Նոր իրողությունների նոր պահանջները

Արցախում ու Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը հիմնավորապես փոխել է համահայկական իրականությունը, կյանքը, որում այլևս ապրելու է Հայաստանը: Դա վերաբերում է պետության ու հասարակության կենագործունեության բոլոր ոլորտներին, բայց նախ և առաջ՝ մեր անհատական ու հավաքական մտածողությանը, աշխարհայացքին, դիրքորոշումներին, վարքագծին:

Այլևս չկա այն Հայաստանը, որում ապրում էինք մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, չկա նաև այն Հայաստանը, որն ունեինք 2021, 2022 թվականներին: Յուրաքանչյուր փուլի հետ ավելի սեղմված պետությունը սեպտեմբերի 19-ից հետո այլևս ապրում է առանց Արցախի:

Այս փոփոխությունները, որոնց թվարկումն անգամ սարսափելի է, ձևավորել են միանգամայն նոր իրականություն, դրա արդյունքում առաջանալու է նոր արժեհամակարգ, հանրային ու սոցիալական հարաբերությունների նոր մոդելներ, քաղաքացիական, քաղաքական այլ պահանջներ ու ներգրավվածություն:

Այս նոր իրողություններով, նոր իրականությամբ հանդերձ՝ Հայաստանի առնվազն քաղաքական համակարգը դեռևս ապրում է նախկին կաղապարներով, նախկին կառուցակարգերով, նախկին գործիքակազմով, անցյալի իներցիայով, մի խոսքով: Սա առաջացրել է խզում, անդունդ՝ ստեղծված նոր իրականության և հին, նախկին մտածողության, նախկին վարքագծի, նախկին ռազմավարությունների ու մեթոդների միջև: Այդ անդունդը, համարժեք քայլերի բացակայության դեպքում, ժամանակի հետ ավելի է խորանալու՝ բազմապատիկ ավելի ցցուն դարձնելով արմատական փոխոխությունների կարիք ունեցող իրականության ու դրա փոփոխության միջոցների միջև խզումը։

Կարդացեք նաև

Այլ կերպ ասած, քաղաքական այն գործիքները (հանրահավաքներ, երթեր, հրաժարականների պահանջներ և այլն),  որոնցով կուսակցությունները, հանրային խմբերը փորձում էին խնդիրներ լուծել պայմանական հին Հայաստանում, այլևս ոչ միայն ուղղակի կենսունակ չեն կարող լինել, ինչպես չէին նախկինում, այլ անհամատեղելիության աստիճանի ոչ համարժեք են նոր իրողություններին, նոր իրականությանը, նոր աղետներին ու սպասվող մարտահրավերներին։

Դա չի նշանակում, թե պետք է մեխանիկորեն հրաժարվել նույն հանրահավաքներից կամ քաղաքական պայքարի այլ միջոցներից, պարզապես անհրաժեշտ է դրանք ու դրանց կիրառումն արժևորել ու գնահատել նոր իրողությունների համատեքստում, նոր խնդիրների ու նոր մարտահրավերների լուծման հրամայականով:    

Նույնը՝ լայն իմաստով, վերաբերում է նաև իշխանությանը, որը, սակայն, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական ու քաղաքական խմբերի՝ տիրապետելով հանրային ռեսուրսներին, գոնե առժամանակ կարողանում է նույն իներցիայով պահպանել սեփական գոյատևումը՝ թքած ունենալով, որ դա տեղի է ունենում պետության ու հասարակության անվտանգության ու կենսական շահերի հաշվին։

Ցանկացած նոր իրականություն՝ անկախ անգամ դրա դրական կամ բացասական լինելուց, պահանջում է մտածողության, աշխարհայացքի, ռազմավարությունների, ծրագրերի, անելիքի, ամենայնի ոչ թե ուղղակի, այլ ֆունդամենտալ փոփոխություն։ Բայց դա ամենևին չի նշանակում գործող դերակատարների մեխանիկական փոփոխություն, ինչպես ներկայացվում է հիմնականում իշխանական քարոզչության կողմից՝ որպես կանոն, գործող ընդդիմությանը կեղծ, վերահսկելի «նոր ընդդիմությամբ» փոխարինելու ծրագրի շրջանակներում:

Մտածողության ու մեթոդաբանության փոփոխություն կարող են, անգամ պարտավոր են ապահովել առաջին հերթին գործող քաղաքական դաշտի մասնակիցները, որոնք արդյունավետ, թե ոչ այնքան, դեռևս այսօրվա իշխանության՝ այս պահին տեսանելի հակակշռի դեր են կատարում:  Իրականում Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե, կամ ոչ միայն նոր դեմքեր, ինչպես ներկայացվում է մակերեսային քննարկումներում, այլ նոր մտածողություն, նոր տեսլականներ, նոր ծրագրեր, որոնց կրողները կարող են լինել բոլորը՝ անկախ քաղաքական դաշտում գործելու ժամանակագրությունից:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս