«Այդ մարդկանց վերաբերվում եմ որպես «թավշյա» քարոզչության կողմից հոգեբանական բռնության զոհերի». Արման Աբովյանը բացահայտում է իշխանության թաքնված և բացահայտ երկրպագուներին

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն իր տելեգրամային ալիքում գրում է.

«Մի քանի հետաքրքիր նրբերանգներ, որոնք ցույց են տալիս, թե որքան խճճված, դեֆորմացված և այլասերված է իրականության ընկալումը թաքնված և բացահայտ թավշյա իշխանության երկրպագուների մոտ։

Միանգամից վերապահում անեմ, որ այդ մարդկանց դատապարտելու կամ հալածելու կոչ չեմ անում, այլ այդ մարդկանց վերաբերվում եմ որպես «թավշյա» քարոզչության կողմից հոգեբանական բռնության զոհերի։ Իշխանության կողմնակիցների փոքրաթիվ ճամբարում իրականության աղավաղված ընկալման ողջ խորությունը հասկանալու համար դիտարկենք հետևյալ օրինակները. Եվ այսպես…

Մարդիկ, ովքեր ակտիվորեն քարոզում են փաշինյանական իշխանությունների՝ թուրքերի հետ «բարեկամության» կուրսը, նրանց, ովքեր դեմ են, անվանում են «թուրքեր»՝ ստորացուցիչ և վիրավորական կոնտեքստում:

Մարդիկ, ովքեր համաձայն են Ադրբեջանից տոտալ կախվածության մեջ ընկնելու իշխանությունների որդեգրած ուղեգծի հետ, աղաղակում են երկրի «ինքնիշխանության» մասին։

Մարդիկ, ովքեր համաձայն են Արցախի հանձնմանը՝ ոչնչացմանը, սոցիալական ցանցերի իրենց էջերում փակցնում են Վազգեն Սարգսյանի կամ Մոնթե Մելքոնյանի դիմանկարները:

Փաշինյանական իշխանության կողմնակիցներից մարդիկ, ովքեր իբր սգում են հազարավոր սպանված հայ զինվորների համար, հրճվանքով են ընկալում ոստիկանության կողմից զոհված զինվորների ծնողներին ծեծի ենթարկելը։

Մարդիկ, ովքեր ուղղակիորեն արդարացնում են փաշինյանական իշխանությունների՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելու ուղեգիծը , չհամաձայնողներին անվանում են «հինգերորդ շարասյուն» և դա այն դեպքում, որ իրենք էլ թուրք-ադրբեջանական տանդեմի «հինգերորդ շարասյունն» են։

Մարդիկ, ովքեր արդարացնում են Հայաստանի անկախության սրընթաց կորուստը, «անկախության սպառնալիք» են անվանում նրանց, ովքեր համաձայն չեն դրա հետ:

Մարդիկ, ովքեր արդարացնում են եկեղեցու դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը, միաժամանակ իրենց սոցիալական ցանցերում տեղադրում են Քրիստոսի և կաթողիկոսների պատկերները:

2018-ին «սիրո հեղափոխության» մասին գոռացող մարդիկ հիմա աչքի են ընկնում լկտի հայհոյանքներով ու անասնական ագրեսիայով նրանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ…

Կարելի է դեռ երկար շարունակել, բայց փաստերը խոսում են այն մասին , որ այդ մարդիկ իրենց իրականության մեջ ապրում են «հակառակ ընկալման» լուրջ հոգեբանական շեղման ներքո, և այդ մարդկանց հետ պետք է տքնաջան խոսել, որքան էլ հոգեբանորեն դժվար լինի։ Բացառություն են կազմում թուրքամետ «հինգերորդ շարասյան» գիտակից ( ընդգծում եմ՝ գիտակից) ներկայացուցիչները, որոնց հետ պետք է աշխատեն բացառապես ԱԱԾ-ն և դատախազությունը»,-գրել է Արման Աբովյանը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս