Սարգիս Գալստյանն ու կինը մնացել են Ստեփանակերտում. գիտեմ նաև այլ մարդկանց, որոնք մնացին. Ստեփանակերտի քաղաքապետ

Արցախից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված հազարավոր արցախահայեր դեռևս հիմնական կացարան չեն գտել։ Նույնիսկ Հայաստանում Արցախի տարբեր համայնքապետեր, գյուղապետեր ու քաղաքապետեր են փորձում խնդիրները կարգավորել՝ հնարավորություների սահմաններում պետական այս կամ այն մարմիններին դիմելով։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այս պահին վարձով ժամանակավոր բնակարան է գտել Երևանում։ Նա 168.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձում է կապ պահել Ստեփանակերտի բոլոր բնակիչների հետ՝ հասկանալու համար՝ ով որտեղ է գտնվում։

«Ստեփանակերտի բնակիչները ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում են։ Հիմա ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբում առանձին սենյակ ենք վերցրել, մեր բոլոր աշխատողներին հավաքում ենք իրար գլխի, որ հասկանանք՝ մեր բնակիչներից ով որտեղ է գտնվում։ Ես միայն Ստեփանակերտի բնակիչներով եմ զբաղվում, քանի որ Արցախի յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր համայնքի բնակիչների ճակատագրով հետաքրքրվում է։ Հազարավոր բնակիչներ այս պահին ՀՀ-ում իրենց բարեկամի կամ ծանոթի տանն են ժամանակավոր ապրում»,- շեշտեց Ստեփանակերտի քաղաքապետը։

Խոսելով շրջանառվող լուրերի մասին, թե Ադրբեջանն արդեն Ստեփանակերտում պարետ է նշանակել Սարգիս Գալստյանին, Դավիթ Սարգսյանն ասաց.

Կարդացեք նաև

«Անձամբ ես իր հետ չեմ խոսել՝ նշանակե՞լ են իրեն պարետ, թե՞ ոչ, սակայն նման տվյալների հանդիպել եմ, որ ինքն ու կինը մնացել են Ստեփանակերտում, բայց թե պարետ է նշանակվել կամ մնալու է այնտեղ, որպես հայ համայնքի ներկայացուցիչ՝ չեմ կարող ասել։ Բայց վստահաբար ինքն ու կինը մնացել են Ստեփանակերտում։

Ինքս 13 հոգի գիտեմ, որ մնացին Արցախում՝ Ստեփանակերտում։ Մի քանի հոգու համացանցում տեսա, թե իբր գնացել-դիմել են ադրբեջանցիներին, որպեսզի ադրբեջանական անձնագիր վերցնեն, բայց անձամբ այդ մարդկանց հետ չեմ խոսել, հասկանամ՝ ինչ պայմաններում են դիմել»,- հավելեց Դավիթ Սարգսյանը։

Թե ինչպե՞ս է պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը, Ստեփանակերտի քաղաքապետը պատասխանեց, որ առայժմ որևէ կերպ հանգուցալուծումը չի տեսնում։

«Հստակ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտենք, թե վաղը-մյուս օրն ինչ է սպասվելու, եթե վերադարձ լինի Արցախ, չգիտեմ՝ ինչ պայմաններում է լինելու, վերադառնան ու ադրբեջանական անձնագրեր ստանա՞ն, թե՞ ինչպես, չեմ կարող ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս