Իսրայելապաղեստինյան պատերազմում Իրանի ներգրավումը կարող է կործանարար լինել տարածաշրջանային բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար. իրանագետ

Այս տարվա հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելապաղեստինյան պատերազմը, 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից ի վեր առաջին ուղիղ հակամարտությունն է: Մասնագիտական որոշ շրջանակներ այս իրադարձություններն անվանում են նաև պաղեստինյան երրորդ դիմադրական շարժում։

Ռազմական գործողությունները սկսեցին վաղ առավոտյան: Պաղեստինյան հարձակմանը մասնակցած կազմակերպությունները ներառում են Համասը, Իսլամական Ջիհադը և Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը:

Պատերազմն այժմ էլ ընթանում է աննախադեպ ինտենսիվությամբ: Կիրառվում են հրթիռային համակարգեր: Հակամարտող երկու կողմերում էլ անցած մի քանի օրերին զոհերի թիվն անցել է 1000-ը: Յուրաքանչյուր կողմում վիրավորների թիվը հասնում է 5000-ի:

Այդուհանդերձ, աշխարհի տարբեր երկրներ պատերազմի դադարեցման ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչեր են անում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինին, սակայն, 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ առկա թեժ իրավիճակում շատ բարդ է կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ:

Կարդացեք նաև

«Եթե Իսրայելը շարունակի հարվածել Գազայի հատվածը, ապա շատ երկրներ կարող են միանալ գործողություններին՝ պաշտպանելու Պաղեստինի ժողովրդին: Եթե բազմաթիվ երկրներ ներգրավվեն պատերազմի մեջ, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու մեծ պատերազմ բռնկվել»,- ասաց նա:

Փորձագետի գնահատմամբ՝ այս ֆոնին Իրանն ամեն կերպ խուսափում է որևէ ձևով ներգրավվել ռազմական գործողություններում: Հոսեինին հիշեցրեց այդ երկրի կողմից հնչեցված հայտարարությունը, որ իրենք ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ որևէ կապ չունեն, սակայն աջակցում են խմբավորման ու Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու անվտանգությանը: Այդուհանդերձ, իրանագետը տեսակետ հայտնեց, որ իրավիճակի թեժացման ու Իսրայելի կողմից իրանական ուժերին կամ շահերին հարված հասցնելու պարագայում՝ Իրանը նույնպես կարող է պատասխան հարված հասցնել:

«Այդ պարագայում, բոլոր վայրերում, որտեղ Իսրայելը ներկայություն ունի, կարող է Իրանի օրինական թիրախը դառնալ, այդ թվում՝ Ադրբեջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանում պատերազմի բռնկումը և ռուս-ուկրաինական պատերազմի շարունակականությունը սպառնում է նոր համաշխարհային պատերազմով, ինչից պետք է ամեն կերպ խուսափել:

Հնարավոր ռազմական գործողությունների մեկնարկի պարագայում, ըստ փորձագետի, կարող են կիրառվել նաև միջուկային զենքեր, ինչը կործանարար ազդեցություն կունենա տարածաշրջանային բոլոր պետությունների համար: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան, Ադրբեջանին պաշտպանելու նպատակով, կհամարձակվի հարձակվել Իրանի պես երկրի վրա՝ իրանագետը համոզմունք հայտնեց, որ չնայած բավականին ուժեղ բանակի առկայությանը, այդ երկիրը կզգուշանա նման քայլից:

«Իրանի ռազմական ուժերը, տարիներ շարունակ, բերվել են այն աստիճանի, որ կարող են պատերազմել Իսրայելի ու Ամերիկայի պես պետությունների դեմ, ոչնչացնել ամերիկյան ռազմաբազաները: Իսրայելը որքան էլ ուժեղ է՝ պետք է հաշվի առնել, որ Իրանը պրոիրանական ռազմական խմբավորումներ ունի Իրաքում, Սիրիայում, Լիբանանում ու Եմենում, որոնցում ներառված զինյալների միասնական թիվը կարող է անցնել 100.000-ը: Պատերազմի բռնկման դեպքում՝ Իրանը կարող է օգտագործել այդ ուժը և նաև իր ունեցած հզոր զենքերով լուծել իր առջև դրված խնդիրները»,- ասաց նա՝ այդուհանդերձ, արձանագրելով, որ տարածաշրջանում վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը զգալի ավելացել է, և տարածաշրջանային իրավիճակը փոփոխելու ուղղությամբ նրանց համատեղ գործողությունները չկանխելու դեպքում հետագայում կարող ենք կանգնել բարդ խնդիրների առջև:

Այս ամենի ֆոնին, հաշվի առնելով տարածաշրջանային պատերազմներում համաշխարհային գերտերությունների ներգրավվածությունն ու շահերը, Փույա Հոսեինիի համոզմամբ, Հայաստանը նույնպես պետք է փորձի գերզգուշավոր արտաքին քաղաքականություն վարել՝ չլարելու համար մյուս տերությունների հետ հարաբերությունները: Հակառակ դեպքում, ըստ նրա, Անդրկովկասում ցանկացած պայթյուն կործանարար է Հայաստանի համար:

«Այս դեպքում անգամ գոյության խնդրի առջև կարող ենք կանգնել: Իրանի կողմից Ադրբեջանում տեղակայված իսրայելական ուժերի ուղղությամբ հարվածելու դեպքում, Ադրբեջանը, իհարկե, նույնպես շատ մեծ վնասներ կարող է կրել: Սակայն հիբրիդային այդպիսի պատերազմները միայն երկու պետությունների մեջ չէ, որ տեղի են ունենում: Դրա մեջ ներառվում են նաև այլ պետություններ, ու շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը նույնպես ներքաշվի նոր պատերազմի մեջ, ինչը մեզ հիմա, մեղմ ասած, պետք չէ»,- ասաց Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինին:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս