«Կային բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի Արցախի նախկին պաշտոնյաներն ավելի շուտ դուրս գային, սակայն դուրս չեկան». Մետաքսե Հակոբյան
Այն թաղամասում, որտեղ մենք էինք ապրում, սեպտեմբերի 19-ից հետո մեզ հետ մնացել էին միայն երկու ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ չկային։ Այլևս անիմաստ էր մնալ Արցախում, քանի որ կայծակնային արագությամբ Արցախը դատարկվում էր։ Մարդկանց մոտ իրական խուճապը սեպտեմբերի 25-ին էր՝ հայտնի պայթյունից հետո։ Կարող էիք բազմաթիվ դեպքեր տեսնել, երբ մայրը որդու կամ ընտանիքում երկու անդամների կորստից հետո միայն մի ցանկություն ուներ՝ որդու երեխաներին ու մնացածներին փրկել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը որոշ մանրամասներ փոխանցեց սեպտեմբերի 19-29-ը Արցախում ստեղծված իրավիճակի և արցախահայության բռնի տեղահանության մասին։
Պատգամավորը պատմեց նաև, որ սեպտեմբերի 20-ից սկսած ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներն արդեն Ստեփանակերտում էին՝ Կրկժան թաղամասի մոտ, որտեղից բնակիչներն այդպես էլ չէին կարողացել մտնել իրենց տներ և իրենց հետ հագուստ վերցնել։ Արցախում ցեղասպանություն էր սկսվել, քանի որ չկա դեպք, երբ այդքան երեխաներ զոհված լինեն, այդ թվում՝ Ստեփանակերտում։
«Սեպտեմբերի 20-ից սկսած Ադրբեջանն այլևս չէր թաքցնում, որ 100 հազարից ավելի արցախահայեր ուղղակի պատանդ են, և իրենք ամեն վայրկյան պատրաստ են շարունակել նույն գործողությունները, որպեսզի որևէ մեկն Արցախից ուղղակի ողջ դուրս չգա։ Այն պայմանավորվածությունները, որոնք Եվլախում տեղի էին ունենում, վայրկենապես փոխվում էին, և հասկանալի էր դառնում, որ այդպես բանավոր խոսքի վրա հիմնվել և հանգիստ նստել՝ ուղղակի անիմաստ էր։ Հասկանալի էր, որ պատկան մարմիններն իրենց վրա չէին վերցնում պատասխանատվությունը՝ վստահաբար ինչ-որ հայտարարություններ անելով, որովհետև իրենք էին շփվողը և իրենք էին տեսնում, թե իրենց առջև նստածներն ովքեր են»,- նշեց Մ. Հակոբյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Արցախի իշխանությունների դեմ ուղղված ՀՀ իշխանությունների քննադատություններին, որոնք մասնավորապես վերաբերում էին Արցախի նախագահի և ԱԺ նախագահի պաշտոններում նոր անձանց ընտրելուն: Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների պարագայում նման քննադատությունները նորմալ են, քանի որ նման պահվածքի ականատես եղել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ մեղավորներ ոչ թե փնտրվեցին, այլ նշանակվեցին։ Իշխանությունը նախ զինվորներին էր մեղադրում, հետո՝ արցախահայությանը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո շատ արագ այնպես եղավ, որ ՀՀ իշխանությունն այլևս մեղավոր չդարձավ։
«Իրականում կար մեկ պարզ ճշմարտություն, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով թշնամին զինտեխնիկա էր կուտակում, և դա վաղուց էր սկսել։ Որևէ կապ չուներ, թե ով էր լինելու Արցախում իշխանության, նրանք ծրագրված ամեն ինչ անում էին, ուղղակի ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ համընկավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նախագահի ընտրության հետ։ Շատ չկոնկրետացնելով՝ ասեմ, որ մենք 3 տարի շարունակ պահանջում էինք Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հիմնավորում, որ պարտված նախագահը չի կարող այլևս հաղթանակներ գրանցել, սա աքսիոմա է, ապացուցման կարիք չունի։ Մենք տեսել ենք, որ 3 տարի շարունակ մեզ մեղադրել են խուճապ տարածելու մեջ՝ ՀՀ իշխանության կողմից։ Արցախում որոշումները գալիս էին Հայաստանից, իրենց կամքն էին թելադրում, և Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշումը կայացվեց այստեղից, և Արցախում շատ հեշտությամբ հրաժարական ներկայացրեցին։ Օգոստոսի 29-ի հավաքը մեզ համար անակնկալ էր, ի՞նչ նպատակով է այն տեղի ունենում, քաղաքական առումով լարվածություն չկար, որևէ արտառոց բան չկար, որպեսզի այդ գիշերային հավաքը տեղի ունենար։ Ուղղակի արդյունքում նկատելի էր, որ ավելի շատ ցանկալի էր լսել մարդկանց այն առաջարկները, որտեղ կոնկրետ նշվում էր պահանջ Արցախի նախագահի վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանն այդ հավաքից հետո հայտարարեց, որ երկու օր է վերցնում քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու համար, բայց թե ում հետ է անցկացրել՝ չեմ կարող ասել, կոնկրետ մեր ուժի հետ նման խորհրդատվություն չի եղել։ Այնուհետև խոստացավ, որ հանրային ձևով հայտարարություն կանի, և 2 օր հետո ներկայացրեց հրաժարական»,- իրավիճակը ներկայացրեց Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահների, ԱԺ նախագահի, ՊԲ նախկին հրամանատարի, նախկին պետնախարարի, նախկին արտգործնախարարի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալի հարցին, Մետաքսե Հակոբյանը նախ ասաց, որ այդ մարդկանց ճակատագիրն այսօր ՀՀ իշխանություններին հետաքրքրում է այնքանով, որքանով հետաքրքրում է միջազգային հանրությանը։ Այսինքն՝ մեկ հայտարարություն կամ դիմում ՄԻԵԴ, որի արդյունքն արդեն տեսել են։
«Մեջբերեմ ՌԴ նախագահի խոսքը, երբ խոսելով այս մասին, ասել էր՝ կարծես թե Երևանում ցանկություն չունեն տեսնելու արցախցի պաշտոնյաներին։ Սրանով, կարծում եմ՝ ամեն ինչ ասված է։ Իրականում այսօր Արցախի խորհրդանիշները պատանդ են, և դրանով գլխատված է նաև Արցախը, Արցախի ժողովուրդը, ինքնակազմակերպվելու հնարավորությունները խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան։ Սա պետք է գիտակցենք ու հասկանանք, թե որքան կարևոր է, որպեսզի այդ մարդիկ ողջ և առողջ հնարավորություն ունենան վերադառնալ։
Առանց մանրամասների ասեմ, որ նախկին նախագահների ձերբակալությունը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Իսկ դրանից առաջ, երբ շփվում էի նրանց հետ, հպարտություն ապրեցի՝ տեսնելով նրանց այն կեցվածքն ու պահվածքը, որ ունեին։ Ամենատպավորիչը, թեև դա ինձ համար զարմանալի չէր, այդ մարդկանց արժանապատիվ կեցվածքն էր։ Կային բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ, որպեսզի այդ մարդիկ ավելի շուտ դուրս գային Արցախից, սակայն դուրս չեկան։
Իհարկե, իրենք պատկերացնում էին, որ մնալով, հնարավոր է այսպես լինի, սակայն ավելի շուտ դուրս չգալը բացատրում էին նրանով, որ պետք է ժողովրդի դուրս գալուց հետո իրենք ամենավերջում դուրս գան՝ դա իրենց պարտավորությունն է։ Նրանց այդ հարցում համոզել կամ հակառակվել անիմաստ էր, ինքս փորձել եմ ու հասկացել, որ իմաստ չկա համոզելու։ Լավ գիտեք, որ ինքս Արայիկ Հարությունյանի ամենակոշտ քննադատն եմ եղել, սակայն հավասարապես ցավում եմ և մյուսների հետ հավասարապես ցանկանում եմ՝ հայտնվի ապահով տեղում և մեր կողքին։
Նրանց հետ իմ վերջին հանդիպումից հետո, մենք ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունեինք կապ հաստատել իրենց հետ, իհարկե, կոնկրետ իրենց տեղակայման վայրի մասին չէինք խոսում, կարևորը՝ գիտեինք, որ ողջ են։ Այդ ընթացքում իրենք կրկին հանգիստ էին, խուճապ չկար։ Մեկ բան միայն գիտեմ, որ նրանց ձերբակալել են Ստեփանակերտում»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի քայլին, երբ ինքնակամ մեկնեց Շուշի՝ Ադրբեջանի պահանջով հանձնվելու համար, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Դավիթ Բաբայանը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, մի՛շտ իր ուրույն տեղն է ունեցել և այն բացառիկ պաշտոնյաներից է, որ միշտ հարգանք է վայելել։
«Նրա հետ հայրենասիրության մրցակցություն չի կարող լինել, մարդը լուռ պայքարում էր և անում էր դա իր ողջ ուժով։ Իր պահվածքը, հենց իր տեսակով պայմանավորված, սպասելի էր։ Արցախում կային մարդիկ, եթե Դավիթ Բաբայանը չգնար՝ նրանք կվտանգվեին, ուստի նման որոշում է կայացրել՝ ինքնակամ ներկայանալ, որպեսզի մյուսների կյանքը կարողանա փրկել։
Մենք ականատես ենք լինում, որ երեք տարի է՝ գերիների վերադարձ տեղի չի ունենում՝ չհաշված պատերազմից հետո մի քանի գերիների վերադարձը։ Այսինքն՝ գերիների վերադարձն այս իշխանությունների օրոք անհավանական եմ համարում, որովհետև, եթե մի բան իրենք հաջողությամբ արել են՝ ազգային նպատակների ու ծրագրերի տապալումն է եղել, և դա արել են կանխամտածված ու ծրագրված»,- ասաց պատգամավորը։
Արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին փաստաթուղթ ստորագրելու փոխարեն, լավ կլիներ ինքնասպան լիներ, Մետաքսե Հակոբյանն ասաց՝ եթե տեսնեին, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու փոխարեն ինքնասպան լինում, ապա կընդունեին Անդրանիկ Քոչարյանի առաջարկը։
«Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթուղթը ոչ թե կապիտուլյացիոն փաստաթուղթ էր, ինչպես իրենք են ասում, այլ հետևանքն էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Իրականությունն այն էր, որ ադրբեջանցի զինվորն արդեն Ստեփանակերտում էր, 100 հազարից ավելի արցախցի պատանդի կարգավիճակում էր, և այնպես չէր, որ հրադադար էր ու կրակոցներ չկային, ժամանակ առ ժամանակ կրակոցներ էին լինում։ Պարզապես բոլորը հասկանում էին, որ վայրկյանների հարց կարող է լինել՝ հերթական զոհերը գրանցելու համար։ Այստեղ մեծ-մեծ խոսողները թող իրենց մեկ վայրկյան պատկերացնեն այդ փաստաթուղթը ստորագրողի վիճակում։ Այդ ամենը բռնի ուժ էր, որը կիրառվում էր Ադրբեջանի կողմից, և այն մարդը, ով պատասխանատու էր ու պետք է ստորագրեր՝ այլընտրանք չուներ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում