Արցախում ՀՀ ստորաբաժանումնե՞ր են եղել. հայաստանյան որոշ շրջանակների ակնարկներն ու Ալիևի պնդումները
Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց տեղեկություններով՝ օկուպացված և հայաթափված Արցախում «գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք դեռ թաքնվում են»:
«Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառային, ուստի մեզ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջովին այն «մաքրենք» զինյալ խմբավորումներից»,- ասել է Ալիևը:
Ըստ լրատվամիջոցների, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ արած հայտարարությանը՝ պնդելով.
«Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։
Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ՝ Ադրբեջանի ահաբեկիչներ:
Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը»:
Թե Ադրբեջանի նախագահն ինչի՞ հիման վրա և ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում, չենք կարող ասել: Բայց հոկտեմբերի 9-ին «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, հետևյալ հռետորական հարցն էր բարձրացրել.
«Արցախում այս պահին մեկ տասնյակից քիչ ավել հայ է մնացել։ Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 100,632 արցախցի։ Որտե՞ղ մնացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները։ Որևէ մեկը, տեղական և միջազգային կազմակերպություններից, Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է»:
Ի դեպ, այս գրառումը «Հայկական ժամանակը» տեղադրել էր, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ պնդել է՝ Ղարաբաղում ՀՀ բանակ կամ ստորաբաժանում չկա:
168.am-ն ավելի վաղ անդրադարձել է ՊԲ լուծարման հիմքերին և այնտեղ ՀՀ ԶՈւ ստորաբաժանում լինել-չլինելու՝ ՀՀ իշխանությունների իրարամերժ, ինչո՞ւ չէ՝ վտանգավոր հայտարարություններին։
Հիշեցրել էինք 2022 թվականի հուլիսի 19-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արտահայտած հետևյալ միտքը.
«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ–ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ–ից տրամաբանական է»:
Այնուհետև նույն միտքը կրկնել է՝ ի պատասխան հարցին՝ «ԼՂ–ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե՞ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ–ից»:
«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ–ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»,- հավելել է Արմեն Գրիգորյանը:
ՀՀ ԱԽ քարտուղարը չի ասում՝ ՀՀ զինծառայողները դուրս կգան, ասում է՝ ՀՀ ստորաբաժանումներ: Սա «նվեր» է Ադրբեջանին՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ ՀՀ-ն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը և պատերազմի ավարտից հետո 2 տարի այնտեղ ստորաբաժանումներ է պահել:
Փաստորեն Արման Բաբաջանյանը ոչ միայն կրկնեց Արմեն Գրիգորյանի սխալը, այլև ավելի հեռուն գնաց և ակնարկեց, թե, ըստ էության, մինչև վերջին գործողությունները Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ են եղել:
Այնինչ, կրկնում ենք, Փաշինյանը և ՊՆ–ն հայտարարում էին՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան»: