեցինք ու կահավորեցինք մեր ռեակտորի կորպուսը նոր վառելիքով»,- ասաց Էդվարդ Արզումանյանը՝ խոսելով ՀՀ էներգետիկ անվտանգության և Թուրքիայի՝ ատոմակայանը փակելու վերաբերյալ պահանջների մասին։

Թե ինչպե՞ս այն ժամանակ իրեն հաջողվեց համոզել ՌԴ իշխանությունների համապատասխան օղակներին, որպեսզի կարողանա ուրանային վառելիք բերել Հայաստան՝ հարցին, նա պատասխանեց՝ շատ պարզ, քանի որ և՛ ինքն էր գործից հասկանում, և՛ ՌԴ համապատասխան օղակները, ուստի իր աշխատանքն արդյունք տվեց։

«Մինչ այժմ մեր ատոմակայանն այդպես էլ աշխատում է, 28 տարի է՝ մենք տարին մեկ անգամ օդային ճանապարհով բերում ենք ուրանային վառելիքը։ 4 տարի հետո, երբ այդ վառելիքն այլևս չի կարող աշխատել, հանում են ու կողքին դասավորում։ Հիմա 28 տարիների ընթացքում այդ վառելիքն այնքան է գոյացել, որ նայում ես՝ վախենում ես։ Նույնն անում են ռադիոակտիվ թափոները, երկաթգիծը չի աշխատում, այդ բոլորը կուտակվում է։

Կարդացեք նաև

Այսպիսով՝ մեր ատոմային բլոկը՝ 451 ՄԳՎ, որն աշխատում է, իհարկե, մեր էներգո համակարգին մեծ օգուտ է տալիս։ Օրինակ, 470 ՄԳՎ ավելի հզոր, քան ատոմային բլոկն է, Հրազդանում «Հրազդան-5» ջերմային բլոկը կանգնած է, քանի որ դրա արտադրած էլեկտրաէներգիայի պահանջարկը չկա։ Եթե այդ ատոմակայանը կանգնի, ապա այն ջերմային բլոկը կաշխատի։ Կամ՝ մենք Իրանին մոտ 200 ՄԳՎ էներգիա ենք տալիս, եթե ատոմակայանը կանգնի՝ մենք չենք տա»,- շեշտեց նա։

Շարունակելով թեման, փորձագետն ասաց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն այն է, որ ասում են՝ ձեր ատոմակայանը պետական սահմանից ընդամենը 16 կմ է հեռու, ինչը վտանգավոր է, քանի որ 40-45 տարի առաջվա է։

«Ասում են՝ «սռոկն» անցել է, աշխատանքը կանգնեցրել, ու մի երկարացրեք ու աշխատեցրեք։ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը սա է, դրա համար էլ երկաթգիծը չի բացում, որ հանկարծ օգտագործված թափոները չտանենք ու նոր վառելիք չբերենք։ Սա նոր պահանջ չէ, տարիներ շարունակ պահանջում են, հիմա էլ նորից կրկնում են, թե ինչ կլինի՝ այլ հարց է։ Հիմա որոշ մասնագետներ ասում են՝ եկեք ավելի մեծ հզորությամբ ատոմակայան կառուցենք, որ մյուս ատոմակայանի արտադրանքը վաճառենք։ Այս մարդիկ չեն հասկանում՝ ովքեր են մեր հարևանները, ու ինչ կարող է լինել։ Ավելին՝ ատոմակայան կառուցելը մեկ օրվա գործ չէ, ամենաքիչը 10 տարի է  պահանջվում։ Արդյո՞ք այդ մարդիկ պատկերացնում են, թե 10 տարի հետո մեր շրջակայքում՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, ինչ էներգետիկ մթնոլորտ է լինելու։ Ամեն ինչ չեն հաշվարկել, որովհետև մասնագետ չեն»,- եզրափակեց Էդվարդ Արզումանյանը։

Տեսանյութեր

Լրահոս