«Քո շրջանառությունը ռուսական տնտեսական երակով է գնում, որ պահին ուզի՝ կսեղմի». Էմիլ Ստեփանյան

Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատար, 2 շաբաթ է՝ կանգնած է Լարսում: Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, նաև իրականացվում են փորձաքննություններ:

Այս պարզաբանումը, սակայն, իրավիճակով մտահոգ տարբեր շրջանակներ կասկածի տակ են դնում. կարծում են, որ սա Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականություն է՝ քաղաքական պրոցեսներով պայմանավորված:

«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ հիշեցրեց, որ ոգելից խմիչքների ներմուծման կարգն է փոխվել, որով պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվի:

«Նոր կարգը գարնանից կա: Իրականում սա շատ է բարդացնում, բայց եկեք նայենք այլ տեսանկյունից. այն, որ մենք անորակ արտադրանք տալու խնդիր ունենք, դա կա: Այս ստուգումը՝ լավ բարեխիղճ արտահանողների, արտադրողների համար: Եթե ռուսները դա չանեին, ինձ թվում է՝ ՀՀ-ն պետք է այդ նույն ստուգումն իրականացներ, նոր թույլատրեր արտահանում:

Կարդացեք նաև

Տարիներ շարունակ հայկական կոնյակի անունը պղտորել են անբարեխեղիճ արտադրողները, որոնք իրենց շահի համար ստորադասել են պետական շահը: Նույնը գինուն, պանիրին, ամեն ինչին է վերաբերում»,- մանրամասնեց նա:

Հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը, անդրադառնալով ՌԴ չհայտարարված պատժամիջոցների մասին ահազանգերին, նկատեց, որ կոնյակների արտահանման այս իրավիճակում օբյեկտիվ չէ այդ մասին խոսելը, բայց դա չի նշանակում, որ նման իրականության չենք բախվելու:

«Մենք նման ենք մի վարորդի, որը միշտ էլ խախտում անում է, ու պետավտոտեսուչը ուզում է՝ կանգնեցնում է, չի ուզում՝ չի կանգնեցնում:

Եթե նույնիսկ ԱՄՆ-ը լիներ՝ ՌԴ-ն չլիներ. կա անթույլատրելի 80 տոկոս կախվածություն, ինչը, բնականաբար, ճնշման լծակ է: Քո արյան շրջանառությունը ռուսական տնտեսական երակով է գնում, որ պահին ուզենա՝ կսեղմի: Իսկ ինչի՞ չպետք է սեղմի. մենք ասենք՝ ՌԴ, դու էստեղ գործ չունես, ինքն ասի՝ համեցեք, առևտուր արեք: Ուրիշ բան, որ դա մահացու չէ:

Ուղղակի մենք չունենք այն պետական կառավարումը, որն օպերատիվ կօգներ արտադրողներին, կարողանար կապեր ստեղծել նոր շուկաների հետ: Նույնիսկ դոլարը արժևորվեց, մատը մատին չտվեց մեր կառավարությունը, երբ արտահանողների կեսը բառիս բուն իմաստով կործանվեցին:

Իսկ այն, որ վաղը-մյուս օրը ՌԴ-ն մեզ ցավեցնելու է, մի՛ կասկածեք»,- հավելեց նա՝ նկատելով, որ պետք է պահել ռուսական շուկան, բայց չմոռանալ արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի մասին:

Թե ո՞ր շուկաները պետք է դիտարկել որպես այլընտրանք, հարցադրմանն ի պատասխան՝ Էմիլ Ստեփանյանը նշեց. «Կոնյակի համար չէ, իհարկե, բայց մնացած բոլոր շուկաների համար՝ Վրաստանը: Վրաստանն ամենամեծ ներուժով, բայց ամենավատ ուսումնասիրված շուկան է: 3.5 միլիոնանոց շուկա է, բայց լրիվ լիբերալ է»:

Տեսանյութեր

Լրահոս