Էներգետիկ ոլորտում կան չհիմնավորված կորուստներ, վերացնելու համար ղեկավար մարմիններում չկան մասնագետներ. Էդվարդ Արզումանյան

ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993), էներգետիկ ոլորտի մասնագետ Էդվարդ Արզումանյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է էներգետիկ լուրջ խնդիրների առաջ, որոնք լուծելու համար անհրաժեշտ են ոլորտի որակյալ մասնագետներ, որոնք այս կառավարության կազմում չկան։

Ըստ նրա, թերություններ կան ոչ միայն ատոմակայանի գծով, այլև գազի համակարգի, այդ թվում՝ սակագների հետ կապված.

«Այսօր մեր գործող ատոմային բլոկն այնպիսի վիճակում է, որ պետք է մտածենք ոչ թե նորը կառուցելու, այլ այդ վիճակը հաղթահարելու մասին։

Դեռևս 2018 թվականին եմ այս իշխանությանն ասել, որ էներգետիկայի ոլորտում սխալներ եք անում։ Փոխանակ գազի, էլետրաէներգիայի սակագներն իջեցնեն, բարձրացնում են։ Այս տարի երևի սակագները չեն բարձրացնում՝ զուտ ամոթից ելնելով, երևի չգիտեն՝ բարձրացնեն ու դրա անունն ինչ դնեն։ Այս ոլորտում կան չհիմնավորված կորուստներ, սա վնասում է մեզ»,- 168.am հետ զրույցում ասաց նա:

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ատոմային անվտանգության վերահսկողության պետական կոմիտե, որից հետո արվել են չհիմնավորված հայտարարություններ։

«Նա երևի առաջին անգամ է այցելում այդ կառույց, որտեղ հայտարարել էր, թե նոր ատոմային բլոկ կլինի, ու քննարկում են ամերիկյան մոդուլային ռեակտորների հարցը։ Այս թեման կարևոր է, քանի որ դրա վերաբերյալ հիմար մտքեր են արտահայտում։ Սրան հաջորդող օրը ՀՀ-ում Չինաստանի դեսպանն է այցելել Ատոմակայան ու խոսել ատոմային էներգիայի մասին, բայց ոչ մի խոսք չեն ասել, որ Չինաստանի կողմից ՀՀ-ում կառուցվի նոր ատոմային բլոկ»,- ասաց Էդվարդ Արզումանյանը։

Ըստ փորձագետի՝ խնդիրների վերաբերյալ  մշտապես նամակ է գրում Կառավարությանը, սակայն դրանց արձագանքը մշտապես նույնն է՝ իր բերած փաստարկները Կառավարության համար ընդունելի չեն։

«Նամակներն ուղարկում եմ Տարածքային կառավարման նախարարություն, այնտեղ էլ նախարարը մասնագետ չէ, իսկ փոխնախարարը, որը համակարգում է  էներգետիկայի ոլորտը, նույնպես մասնագետ չէ։ Դրա համար իմ ասածները մնում են օդում, քանի որ որևէ բան չեն ընդունում։

Պարզ է, Նիկոլ Փաշինյանն էներգետիկ չէ, նաև Պաշտպանության գծով մասնագետ չէ, նույնիսկ չի էլ ծառայել։ Այսինքն՝ ղեկավար մարմիններում մասնագետներ չկան, էներգետիկայի ոլորտը հիմա համակարգում են փորձ չունեցող անձնավորություններ։ Դրա համար էլ վիճակը սա է։ Եթե երկրի ղեկավարը, նախարարները մասնագետներ չեն, գոնե նախարարների տեղակալներին մասնագետներ նշանակեն, որ ոլորտը կոլապսի չենթարկվի»,- նշեց Էդվարդ Արզումանյանը։

Տեսանյութեր

Լրահոս