Խոսքն այն մասին է, որ ես պետք է չխոսեմ, պետք է չերևամ, ցանկալի է՝ չլինեմ, բայց դրան դեռ չեն հասել. Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկած դատական հերթական նիստն այսօր ևս անցավ բուռն քննարկումների մթնոլորտում:
Աշոտյանի փաստաբաններին վրդովվեցրեց Աշոտյանի ելույթից առաջ դատավոր Վահե Դոլմազյանի արած հայտարարությունը, թե քրեական դատավարության ու Սահմանադրության սահմաններից շեղվելու և քաղաքական որևէ հայտարարության դեպքում Աշոտյանի ելույթն ընդհատվելու է:
«Հիմա եթե, օրինակ, ասենք, որ Նիկոլը դավաճան է՝ դա քաղաքական հարտարարությո՞ւն կլինի, թե՞ փաստ: Որո՞նք են քաղաքական հայտարարություն, իսկ որո՞նք՝ Սահմանադրության մեջ ու Սահմանադրությունից դուրս՝ խոսքի ազատություն, կուսակցությունների ստեղծում, քաղաքական գործունեության ազատություն… Դուք սահմանափակում եք իմ վստահորդի իրավունքը՝ չիմանալով, թե մարդն ինչ է խոսում: Երբ դուրս կգա սահմանված կարգից, մատնացույց կանեք՝ կասեք՝ այ սա չի կարելի»,- ասաց փաստաբանը:
Արձագանքելով Աթանեսյանի նկատառմանը՝ դատավորը մեջբերեց փաստաբանի հայտարարությունը, որ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում: Աթանեսյանը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ այդ մասով կարող են գործ հարուցել և ուղարկել քննության: Դատավորն էլ հղում կատարեց ՔՕ ընթացակարգին.
«Եթե ցանկանում եք, որ Արմեն Աշոտյանը որևէ առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացնի, ապա կարող է ներկայացնել, բայց այդ հաղորդումը, ոչ թե քաղաքական հայտարարություններով»,- ասաց դատավորը:
Այդուհանդերձ, Աշոտյանն իր ելույթը սկսեց շնորհակալության խոսքով՝ ուղղված Հայաստանի ու Արցախի համար ներկա ծանր իրավիճակում իր դատական նիստին ներկա գտնվողներին:
«Շատ պարտավորեցնող թիմ էր հավաքվել այն մարդկանց, որոնք միմյանց չէին ճանաչում, բայց ճանաչում էին ինձ, ու պարզվեց, որ բոլորը միակարծիք էին՝ բացի դատավորից, որին թվում է, թե ես չեմ կարող տարբերակել քաղաքական խոսքը կամ չեմ կարող խոսքս կառուցել այնպես, որ ասելիքս տեղ հասնի՝ առանց դատական գործընթացների իրավական նորմատիվ կանոնները խախտելու՝ միաժամանակ օգտվելով իմ երաշխավորված խոսքի ազատության իրավունքից»,- դատական հերթական նիստին ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ մինչև իր ելույթի մեկնարկը դատավորի կողմից արված հայտարարությունը համարում է կանխակալ ու իր անձի գոյության հետ կապված գնահատական:
«Ես, ֆիզիկական իմ ներկայությամբ, քաղաքական եմ: Իմ ճակատագիրն այդպես է ստացվել: Չլինե՞մ: Ես քաղաքական գործիչ եմ, այս իմ նշանը (ցուցադրում է Արցախի դրոշով կրծքանշանը.- Ն.Ս.) իմ սրտի մեջ քաղաքական է, իսկ իրականում դա մարդկային, հայկական ու ազգային է, ես քաղաքական կենդանի եմ՝ ըստ Արիստոտելի, քաղաքական բանտարկյալ եմ՝ ըստ եվրոպական ու ոչ միայն եվրոպական գնահատականների: Խնդրում եմ՝ ապահովել Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իմ տարրական իրավունքները, և կիրառել՝ առնվազն անմեղության կանխավարկածը: Ես դեռ որևէ բան չասած՝ Դուք արդեն փորձում եք ինձ ինչ-որ բաներում սահմանափակել: Ի՞նչ գիտեք՝ ես ինչ եմ ասելու»,- ասաց նա:
Աշոտյանը նաև հայտարարեց, որ մինչև իր ելույթն սկսելը, դատավորի կողմից կանխակալ հայտարարություններ անելու փաստն ապացուցում է, որ «արդեն պրոբլեմ կա իր անձի հետ կապված՝ ոմանց մոտ, հավելելով, որ դա լավագույնս բացատրում է, թե ինքն ինչու է մինչև հիմա կալանավորված:
«Ներողություն եմ խնդրում, որ այս համատարած ազգային դարդ ու ցավի մեջ ուշադրություն եմ սևեռել իմ համեստ իրավունքների ակնհայտ սահմանափակման ու այս դատավարության վրա: Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետև, երբ ինձ առաջին անգամ ապօրինի ձևով կալանավորեցին, ու ես լքեցի ձեր իրականությունը, այն լրիվ ուրիշ էր: Այնտեղ կար երկու հայկական պետություն: Այսօր, եթե ինձ անգամ վերադարձնեն այդ ազատությունը, ապա ինձ վերադարձնում են մի իրականություն, որտեղ կա միայն մեկ հայկական պետություն: Եթե ինձ վերադարձնեն ազատությունը, ապա վերադարձնելու են մի իրականություն, որտեղ այլևս 500 հոգի լրացուցիչ մարդ կա՛մ թաղված է, կա՛մ մահացած է, դիակները չկան, կամ անհետ կորած են: Ես նեղվում եմ նրանից, որ ինձ կտրել են իմ ընտանիքից:
Ես վատ եմ զգում, երբ համեմատում եմ իմ դարդը հազարավոր այլ մարդկանց դարդի հետ, որոնք ընտանիքի անդամին կորցրին անվերադարձ: Ես վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց հարյուր-հազարավոր ընտանիքներ գիտեմ, որոնք ընդհանրապես օջախ չունեն: Ես վատ եմ զգում, որովհետև ես, այնուհանդերձ, նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցներ նստած են Բաքվի բանտերում: Ես վատ եմ զգում, որ այս դահլիճում այսքան մարդ նստած է, ու տեսակցիկները միացրած են, իսկ այս նույն դատարանի զուգահեռ մեկ այլ դահլիճում գնում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի դատը՝ փակ ընթացակարգով: Ես վատ եմ զգում, որ ինձնից առաջ նստած են Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը, Ալբերտ Բազեյանը, Լևոն Քոչարյանը, 44-օրյա պատերազմի զոհերից մեկի ծնող՝ Գագիկ Գալեյանը…»,- ասաց Աշոտյանը, ում խոսքն ընդհատեց դատավորը՝ հայտարարելով, թե Աշոտյանի իրավունքները, այդուհանդերձ, սահմանափակ են:
Աշոտյանը հարցադրում ուղղեց դատական նիստը նախագահող դատավորին, թե արդյո՞ք զոհված զինծառայողի անունը տալն է իրավունքների չարաշահում՝ հորդորելով դատավորին չխոչընդոտել իր ելույթ ունենալու իրավունքը:
Դատավորն էլ արձագանքեց, թե միայն ինքը չէ, որ մտածում է զոհվածների մասին:
«Ինչո՞ւ եք ներքին մրցման մեջ մտել ինձ հետ: Թողե՛ք՝ խոսեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Խոսքը կրկին ընդհատեց դատավորը՝ հայտնելով, թե նույն դատավարության շրջանակներում որպես մեղադրյալներ ներգրավված են ևս 4 անձինք, իսկ դատարանն իրավունք ունի ընդհատելու իրեն՝ դատավարության սահմաններից դուրս գալու դեպքում:
Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Աշոտյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ կարող են ներկայացվել նրա անձի ու գործունեության մասին տվյալներ: Մյուս հարցերը, որոնք հուզում են դահլիճում գտնվող շատերին, այդ թվում և՝ իրեն, այսօր չեն քննարկվում: Նա Աշոտյանին կոչ արեց դրանց մասին խոսել այլ վայրում: Աշոտյանն էլ հայտարարեց, որ դատավարության ընթացքում ինքն իրականացնում է իր անձի պաշտպանությունը, որը դիտարկում է երկրում ստեղծված իրավիճակում:
«Ես չեմ ասում, թե այս ամեն ինչի մեղավորն ով է, որ Դուք միանգամից նյարդայնանում եք: Ես չեմ ասում, չէ՞, թե ով է մեղավոր այդ զոհերի, կորուստների, օջախազրկման, հայրենազրկման… ես անո՞ւն եմ տալիս: Գիրքը վերջից կարդալով՝ կիմանա՞ք՝ ոնց է ավարտվում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Դատավորը կրկին արձագանքեց Աշոտյանի նկատառմանը՝ հայտարարելով, որ դատարանին ևս մեկ անգամ ընդհատելու դեպքում կկիրառի դատական սանկցիա: Որպես հավելում՝ Վահե Դոլմազյանն ասաց, որ ելույթները պետք է ձևակերպել ըստ էության՝ թույլ տալով Աշոտյանին շարունակել ելույթը:
Աշոտյանի դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակն անեկդոտ հիշեցրեց, որը պատմելու համար ոչ սիրտ ունի, որ ցանկություն, դատավորը կրկին ընդմիջեց՝ հայտարարելով, թե «էստեղ անեկդոտ պատմելու վայր չէ»:
«Իսկ ես անեկդոտ պատմեցի՞: Ես ընդամենն անեկդոտ բառն օգտագործեցի: Իսկ իմ խոսքի ըստ էության լինել-չլինելու մասով չեք կարող իմանալ ու տեսակետ հայտնել, քանի դեռ ես չեմ ավարտել խոսքս»,- ասաց Աշոտյանը:
Արձագանքելով դատավորի դիտարկմանը, որ ինքը միջամտում է, քանի որ մեղադրյալն իր ելույթն արդեն իսկ «սկսել է ոչ ըստ էության»՝ Աշոտյանն ասաց, որ իր ելույթն ըստ էության է, քանի որ իր նկատմամբ սկսված գործընթացը «քաղաքական հետապնդման վառ օրինակ է Հայաստանում»: Այս համատեքստում Աշոտյանն անդրադարձավ իր կալավորման համար ներկայացված հիմքերին: Նա զավեշտալի համարեց փաստը, որ որպես իր կալավորման հիմք ներկայացված վատ արարքը կանխելու հանրայնացումը 2019-2022 թվականի նոյեմբերը ձգձգվել է:
«Զավեշտ է, չէ՞: Պատվարժան դատավոր, 2018 թվականին ստուգել են Բժշկականը (ԵրՊԲՀ.- Ն.Ս.), ինչ-որ բաներ են գրել, 2019 թվականին քրեական գործ են հարուցել, 2022 թվականին նոր ինձ մեղադրանք են առաջադրել: Ըստ հերթականության, երրորդ քննող մարմինը: Մեր ժողովուրդը դարձել էր «կորեայի որբ»: Գերատեսչություններով ֆռում էր՝ մինչև Քննչականում մնաց: Զավեշտ է, չէ՞, մտածել, որ այդ գործով կարելի էր վկաների ու մեղադրյալների վրա ճնշում գործադրել, եթե այդ մարդկանց հետ, մինչև ինձ կալանավորելը, գրեթե 4 տարի որպես վկա անցել են: Մեղադրական եզրակացության մեջ չեմ տեսել, բայց նախորդ կալանքի միջնորդության մեջ գրել էին՝ «ապացույցն առ այն, որ Աշոտյանն ուզում էր ճնշում գործադրել վկայի ցուցմունքի վրա՝ հետևյալն է, որ Տիգրան Աթանեսյանը 3 հոգու հետ գնացել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով»: Աթանեսյանն օրենքով արգելված որևէ քայլ չի արել, և իրավունք ունի լինել փաստաբան՝ վկայի կարգավիճակում 3 հոգու հետ: Օրենքով չարգելված բանը գրելն ինձ կալանավորելու միջնորդության մեջ օրինակա՞ն է»,- դատավորին հարց ուղղեց Աշոտյանը:
Այս առումով, նա դիտարկեց մեկ այլ օրինակ, երբ տուժող` ԵրՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը Բժշկական համալսարանի՝ այս գործով անցնող 10 հոգու հետ գնացել է ցուցմունք վերցնելու: Ինչը հիմք չի տալիս մտածելու, թե նա այդ 10-ից մեկի ցուցմունքների միջոցով փորձում է ազդել մյուս 9-ի վրա:
«Մեկ այլ հանգամանքով պարզվել է, որ իրեն ենթարկել են «իրավական քրեական ու հետաքննչական KT-ի, ռենտգենի ու սոնոգրաֆիայի՝ միասին վերցրած: Մազ էլ չունեմ, որ ԴՆԹ անելու միջոցով էլ ստուգեին: Պարզվում է, որ այս ընթացքում արել են արտաքին դիտում, թվային խուզարկություն (գաղտնալսում.- Ն.Ս.), բանկային գաղտնիքի բացահայտում, նոտարական գաղտնիքի բացահայտում: Պարզվում է, որ իմ բոլոր հեռախոսազանգերի, SMS-ների, տեղակայման ու շփման շրջանակի վերծանում են իրականացրել՝ սկսած 2015 թվականից մինչև այսօր: Այսինքն, այս գործի առիթով գործող իշխանություններն իրականացրել են իմ անձնական կյանքի ու քաղաքական գործունեության ռետրոսպեկտիվ, ութամյա, այսպես ասեմ՝ վատ արարք»,- նկատեց Աշոտյանը՝ հիշելով իր գտնվելու վայրում հաճախ օգտագործվող տերմինը:
Աշոտյանը հայտարարեց, որ որևէ մեկն իրավունք չունի մտնելու իր անձնական կյանքին ու իշխանության տարիներից հետո ծավալած գործունեությանը վերաբերող դետալների շրջանակ: Այս համատեքստում, նա նկատեց, որ այդուհանդերձ, վկաների կամ մեղադրյալների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ անգամ մեկ փաստ ներկայացված չէ կազմված մեղադրական եզրակացության մեջ:
Աշոտյանը հիշեց նաև օգոստոսին կայացած նախորդ նիստին քննիչի հայտարարությունը, թե ինքը պատրաստվում է «հսկայածավալ քննչական օպերատիվ գործողություններ» իրականացնել, որի ընթացքում պետք է դեռ 2 ամիս շարունակվի ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոց կալանքը:
«Մի 4 էջ գրել էր, թե ում պետք է հարցաքննի, ում պետք է մեղադրանք առաջադրի: Հինգ օր հետո հայտարարեցին նախաքննության ավարտ: Դեռ փաստը, որ գործը քաղաքական է՝ դնում եմ մի կողմ, բայց քանի՞ այսպիսի փաստ շարեմ իրար կողք, որոնք ապացուցում են մի պարզ հանգամանք, որ կալանքի թեման ընտրվել է որպես քաղաքական պատիժ և անձնական վրեժխնդրություն՝ իմ անձի նկատմամբ: Ուրիշ ոչինչ: Ուրիշ որևէ ձևով չեմ կարող բացատրել իմ անչափահաս երկու երեխեքին ու ընտանիքիս տեսնելու արգելքը: 17 և 15 տարեկան երեխաներին՝ հորը տեսնելու արգելքը դատական գործո՞վ են հիմնավորում»,- ասաց Աշոտյանը:
Այս փաստերի համադրության համատեքստում, ՀՀԿ փոխնախագահը հղում կատարեց միջազգային մի զեկույցի, որտեղ նշված է, որ Հայաստանում կալանքն օգտագործվում է՝ ոչ թե որպես խափանման, այլ՝ պատժի միջոց:
«Ձեզ թվում է՝ սա ո՞վ է ասել, ընդդիմությունն ու ընդդիմադիր մամո՞ւլը: Ո՛չ: Սա ասված է 2022 թվականին կազմված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում: Ավելին ասեմ: Այնտեղ այնպիսի վատ վիճակագրություն կա, թե որքան են դատարանները, 95 տոկոսից ավելի, բավարարել քննչական մարմինների՝ կալանք տալու որոշումները»,- ասաց Աշոտյանը՝ հայտարարելով, որ եվրոպական ու ժողովրդավարական պետությունների չափանիշներով՝ սա առնվազն անհասկանալի ցուցանիշ է:
Որպես շարունակություն՝ Աշոտյանը ներկայացրեց նաև Եվրոպայի խորհրդի կազմած վերջին վիճակագրությունը՝ Հայաստանում կալանավորների թվի աննախադեպ աճի վերաբերյալ: Ըստ այդ ցուցանիշի՝ անցյալ տարվա կտրվածքով, այդ թիվն աճել է 7.8 տոկոսով, ինչն Աշոտյանի գնահատմամբ՝ «թոփ ցուցանիշն է՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ցանկում»:
Աշոտյանը նկատեց, որ գոյություն ունի նաև, այսպես կոչված՝ տնային կալանք գաղափարը, ինչը, սակայն, նրա գնահատմամբ, «չէր հագեցնի իրեն անազատության մեջ տեսնելու ախորժակը»:
«Այսինքն, այլ այլընտրանքային միջոցների «ճաշացանկը մենք համաձայնել, միջնորդել ու բերել ենք՝ ինչի՞ համար: Որ ժողովուրդն էլ տեսնի, որ այսքանից հետո կալանքի՝ ուժի մեջ մնալուց հետո ևս մեկ անգամ ակնհայտ չէ՞, թե ինչի մասին է խոսքը: Իսկ խոսքն այն մասին է, որ ես պետք է չխոսեմ, պետք է չերևամ, ցանկալի է՝ չլինեմ, բայց դրան դեռ չեն հասել»,- ելույթը եզրափակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նազելի Ստեփանյան