Հայրենազրկված 18-ամյա արցախցուն արգելում են տեսակցել մոր հետ.  դատախազության մեկնաբանությունը գրվել է արհեստական բանականությա՞ն, թե՞ դահիճի կողմից. փաստաբանի արձագանքը

Սեպտեմբերի 27-ին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում կալանավորված 18-ամյա Մարատ Հակոբյանի՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հասել է Հայաստան:

Հիշեցնենք՝ Մարատ Հակոբյանն այն պատանին էր, ով իր ձերբակալման, ապա կալանավորման պահին Արցախում գտնվող իր հորից առհասարակ տեղեկություն չուներ, իսկ մայրն ու ընտանիքի մյուս անդամները դեռ չէին հասել Հայաստան:

«Մարատը 18-ամյա արցախցի տղան է, ում այս իշխանությունը կալանքի տակ է պահում։ Մարատը ճիշտ գիտեր։ Մայրը շատ ծանր է տանում որդու կալանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ շուրջ մեկ տարի լինելով շրջափակման մեջ՝ որդուն չի տեսել։ Նա Երևան էր գալիս՝ որդուն գրկելու մեծ սպասումով։ Մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք, քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։ Միջնորդել եմ Մարատի վարույթը հսկող դատախազին, որպեսզի թույլ տա գոնե մայրը տեսակցի որդուն։ Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի դատախազությունը»,- գրել էր Արսեն Բաբայանը:

Երեկ փաստաբանը գրել էր, որ իր դիմումից արդեն 5 օր է անցել, սակայն «5 օր է անցել արդեն, սակայն դատախազությունը 18-ամյա արցախցի Մարատի մորը թույլ չի տալիս գրկել իր որդուն: Միջնորդությունիցս անցավ 5 օր, բայց դատախազությունը շարունակում է կատարել դահիճի ֆունկցիան»:

Կարդացեք նաև

168.am-ը նույնպես հարցում էր կատարել Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար՝ ո՞րն է դատախազության դիրքորոշումը քրեական վարույթով մեղադրյալ Մարատ Հակոբյանի հաղորդակցությունը (տեսակցությունը) ծնողների հետ թույլատրելու փաստաբանի՝ Արսեն Բաբայանի ներկայացրած միջնորդության առնչությամբ:

«Քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հսկող դատախազին վերապահվում է խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու իրավասություն, այլ ոչ թե խափանման միջոցի հետ միաժամանակ կիրառված, խափանման միջոց չհանդիսացող, այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը վերացնելու իրավասություն: Հետևաբար, այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցը կարող է քննարկվել վերաքննիչ բողոքի քննության արդյունքում»,- գրված էր Գլխավոր դատախազությունից ստացված պատասխանի մեջ:

Այլ կերպ ասած՝ Գլխավոր դատախազությունն ասում է՝ դատախազը կարող է, իհարկե, խափանման միջոց փոխել, բայց կոնկրետ այս դեպքում դատավոր Կարեն Ֆարխոյանը տեսակցություն չթույլատրելու պայման է դրել, իսկ պայմանի մասով դատախազը որևէ լիազորություն չունի: Այսինքն՝ դատախազը կարող է խափանման միջոցը փոխել կամ վերացնել, բայց ոչ պայմանը:

Այսինքն՝ բավական չէ, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը հայրենազրկված 18-ամյա արցախցու համար խափանման միջոցների բազմազանության մեջ ընտրել էր ծայրահեղ միջոցը՝ կալանավորումը, դեռ մի բան էլ լրացուցիչ պայման է դրել տեսակցությունների արգելքի վերաբերյալ՝ շատ լավ իմանալով, որ 9 ամսից ավելի պաշարման մեջ գտնվող, քաղցած ամիսներ անցկացրած, 9 ամսից ավելի որդուն չտեսած մոր առաջին ցանկությունը իր զավակին գրկելը պետք է լիներ:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը ըստ էության պատժել է ոչ միայն որդուն, այլև մորը: Մնում է միայն պարզել՝ ինչ «личная неприязнь» է դատավոր Ֆարխոյանին մղում նման որոշումների կայացմանը:

168.am-ի հետ զրույցում Մարատ Հակոբյանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց՝ դեռ չի ստացել իր միջնորդության պատասխանը:

«Ես դեռևս չեմ ստացել որոշումը։ Սակայն Ձեր կողմից ներկայացրած դատախազության մեկնաբանությանը ծանոթանալուց տպավորություն ստացա, որ այն գրվել է արհեստական բանականության կամ դահիճի կողմից։ Բացատրեմ, թե որն է տպավորությանս պատճառը։ Արհեստական ինտելեկտը որքան էլ վերլուծական ընդունակություններ ունի, սակայն իրավունքի էության ու բովանդակության, սկզբունքների և տեսության համադրված վերլուծություն չի կարող կատարել։ Այո, արհեստական ինտելեկտը կարող է կարդալ օրենքը, չգտնել որևէ բառ և պնդել, թե դատախազն իրավունք չունի խափանման միջոցի պայմանի փոփոխություն անել։ Եվ սա նորմալ է, որ արհեստական ինտելեկտը գա այդ եզրահանգման, քանի որ այն հնարավոր է՝ կարդա, բայց չհասկանա, թե ինչ է նշանակում Սահմանադրությամբ նախատեսված «Մարդը բարձրագույն արժեք է» կանոնը։ Կամ կարդալ ու չհասկանալ Սահմանադրությամբ ամրագրված «Մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»: Ավելին, արհեստական բանականությունը, հավանաբար, չի կարող վերլուծել իրավունքի էությունը և հասկանալ մի կարևոր բան, որ դատախազը, եթե կարող է անգամ վերացնել խափանման միջոցը, այսինքն՝ նույնիսկ ամբողջությամբ կալանքից ազատել, ապա կարող է փոփոխել նաև խափանման միջոցի պայմանը, քանի որ այդ պայմանն առանց խափանման միջոցի գոյություն ունենալ չի կարող, և այդ պայմանը հենց խափանման միջոցի ամբողջության մեջ է, թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ պայմանը նույնպես անձի իրավունքի սահմանափակում է նախատեսում։ Այո, նորմալ է, որ արհեստական բանականությունը չհասկանա, որ հնարավոր է օրենքն ուղիղ սահմանած չլինի դատախազի որևէ ֆունկցիա, սակայն դատախազն իրավասու լինի դա անել, քանի որ իրավունքի էությունը, բովանդակությունը ամեն ինտելեկտի հասկանալուն տրված չէ»,- ասաց Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ նախաքննության մարմինն է պահանջել դատարանից, որպեսզի արգելվի Մարատ Հակոբյանի հաղորդակցությունը նաև ընտանիքի անդամների հետ:

Վերջինս հավելեց նաև, որ բազմաթիվ են գործերը, երբ դատախազներն ընդունել են ինքնուրույն որոշումներ և վերացրել են կալանքում գտնվող մեղադրյալի հաղորդակցման արգելքը։

«Այդ դեպքում եկեք դատախազի ֆունկցիան վերապահենք արհեստական ինտելեկտին և փակենք այդ կառույցը: Հիմա ավելի ազնիվ կլիներ, եթե ուղիղ ասեին, որ Մարատ Հակոբյանի կալանքով նրանք պատժում են և Մարատին, և նրա ընտանիքի անդամներին։ Ինչ վերաբերում է դահիճին, ապա դահիճը հրաշալի գիտի այս ամենը, պարզապես իր ֆունկցիան հրամանով դաժանություն կատարելն է»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս