Ի՞նչ է ցանկանում Թեհրանը Երևանից․ տարածաշրջանային ուժերը միավորվում են ընդդեմ Արևմուտքի

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում իրանական կողմը լուրջ ուղերձներ է հղել ինչպես Երևանին, Բաքվին, այնպես էլ Անկարային։ Իրանական Mehr-ի փոխանցմամբ, Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ներդնել իր ավանդը կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում, քանի որ լարվածությունը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին։ Հայաստանի և Ադրբեջանի սահման դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամության մասին հայտնելով՝ Բաղերին ընդգծել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման թիկունքում չպետք է լինեն ագրեսիվ նպատակները կամ մտադրությունները։

«Տարածաշրջանում խաղաղությունը և հանդարտությունն են համապատասխանում բոլոր երկրների շահերին, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է խաղաղությանը»,- նշել է նա։ Անդրադառնալով Հայաստանում վերջերս տեղի ունեցած ԱՄՆ զորավարժություններին՝ գեներալ Բաղերին հայտնել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կհրահրի։

Իրանական մեկ այլ պետական լրատվամիջոց՝ ԻՌՆԱ-ն, հայտնում է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Թեհրանում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. սա է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը:

Կարդացեք նաև

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին նշել է, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի շահերին։ Իրանի՝ քաղաքական հարցերով փոխնախագահը հավելել է, որ Ռաիսին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ երկու առանձին հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ ««Զանգեզուրի միջանցքը հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»։

Իրանական Nour News հրատարակությունը, հղում անելով Թեհրանի դիվանագիտական ​​աղբյուրներին, նշում է, որ «Իրանը, ինչպես Թուրքիան և Ռուսաստանը, Արևմուտքի հայտնվելը Հարավային Կովկասում դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք իրենց ազգային շահերին»։

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրություններում այս առաջարկների ու կարևոր շեշտադրումների մասին որևէ խոսք չկար, տարածվել էին մի քանի հակիրճ հաղորդագրություններ։

Սրա հետ մեկտեղ՝ նախօրեին իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին՝ գրեց․ «Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են համատեղ զորավարժություն անցկացնել, ինչի կապակցությամբ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել»։

Մի շարք գնահատականների համաձայն, Խալաֆովի Իրան կատարած այցի ժամանակ ռեգիոնալ զարգացումների հարցի շուրջ փոխըմբռնում է ձեռք բերվել, քննարկվել տարածաշրջանային կապուղիների հարցերը, և կրկին այդ գնահատականների համաձայն՝ Ադրբեջանը տրամադրված է Իրանի հետ հարաբերություններում ոչ թե գնալ առճակատման, այլ սերտ համագործակցության ճանապարհով։

Հարկ է նշել, որ այս զարգացումները՝ իրանա-ադրբեջանական, հայ-իրանական բանակցությունները, տեղի են ունենում Եվրոպական Քաղաքական համայնքի հարթակում Գրանադայում հնգակողմ բանակցություններից Ալիևի հրաժարվելուն զուգահեռ։

Ըստ որոշ կասկածների՝ Ալիևը գուցե վերադառնա ռուսական փաստաթղթերին և դրա 9-րդ կետին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցն իր համար լուծելու նպատակով, կամ որոշի լուծել այդ հարցն Իրանի տարածքով, ինչպես առաջարկում էր վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Ինչպես հայտնի է, այսօր իսպանական Գրանադայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ պետք է կայանար դեռ ամռանը համաձայնեցված հերթական Փաշինյան-Ալիև հանդիպումը, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բանակցությունների նպատակով, որը Ալիևը չեղարկեց նախօրեին։

Ըստ որոշ գնահատականների, այս բանակցությունների չեղարկումը բխում էր կազմակերպող երկրների շահերից, քանի որ այն համաձայնեցվել էր լիովին այլ իրավիճակում, իսկ ամռանից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, և գլխավորը՝ 100 հազարից ավելի արցախահայության բռնի տեղահանությունն Արցախից։ Մասնավորապես խոսվում է, որ ամենևին պատահական չէր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի անակնկալ այցը ՀՀ այս բանակցություններից առաջ, նույնպես պատահական չէին նաև հնչեցված ուղերձները, և պետք է, որ կանխատեսելի լինեին, որ ոչ չեզոք Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցություններից Ալիևը հրաժարվելու է՝ առաջ քաշելով դրանց Թուրքիայի մասնակցության հարցը։ Ավելին, գերմանական մամուլի փոխանցմամբ, Կոլոնան այցը ՀՀ ցանկացել է կազմակերպել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ, սակայն գերմանական կողմը դրանից հրաժարվել է։

Թեև հայտնի դարձավ նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Շոլցը նաև բարձր է գնահատել Հայաստանում խայտառակ որակված ՄԱԿ առաքելությունն Արցախում՝ այն որակելով դրական քայլ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իրադարձությունների այն ընթացքը, երբ կթուլանա բանակցությունների եվրոպական հարթակը, և առաջին պլան կգա ռեգիոնալ համագործակցությունը՝ բխում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաև ՀՀ շահերից, թեև ՀՀ իշխանությունները ձգտելու են գործընթացը պահել Արևմուտքում, որն առանց Իլհամ Ալիևի չեն կարողանա անել։

«Ռուսաստանն օբյեկտիվորեն չի ցանկանում «նեղացնել» Ադրբեջանին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց վատ փուլում են, ուստի ՌԴ շահերից է բխում, որ Իրանը հանդես գա՝ որպես ակտիվ խաղացող և որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, որը կարող է տեղում կոնկրետ երաշխիքներ ձևավորող լուծումների գնալ ՀՀ-ի համար, Հայաստանի նկատմամբ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ազդեցությունն այս փուլում կթուլացնի, սրա հետ մեկտեղ՝ Իրանը բարելավում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ընթանալ ռուսական միջնորդությամբ։

Ուշադրություն հրավիրեմ նաև այն հանգամանքի վրա, որ Իլհամ Ալիևը ցանկացել է, որպեսզի բանակցություններին միանա Թուրքիան։ Ինչպես երևում է, հաջորդ բանակցային գործընթացը չի լինելու հնգակողմ ձևաչափով, և ներկայումս ընթանալու են բանակցություններ միայն Միշելի կամ ՌԴ-ի միջնորդությամբ։

Չի բացառվում, որ երկարաձգվի նոր ձևաչափի փնտրտուքը։ Այնուամենայնիվ նկատելի է, որ Ալիևն Արևմուտքից ցանկանում է վերադառնալ տարածաշրջան, որտեղ կարող է ակտիվանալ 3+3 ձևաչափը, որը բխում է Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերից, հատկապես, երբ նրանց որևէ մեկի շահերից չի բխում Արևմուտքի ամրապնդումը ՀՀ-ում»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, առաջիկայում անորոշությունը կպահպանվի բանակցային գործընթացի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս