«Մարդիկ ուզում են հասկանալ՝ փողոց դուրս գալու կամ պայքարը վերսկսելու պարագային ո՞ւմ հետևից են գնալու, ո՞վ է լինելու իրենց առաջնորդը». Մարգարիտ Եսայան

Տիգրան Ավինյանի հայտարարությունը շատ անկեղծ է՝ եթե նա Երևանը ղեկավարի  2018 թվականի սկզբունքների հիմքով, ուրեմն՝ Երևանին սպասվում է այն ճակատագիրը, ինչի մեջ հիմա գտնվում է Արցախը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց  Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների և Տիգրան Ավինյանի հայտարարության մասին, թե Երևանը ղեկավարելու է 2018 թվականին որդեգրած սկզբունքների հիմքով։

Մարգարիտ Եսայանի խոսքով՝ ի սկզբանե ամեն ինչ պարզ էր, սակայն մեկ կարևոր բան կա՝ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է, քանի որ այն վարկանիշը, որն ուներ 2018 թվականին՝ զրոյական է այն տոկոսների դիմաց, որը ստացել է ավագանու այս ընտրություններում։ Եվ միակ ուրախացնող հանգամանքը, ըստ Մ. Եսայանի՝ այն է, որ Երևանի բնակիչները, հասարակությունն արդեն բաց աչքերով տեսնում է այն իրականությունը, որը կա, և հասկանում է այն նպատակները, որի համար իշխանությունը Հայաստանում զավթվել է, և իրականում «ոչ»-ն են ասել  ՔՊ-ին և Նիկոլի իշխանությանը։

«Այս ամենը երկար չի տևելու, եթե մենք խելքներս գլուխներս հավաքենք, նկատի ունեմ ամբողջ հասարակությունը և ընդդիմությունը։ Սրանց այդ «հաղթարշավը», որը ողբերգություն բերող արշավ է, երկար չի կարող տևել, որովհետև իրենք արդեն բոլոր սահմաններն անցել են, որովհետև իրենց հեղափոխական կոչերով գնում են Երևանի հանձնմանը, և մենք ուղղակի պարտավոր ենք սրա դեմն առնել, սա աններելի ձգձգվում է, բայց ես հուսով եմ, որ այդ ժամանակին կհասնենք»,- շեշտեց նա։

Նրա բնորոշմամբ, այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բոլորն ընդդիմություն են, բացի ՔՊ-ական «թայֆայից» և իր «սազանդարներից», հետևաբար՝ պետք է կարողանալ օր առաջ ազատագրել Հայաստանը և Երևանը, հակառակը՝ լինելու է Երևանի քաղաքապետարան, որտեղ ասող-խոսողները լինելու են մարդիկ, որոնք թուրքական շահն են հետապնդում, ինչը տեսել են անցած 5 տարիների ընթացքում։

Կարդացեք նաև

Խոսելով հոկետմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին, որտեղ նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, և որը Ալիևը չի ստորագրել, Մարգարիտ Եսայանն ասաց՝ բազմիցս ասել է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ որպես անձ, անհատ, գոյություն չունի, խամաճիկ է, տաբեր թելերով կապված է, և այդ թելերն աշխատեցնում են Ալիևն ու Էրդողանը, այսինքն՝ «Նիկոլ Փաշինյանի վրա ամբողջովին թուրքական տիրապետություն է»։

«Նույնիսկ ենթադրում եմ, որ երբ ինքը պառկում է քնելու, զանգահարում ու հարցնում է՝ քնի՞, թե՞ էլի հանձնարարություններ ունի տալու։ Ամբողջովին նրանց խամաճիկն է և նրանց ազդեցության տակ է։ Վերջերս ընկերներիցս մեկը շատ լավ բացատրեց, թե ինչու նա այդ փաստաթուղթը միայնակ ստորագրեց, և ինչու Ալիևը չբարեհաճեց գնալ ու ստորագրել։ Նա հին երևանյան բառապաշարով բացատրեց՝ ասելով, որ այն թուղթը, որը Նիկոլը միակողմանի ստորագրել է, այսինքն՝ կողմերից մեկն է միայն ստորագրում, կոչվում է ղազագիր։ Այսինքն՝ Նիկոլը գնաց ու հերթական ղազագիրը ստորագրեց և էլի պարտավորություններ վերցրեց։ Այդ թուղթը որևէ մեկը չի տեսել, մանրամասները, թե ինչ կետեր կան, ինչը պետք է հանձնի, ինչը չպետք է հանձնվի՝ նշված չեն։ Բայց անկլավների մասին ավելի շատ են խոսում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, որ Արցախի հարցը երբեք իր համար փակված չէ, իսկ հուսալքությունը մեղք է, և հարցին՝ այս հայտարարությունից հասարակությունն ի՞նչ կարող է ենթադրել, Արցախը վերաազատագրելու հնարավորություններ կա՞ն, Մարգարիտ Եսայանը պատասխանեց՝ վստահաբար վերաազատագրելու հնարավորություներ կան, սակայն չի ցանկանում մարդկանց կեղծ հույսեր ներշնչել, որ դա կլինի վաղը կամ 1-5 տարի հետո, բայց չպետք է համակերպվել հայրենիքի կորստի հետ։

«Եթե համակերպվենք հայրենիքի կորստի հետ, ապա ո՞վ ենք մենք, ոչ մեկը, այսինքն՝ մեր ժողովուրդը, հասարակությունը դառնում է առոչինչ։ Մեկ անգամ արդեն համակերպվել ենք մեր պատմական հայրենիքի կորստի հետ, այս անգամ իրավունք չունենք, որովհետև այս անգամ ունենք պետություն։ Որքան էլ այդ պետությունը հիվանդ է, իշխանությունը ներսից զավթված է, թույլ է, սահմանները երերուն են, միևնույն է, այս անգամ իրավունք չունենք հայրենիք կորցնելու։ Իսկ Արցախի վերագտնման, վերարժևորման և վերաազատագրման հնարավորությունները կան։ Իսկ ո՞վ ասաց, որ Ադրբեջանում, ոչ հեռու ապագայում չի ծնվելու մի թուրք Նիկոլ Փաշինյան, որը կանի այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց Հայաստանի հետ։ Ես ուզում եմ նման բաների հավատալ, քանի որ պատմության անիվը միշտ չէ, որ մի ուղղությամբ է պտտվում, երբեմն պատմության անիվը հետ է պտտվում և քեզ սովորեցնում է, որ պատմության դասերը նորից սերտես։ Հիմա մեզ պատմությունը երկրորդ անգամ կանգնեցրեց այս վտանգների առաջ՝ ասելով՝ այս երկրորդ դասն եմ քեզ տալիս, հայ ժողովուրդ»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով հարցին՝ Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը պայքարի ղեկն իր ձեռքը վերցնի և առաջնորդի ժողովրդին, թեպետ հայտարարել էր, որ իշխանության վերադառնալու հավակնություններ չունի, Մարգարիտ Եսայանը պատասխանեց.

«Մենք 2018 թվականից հետո, երբ 55 պատգամավորներով չընտրեցինք Նիկոլ Փաշինյանին, իսկ խորհրդարանական մյուս ուժերը և՛ հրապարակներում, և՛ միտինգներում, նաև խորհրդարանում ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, ցավոք, նաև 13 հանրապետականներ։ Կարծում եմ՝ այս իրավիճակը փոխելու պատասխանատվություն ունենք մենք՝ այն 55 պատգամավորներս, որ 2018 թվականին մերժեցինք Նիկոլ Փաշինյանին։ ՀՀԿ-ի դրությունը նուրբ է, երկակի, որովհետև 2018 թվականից հետո ես բաց ու ազնվորեն ուզում եմ ասել, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն էր, որ դարձավ ընդդիմություն, որը մաքուր ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել, և մեր բոլոր հարցազրույցները, գործողությունները եղել են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության և հանուն Հայաստանի Հանրապետության։

