Նիկոլ Փաշինյանի անդորրը պահպանելու համար ոստիկանությունը 5 ժամով կաթվածահար կանի Կենտրոնի երթևեկությունը
Երեկ երեկոյան՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարի հերթական օրն ամփոփելու ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «EBRD» միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: Նա իր աջակիցներին կոչ արեց գնալ միջոցառման անցկացման վայրն ու իրենց անհամաձայնությունը հայտնեկ Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությանը, երկրի տարածքները թշնամուն միակողմանի կերպով զիջելու արատավոր վարքագծին:
Ավելի ուշ շարժման պաշտոնական էջը տեղեկացրեց՝ «ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա՝ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»:
Այսօր՝ քիչ առաջ, ՆԳՆ ոստիկանությունը սակայն տեղեկացրեց միջոցառմանն ընդառաջ փողոցներ փակվելու մասին:
«ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները», նշված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանին անհանգստություն չպատճառելու համար ոստիկանությունը կաթվածահար է անում կենտրոնի թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար երթևեկը ոչ ավել, ոչ պակաս 5 ժամով: Եվ սա այն դեպքում, երբ եթե քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների որևէ մասնակից մի վայրկյանով հայտնվում է փողոցի երթևեկելի հատվածում, ոստիկանությունն այնպիսի վայնասուն է բարձրացնում, ասես դարի մեծագույն ահաբեկչությունն են չեզոքացնում:
Ինչպես սիրում էր ասել երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «ռեժիմը խուճապի մեջ է»: