Հայկական գողգոթան՝ առանց Արցախի, հանուն Արցախի
Արցախում տեղի ունեցած ողբերգությունը հավաքական հայկականությանը, Հայաստանին, հայկական պետականությանը հասցրել է անչափելի վնասներ:
Անհատական մակարդակում անձնական ցավի, տառապանքի ձևով արտահայտվող այդ աղետը հավաքական, համազգային հարթությունում հայկական պետականությանը զրկել է առաջին հերթին իմաստից:
Արցախը, Արցախի հարցը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել է նորանկախ Հայաստանի կազմավորման առանցքային իմաստը, այն շաղախը, որը կապակցել է պետության ու պետականության մնացած բոլոր առաջնային ու ածանցյալ իմաստները: Այսօր, ահա, մենք զրկվել ենք հայկական պետականության հիմնարար իմաստից, որը գուցե դեռևս չենք գիտակցում համընդհանուր ցավի ճնշող մթնոլորտում: Բայց համազգային իմաստի դատարկված տեղը գիտակցվելու է ու կախված գիտակցման համարժեքությունից ու լրջությունից՝ լցվելու է կա՛մ ստեղծարար մտքով ու իմաստնությամբ, կա՛մ ավելի ընկճող ու կազմալուծող բացասականությամբ: Հետևաբար, բոլոր այն մարդիկ, մտավորականները, անհատները, ակտիվ խմբերը, քաղաքացիական ու քաղաքական միավորները, որոնց նպատակը ոչ թե ստեղծված ողբերգությունից անձնական դիվիդենտներ քաղելն է, այլ վիրավոր հասարակության ու պետության ամոքումն ու գոյաբանական մարտահրավերների հաղթահարումը, պետք է անեն առավելագույնը՝ այդ իմաստային դատարկությունը համարժեք ու խելամիտ բովանդակությամբ լցնելու համար:
Արցախը հայաթափվել է, բայց Արցախի հայկականությունը չի դադարել:
Կարևոր է, որ ոչ ոք չդադարի նաև այս մասին մտածել, ինչպես օրեր առաջ հայտարարեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով. «Հայկական Արցախի էջն ինձ համար երբեք փակված չի լինելու»։
Այս պահին հայկական Արցախը մնացել է առանց հայերի, բայց արցախահայերի ու արցախահողի փոխադարձ պատկանելությունը չի ավարտվել: Մարդիկ հեռացել են՝ Արցախը իրենց սրտում, մտքում ու հոգիներում, իրենց հետ Հայաստան բերելով աննյութեղեն Արցախը, որը վերնախավային ճիշտ աշխատանքի դեպքում կարող է կապիտալիզացվել ու ստանալ ներքին ու արտաքին քաղաքական ձևակերպումներ:
Ակնհայտ է, որ Արցախի հարցը երկար, շատ երկար ժամանակ լինելու է հայկական հանրային-քաղաքական օրակարգի անբաժանելի, իսկ ավելի հավանական է՝ առաջնային հարցը, քանի որ այն հայկական ինքնության անքակտելի մասն է: Բայց չափազանց կարևոր է, որպեսզի Արցախի հարցի արդեն նորովի քաղաքական արծարծումը զերծ լինի՝ ինչպես ներքաղաքական ճղճիմ հռետորաբանությունից, այնպես էլ՝ արտաքին քաղաքական խաղացողների հետ առևտրի առարկա ու դրա միջոցով իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու հեռանկարից:
Հայկական ինքնության, պետականության իմաստային վակուումն իրական բովանդակությամբ լցնելը պահանջում է ոսկերչական ճշգրտության աշխատանք, որը կբացառի այդ դատարկությունը՝ մի կողմից հառաչանքով, ողբով ու զոհի անօգնականությամբ լցնելու վտանգը, մյուս կողմից՝ դրա փոխարեն առավելապաշտություն, անիրական հավակնություններ, մեծամոլություն ներարկելը: Դա բարդ, չափազանց բարդ աշխատանք է՝ ոչ միայն անելիքի իմաստով, այլ նաև այն պատճառով, որ հասարակությունը, այդ թվում ու հատկապես՝ արդեն Հայաստանում գտնվող արցախահայերը շատ հուզական, խոցելի հոգեվիճակում են և դրա բերումով կարող են հեշտորեն ենթարկվել երազկոտ, թվացյալ հաղթական, բայց դրանով իսկ վտանգավոր ու կործանարար խոստումների, հռչակումների ու կոչերի:
Ավելի քան երեսուն տարի մեր հավաքական տեսլականի հիմքում Արցախն էր, մեր ռազմավարություններն ու ծրագրերը, թեկուզև ոչ այնքան արդյունավետ, թեկուզև թերություններով, հիմնված էին այդ թվում ու առաջին հերթին՝ Արցախի վրա: Այսօր մենք ունենք այդ ջախջախված տեսլականը նորոգելու, ոչ թե ուղղակի նորոգելու, այլ վերստեղծելու համազգային հրամայական, և դա պետք է արվի այնպես, որ մի կողմից՝ հաշվի առնվեն անցյալի ճակատագրական սխալները, մյուս կողմից՝ բացառվեն նոր դեպի երաշխավորված կորուստներ տանող արկածախնդրությունները:
Իմաստային դատարկությունը լցնելու համար պահանջվում են դրանք արտահայտողներ, արտահայտելուց առաջ՝ մտածողներ, մտածելուց առաջ՝ զգացողներ… Մեր իմաստային համակարգը, ի թիվս բազմաթիվ գործոնների, ջախջախվել է նաև այն պատճառով, որ մենք թույլ ենք տվել նաև ոչ թե կենացային, այլ իրական իմաստներ արտահայտող իրական հեղինակությունների վարկաբեկումն ու արժեզրկումը: Հետևաբար՝ իմաստաստեղծ աշխատանքը, առանց որի դժվար է պատկերացնել հայկական ինքնության ու պետականության վերածնունդը, պետք է ներառի, իսկ գուցե սկսվի հենց հեղինակությունների, իրական հեղինակությունների վերագտնումից:
Հարություն Ավետիսյան