Երբ 2020 թվականից հետո շարժումները սկսվեցին, դրանք Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ չէին տեղի ունենում։ Մեզ խնդրում էին, գալիս էին տարբեր ընդդիմադիր ուժեր, ասում էին՝ եկեք մեզ աջակցեք, բայց դուք մի երևացեք, դուք «մերժված» եք, իբրև իրենք լավն էին և կարող էին։ Մենք աջակցում էինք, քանի որ հայտարարել ենք, որ պատրաստ ենք կանգնել ցանկացած անձի, ուժի կողքի, ում նպատակն իշխանափոխությունն է՝ Հայաստանի ազատագրումը թուրք-ադրբեջանական զավթիչներից։ Եվ դա մենք արել ենք ազնվորեն։ Նկատած կլինեք, որ և՛ Հանրապետության, և՛ Ֆրանսիայի հրապարակներում տարբեր ընդդիմադիր շարժումների ժամանակ հանրապետականները կանգնած են եղել։ Բայց այդ տարբեր շարժումների լոկոմոտիվը մենք չենք եղել, բայց միշտ եղել ենք շարքում կանգնած՝ շարքային զինվորի պես։ Մենք հիմա էլ ենք պատրաստ կանգնելու, բայց երբ տեսնում եք, որ մեկ անգամ արեցիք՝ հաջողության չհասաք, երկրորդ, երրորդ անգամ նույնպես չհասաք, այդ դեպքում այդ անձինք ու ուժերը պարտավոր են հետևություններ անել, որովհետև իրենք շատ լավ տեսնում են, թե ինչ ռեսուրսներ ունենք, նաև անհատական դաշտում՝ նկատի ունեմ քաղաքական գործիչներին, ՀՀԿ-ին այսօր հավասարը չկա»,- նշեց նա։

Ճշտող հարցին՝ այս ամենը հաշվի առնելով ՀՀԿ-ն՝ երրորդ նախագահի գլխավորությամբ, պայքարն առաջնորդելու ղեկն իր ձեռքը կվերցնի՞, Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ որպես ՀՀԿ-ական՝ հարցին միանշանակ պետք է դրական պատասխան տա, սակայն որպես քաղաքական գործիչ՝ չունի Սերժ Սարգսյանի կարծիքը, թե ինչ որոշում է կայացրել։

«Մարդիկ ուզում են հասկանալ, որ փողոց դուրս գալու կամ պայքարը վերսկսելու պարագային ո՞ւմ հետևից են գնալու, ո՞վ է լինելու այն առաջնորդը, որն իրենց կառաջնորդի։ Հիմա եթե ասեմ, որ՝ այո, ուզում ենք՝ Սերժ Սարգսյանը լինի, որ մենք նրա հետևից գնանք, կասեն՝ պարզ է, դե հանրապետական է, այդպես պետք է ասի։ Կրկնում եմ՝ որպես հանրապետական՝ դա իմ սրտով է, բայց դա պետք է լինի նաև հասարակության սրտով։ Դատելով այն տեսակետներից ու կարծիքներից, որոնք այսօր կան և որոնք նաև մեզ են հասնում, կարծում եմ՝ սա վատ տեսլական չէ, նույնիսկ կարող է հաջողության բերող տեսլական լինել։

Բայց եկեք համաձայնեք, որ այսօր Սերժ Սարգսյանի համար շատ բարդ շրջան է՝ զուտ մարդկային իմաստով։ Արցախն իր հայրենիքն է, իր ծնողներն այնտեղ են հուղարկավորված, իր տունն այնտեղ է, նա մարդ է, որն ունի ապրումներ, զգացմունքներ ու ցավ։ Նա արցախյան ազատամարտում ընկերներ է կորցրել, նրանք հուղարկավորված են արցախյան հողում։ Նա հիմա մեծ ցավ է ապրում, որովհետև Արցախն ազատագրած, փրկած, զարգացրած, ծաղկացրած մարդն ականատես է լինում, որ զավթիչները թուրքական փողերով Արցախը ծախել են։ Բնականաբար, նրա ցավը իմ ու ձեր ցավերից միլիոն անգամ ավելին է, և ես կուզեմ, որ նա առաջնորդի շարժումը։ Սակայն այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը, բայց որ այս հասարակությանը, որն ամբողջովին ընդդիմադիր է, առաջնորդող ու առաջնորդ է պետք, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եվ որքան շուտ այդ առաջնորդը լինի ու հայտարարի, որ մարտը վերցնում է իր ձեռքը՝ հանուն իշխանափոխության, այնքան շուտ այդ իշխանափոխությունը կլինի։ Մենք ուղղակի իրավունք չունենք պայքարի մեր զենքը վայր դնելու»,- շեշտեց նա։

Հարցին՝ Սերժ Սարգսյանը լավ գիտի ՀՀ անվտանգային համակարգի իրական ռեսուրսները, հնարավոր իշխանափոխության դեպքում հնարավո՞ր է այդ ռեսուրսն օգտագործելով՝ ոտքի կանգնեցնել Հայաստանը և ազատագրել Արցախը, Մարգարիտ Եսայանը պատասխանեց.

«Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի դիվանագիտության լեզուն, տարբեր կենտրոնների հետ խոսելու լեզուն, ինչի ապացույցն են վերջին տարիներին Արցախի խնդրի կարգավորման շուրջ եղած պայմանավորվածությունները։ Շատ լավ հիշում եմ, որ 2011 թվականին Կազանում արդեն պատրաստ էր թուղթ, որին բանավոր համաձայնություն տվել էին և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ալիևը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 5 շրջանների վերադարձ, 2 շրջանի անվտանգության գոտու պահպանում և Արցախի կարգավիճակի ճանաչում։ Թուղթը գրված էր, պատրաստ էր, սակայն Ալիևը գրպանից հանում է մի թուղթ ու ասում, որ ինքն իր կետերով է սկսել՝ Նիկոլ Փաշինյան «2», բայց Ալիևն իր երկրի օգտին էր, իսկ Նիկոլը՝ ընդդեմ Հայաստանի։ Դրան հաջորդեց 2016 թվականի քառօրյա պատերազմը, որը հենց իր դիվանագիտության շնորհիվ կարողացավ 4 օրում կանգնեցնել։ Ալիևն իր կառավարության նիստում լացակումած ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի կարգավիճակը։

Ինչ վերաբերում է ռեսուրսների և այլնի վերաբերյալ Սերժ Սարգսյանի իմացությանը, ապա ասեմ, որ ընկերներիցս մեկը մի դիտարկում է արել, որը հիմա պիտի կրկնեմ։ Պատկերացրեք՝ ինչ կայացած էր մեր անվտանգային համակարգը, ռազմավարական ծրագրերը, Սահմանադրությունը, Հռչակագիրը, ինչքան կայացած էր հայկական բանակը, որ սրանք 5 տարի քանդում են, բայց դեռ կա։ Մենք ունենք ռազմավարական ծրագիր, ինչքան էլ սրանք փորձեն աղավաղել՝ դա կա։ Ունենք երկրի գլխավոր օրենք, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որևէ անհատ չի կարող միանձնյա լուծել Արցախի հարցը։ Սրանք ինչքան էլ փորձեն քանդել, չեն կարողացել վերջնական ավերել»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող արցախցի նախկին պաշտոնյաներին ու զինվորականներին՝ շեշտելով, որ սա հայ ազգի համար այսօր կարևոր հարցերից է։ Հայ ժողովրդի ու պետության ամոթն է, որ այդ մարդիկ գերության մեջ են։

«Այդ մարդկանց հատուկ ցուցումով են ձերբակալել ու տարել, առաջնորդներից բացի՝ մենք ունենք նաև ուրիշ գերիներ, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Պետությունը որևէ նոտա, հղում չի անում այդ մարդկանց ազատելու համար։ Ես չեմ զարմանում, որովհետև իրենց ցուցումներով են թուրքերը տարել, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում բռնում են Արմեն Աշոտյանին։

Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանից վախենում է, որովհետև նա տգետ է, իսկ Արմեն Աշոտյանը մտավորական է։ Նիկոլ Փաշինյանն ատում է հային, Հայաստանը, Արցախը, իսկ Արմեն Աշոտյանը պաշտում է Արցախը, հային ու Հայաստանը։ Արմեն Աշոտյանը մտածող տեսակ է, իսկ Նիկոլ Փաշինյանը չտես գյորմամիշ է։ Դրա համար էլ այս ամենը տեղի է ունենում։

Եթե Արմեն Աշոտյանի դատական նիստին հետևեք, կտեսնեք, որ տարբեր երկրների շատ հայտնի անուններ երաշխավորագրեր են ներկայացրել Արմեն Աշոտյանին ազատ արձակելու համար։ Բայց Փաշինյանը քինախնդիր, «աբիժնիկ», չտես գյորմամիշ մարդ է, ինքը ինչպե՞ս կարող է չվախենալ Արմեն Աշոտյանից։ Այսօր Աշոտյանը ՀՀ քաղաքական դաշտում հսկա է, առանց չափազանցության Տորք Անգեղն է»,- եզրափակեց Մարգարիտ Եսայանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս