Երբ հայ ուսուցչի համար Հայրենիք ու պետականություն ունենալու համար պայքարը քաղաքականությամբ զբաղվել է նշանակում. Խորենացու հրամայականը
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմից ընդամենը 5 օր առաջ ուսուցիչները կառավարության շենքի մոտ պայքարում էին իրենց իրավունքների համար: Սպառնում էին դասադուլ անել, բողոքում էին նոր կրթական չափորոշիչների դեմ, բարձրագոչ հայտարարություններ անում, որ դրանով նվազեցվում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դերն ու նշանակությունը, հընթացս շեշտում, որ իրենց վարձատրությունն է նաև նվազել, որ հաստիքներ են կրճատվել, շատերը մնացել են անգործ, և, որ միֆ է կառավարության այն մանիպուլյացիան, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ են ստանում կամ կարող են ստանալ:
Նախաձեռնող խումբ կար. անգամ ֆեյսբուքյան էջ ունեին, նաև համակարգող՝ Շողիկ Բաբայան, հետագա բողոքի ակցիաների ժամանակացույց էին ներկայացնում, ներկաներին կոչ անում մատյաններ չլրացնել:
Այդ օրվա ակցիան միակը չէր. շարունակությունն էր դրանից առաջ ԿԳՄՍՆ մոտ տեղի ունեցած ակցիաների: Նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպումը չէր գոհացրել, եկել էին իրենց պատասխանները Նիկոլ Փաշինյանից ստանալու համար: Պայմանավորվեցին հանդիպման օր նշանակել:
Թե ինչ եղավ հետո, արդեն անգամ հետաքրքիր էլ չէ համազգային այս ողբերգության ֆոնին:
Արցախը վերջնականապես հանձնվեց մեկ օրում, և արցախցիները բռնի տեղահանվեցին տառացիորեն մի քանի օրերի ընթացքում, շատերը՝ մազապուրծ, հասցնելով փրկել իրենց ու իրենց երեխաների կյանքերը միայն, չկարողանալով որևէ բան բերել տասնամյակներով արած-դրած իրենց տներից:
Հանձնվեց Գանձասարը, ուր թուրքի ոտք չէր մտել մինչ այս: Հանձնվեց Ամարասը, որտեղ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը բացել էր հայ առաջին դպրոցը… Եվ ուսուցիչները լուռ էին, լուռ կուլ տվեցին իրենց բաժին դառնությունը ու մտան դասարաններ՝ հերթական անգամ աշակերտներին հայրենասիրության տրաֆարետային դասեր տալու:
Ուսուցիչները ո՛չ տարերայնորեն, և ո՛չ էլ համակարգված դուրս չեկան փողոց, իրենց ընդվզումը չհայտնեցին գործող իշխանությունների՝ Արցախը թշնամու երախում թողնելու որոշման վերաբերյալ, «Հայ ուսուցիչների» փակ խմբում կոչեր չեղան համախմբվելու, ինչ-որ բանի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու մասին. լուռ համակերպվեցին իրողությունների հետ: Այնտեղ սոսկ հայտարարություններ են արցախցի ուսուցիչներին աշխատանքով ապահովելու վերաբերալ:
Հիմա ուսուցիչները քաղաքականությամբ չեն զբաղվում, և իրենց գործը սերունդ կրթելն է: Բայց այ, օրինակ, 2018թ., երբ Նիկոլ Փաշինյանին պետք էր իշխանության բերել, ուսուցիչները բավականին ակտիվորեն մասնակցում էին ցույցերին և դասադուլներին, իսկ հետագայում ԿԳՄՍՆ-ն էլ այդտեղ խնդիր չէր տեսել: Եվ դա հիմնավորում էին տարատեսակ իրավապաշտպան կառույցների զեկույցներով:
Այս օրերին շատ հաճախ է դիսկուրս ծավալվում այն մասին, թե ինչու և ինչպես հասանք հայրենազրկման, և ինչու ու ինչպես Ադրբեջանը հաջողեց:
Հարցը թերևս մասնագիտական խորքային վերլուծության դաշտում է, բայց երբ ունես իներտ ուսուցիչներ, որոնց քաղաքացիական գիտակցությունն արթնանում է սոսկ այն ժամանակ, երբ կպչում ես նրանց գրպանին, շատ բան հասկանալի է դառնում:
Երեկ Արցախը լքեցին վերջին կամ գրեթե վերջին 15 հայերը, իսկ այսօր արդեն հայ ուսուցիչները կրկին դասարան կմտնեն ու կխոսեն մեր հազարամյա պատմության, գրականության, Ավարայրի ճակատամարտի, Հայոց ցեղասպանության, մեր երկրին պատուհասած այլ ողբերգական էջերի մասին ու դրան կավելացնեն հայկական Արցախի՝ առնվազն տասնամյակների համար փակված էջը:
Վաղը վտանգը պատուհասելու է Սյունիքին, 2 տարուց ավելի թշնամին օկուպացրել է Հայաստանի տարածքները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, դատարկվում են բնակավայրեր, բայց հայ ուսուցիչը քաղաքականությամբ չի զբաղվում, որովհետև հայ ուսուցչի համար Հայրենիք ու պետականություն ունենալու համար պայքարը քաղաքականությամբ զբաղվել է նշանակում: Սա իրականում ողբերգություն է:
Կարդացեք Խորենացի…